Տեղի ունեցավ Ֆրանսիացի հայտնի քաղաքագետ Ֆրեդերիկ Անսելի «Ուժի ուղիները» գրքի հեռուստաշնորհանդես (տեսանյութ)

January 24, 2024

Newmag հրատարակչությունն ու Ամունդի Ակբան ներկայացրել են ֆրանսիացի հայտնի գեոպոլիտիկ Ֆրեդերիկ Անսելի «Ուժի ուղիները» քաղաքագիտական աշխատությունը։ Ֆրանսիացի հայտնի հեղինակը գրքի հայերեն հրատարակության առիթով եկել է Հայաստան։

Newmag hրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը կարծում է, որ այս գիրքը պետք է նախ և առաջ կարդան հայաստանյան քաղաքագետները, քաղաքական, կուսակցական գործիչները, ընդդիմությունը, ուսանողները, որովհետև գրքում ներկայացվում են ոչ թե խոհեր, կարծիքներ, այլ տեսակետներ, դիրքորոշումներ, միջազգային անկողմնակալ հետազոտություններ, որոնց վրա էլ հենվում է Անսելը. «Շատ հետաքրքիր աշխարհաքաղաքական վերլուծությունների, տեսությունների համադրություն է, մեր տարածաշրջանի մասին շատ հետաքրքիր տվյալներ կան։ Հեղինակը ներկայացնում է, թե ժամանակակից աշխարհում ուժի կենտրոններն ինչպես են ձևավորվում։ Երբ կարդում ենք այս աշխատությունը, տեսնում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը, Ադրբեջանի հետ հակամարտությունը միակը չեն, նման բազմաթիվ հակամարտություններ կան, բայց մենք տեսնում ենք, թե եվրոպական միտքն այս մասին ինչ է մտածում, ինչ տեսակետ ունի։ Հայ֊ադրբեջանական հակամարտության մասին Ֆրեդերիկ Անսելի հայացքով ընթերցելիս, տեսնում ենք, թե Հայաստանի իշխանությունները, ինչ բացթողումներ են արել։ Եզրահանգումն այն է, որ առաջիկա երեսուն տարում պետք է անել այն, ինչ չի արվել նախորդ երեսուն տարիներին»։

Ֆրեդերիկ Անսելն, ըստ Գնել Նալբանդյանի, փիլիսոփյական միտք ունի, տեքստն այնպես է կազմում, որ միախառնվում են պատմական, քաղաքագիտական, փիլիսոփայական հենքը, ինչը շատ լավ մարզանք է ուղեղի համար։ Լրագրող, միջազգայնագետ Անի Ավետյանն էլ համոզված է, որ գիրքը կօգնի նաև ծանոթանալ համաշխարհային պատմությանը. «Գիրքն ուշագրավ է, քանի որ Հայաստանն ու արցախյան հակամարտությունը ոչ թե առանձին գլխով են ներկայացված, տարբեր ասպեկտներով  ու տարբեր գլուխներում։ Գրքի սկզբից, մինչև վերջ, ինչ֊որ դրվագներում, էջերում պարբերաբար և հաճախ  կգտնեք հայկական թեման։ Ինչո՞ւ է սա հետաքրքիր, քանի որ հնարավորություն ունենք հասկանալու Հայաստանի տեղը մեծ քաղաքականության, աշխարհաքաղաքականության մեջ։ Այսինքն՝ այս գրքի շնորհիվ մեզ ոչ թե տեսնում ենք կաղապարի մեջ, այլ որպես ընդհանուր աշխարհի մաս»։  

Անի Ավետյանը Անսելի գրքի մյուս գլխավոր առանձնահատկությունն այն է համարում, որ Անսելը մանրամասն անդրադարձել է Մեղրիին, Զանգեզուրի միջանցքին.«Անսելը գրում է, որ Հայաստանին սպառնացող գլխավոր թուրք-ադրբեջանական վտանգը Մեղրին է։ Հայաստանի ուժի գլխավոր գործոնը Մեղրին է։ Եվ այս տարվա սկզբին մենք տեսանք, որ Ալիևն ուղիղ տեսքով ասաց, որ իրենց պահանջած միջանցքը պետք է անցնի Մեղրիով»։  

Newmag հրատարակչությունը գիրքը ներկայացնում է Ամունդի Ակբա ընկերության հետ։ Ընկերության գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը պատմեց, որ հրատարակչության հետ համագործակցում են տարբեր նախագծերով, որոնցից մեկը Շառլ Ազնավուրի գրքերը հայերեն հրատարակությունն է։ Ֆրեդերիկ Անսելին թարգմանելու նպատակներից մեկն էլ տնտեսական մեծ համաժողովն է, որը կազմակերպել է Ամունդի Ակբան։ Անսելն այդ համաժողովին նույնպես կմասնակցի.

«Ֆրեդերիկ Անսելը շատ հեղինակավոր մասնագետ է, քաղաքագետ ու գեպոլիտիկ։ Նրա գիրքը շատ օգտակար է Հայաստանի համար։ Անսելն իր աշխատությամբ  կարող է բացատրել, թե ինչպես առաջ գնանք, ինչ ուժ պետք է ունենանք, որ կերտենք ապագան։ Մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանում նաև անցկացվեն լուրջ մասնագիտական ֆորումներ, այդ պատճառով կազմակերպեցինք տնտեսական մեծ ֆորում, որին կմասնակցի նաև Ֆրեդերիկ Անսելը։ Ֆորումը երեք տարբեր մասերից է բաղկացած, տնտեսական հատված կա, որտեղ ներկայացնելու ենք, թե աշխարհում ու Հայաստանում, ինչ ֆինանսական, տնտեսական խնդիրներ կան։ Մյուս գլխավոր շեշտը աշխարհաքաղաքականությունն է, որի համար հրավիրել ենք ֆրեդերիկ Անսելին։ Նա կխոսի, թե ինչպես ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը կարող է ազդել Հայաստանի տնտեսության վրա»։  

Ֆրեդերիկ Անսելն իր «Ուժի ուղիները» գրքի հայերեն հրատարակության առիթով Հայաստանում է։ Հեղինակը պատմում է, որ գիրքը գրել է երկու տարի առաջ, վեց ամսում, մեկ շնչով։ Անսելն ասում է, որ գիրքը գրել է Արցախը կորցնելուց առաջ, բայց այդ ռիսկը տեսնում էր նաև այն ժամանակ։ Պատճառներից մեկն Ադրբեջանի ռազմական առավելությունն էր, նաև Ռուսաստանի դիրքորոշումը։ Հեղինակը վստահ է, որ մեծ դեր ունեցավ նաև Հայաստանի տնտեսական, ժողովրդագրական վիճակը. «Հայաստանն ունի շատ խնդիրներ, այսպես ասած, թերություններ, դրանցից մեկն այն է, որ դեպի ծով ելք չունի, չունի վստահելի դաշնակից, չունի նաև բնական ռեսուրսներ, ինչպես նավթը, բայց ունի մի շատ կարևոր դրական գործոն, դա հենց Մեղրին է, Զանգեզուրի նեղ միջանցքը Իրանի հետ։ Իրանը Ռուսաստանի հետ է կապվում այդ փոքրիկ միջանցքըով ինչը շատ կարևոր է. Իրանը երբեք թույլ չի տա, որ Ադրբեջանն ու Թուրքիան կպնեն իրար, և ինքը կորցնի իր այդ մուտքը։ Այս միջանցքը կարելի է ասել դուռ է դեպի աշխարհ, ու սա Հայաստանի աշխարհաքաղաքական կարևորագույն առավելությունն է կամ հաղթաթուղթը»։

Գրքում ու գրքի շնորհանդեսին Անսելը տալիս է աշխարհաքաղաքական ամենակարևոր ու հին դասերից մեկը՝  երբեք չթերագնահատել թշնամուն, երբեք չմտածել, որ թշնամին կցուցաբերի ինչ֊որ թուլություն կամ մեծահոգություն։ Հեղինակն ասում է, որ այդ բացթողումը արեց նաև Հայաստանն  Արցախյան առաջին պատերազմի հաղթանակից հետո. «Կարծում եմ, որ այս պահին Զանգեզուրը, Մեղրին կողպեք են, իսկ Հայաստանը պետք է դառնա բանալի երկիր, զուգահեռներ անցկացնեմ՝ Շվեդիան, Իսրայելը, Հարավային Կորեան և Սինգապուրը։ Չորսն էլ չունեն ոչ մի բնական ռեսուրս, որը հնարավոր է իրացնել, շրջապատված են բավականին հզոր տերություններով, բայց կարողացել են դառնալ բավականին կարևոր դերակատարներ։ Այստեղ Հայաստանի համար կարևոր է տեխնիկական, տեխնոլոգիական գիտելիքը, ինչի հնարավորությունն ունի։ Հայթեք բնագավառում պետք է դառնալ առաջատարներից մեկը, դրա շնորհիվ ձեռք բերել տնտեսական հաջողություն»։  

«Ուժի ուղիները» գրքի շնորհանդեսից բացի, Ֆրեդերիկ Անսելը կմասնակցի նաև Ամունդի Ակբա ընկերության կազմակերպած տնտեսական մեծ համաժողովին։ Ֆորումի ժամանակ Անսելի գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը կլինի. «Ինձ համար պատիվ է, որ Հայաստանի համար հիմնարար ու կարևոր ընկերությունը՝ Ամունդի Ակբան, ինձ հրավիրել է այդ ֆորումին։ Կարծում եմ, որ տնտեսությունը շատ կարևոր է։ Առանց հաշվի առնելու տնտեսական վերլուծությունները, թվերը, օբյեկտիվ աշխարհաքաղաքական վերլուծություն անել չենք կարող, նույնն էլ հակառակը. տնտեսագետների աշխատանքը իմաստ չի ունենա, առանց հաշվի առնելու աշխարհաքաղաքական իրողությունները։ Դրա համար շատ կարևոր է, որ այս երկու բնագավառները միավորվել են ֆորումին, և ես ուրախ եմ, որ մասնակցում եմ դրան»։

Շնորհանդեսից հետո քաղաքագետը շտապում է Ամունդի-Ակբայի կազմակերպած տնտեսական համաժողովին։ Հայաստանում 2-րդ անգամ հավաքվել են գաղափարական առաջնորդները, ոլորտի փորձագետները և նորարարները՝ ուսումնասիրելու ու քննարկելու ժամանակի մարտահրավերները, միտումներն ու տնտեսական միջավայր ձևավորող կարևորագույն թեմաները։ 

Կարդացեք նաև