[Հարցազրույց] Ամերիկյան սարսափ ժանրի նոր աստղը՝ Փոլ Թրեմբլին իր նոր գրքի մասին

October 21, 2018

– Ինչպիսի՞ զգացողություն է, երբ հայտնի սարսափ գրող Սթիվեն Քինգը կարդում է քո վեպերը:
Փ. ԹՐԵՄԲԼԻ – Համալսարանում ավարտական վերջին տարիներին, Կինս` Լիզան 22-ամյակիս առթիվ ինձ նվիրեց Քինգի «Դիմադրություն» (The Stand ) վեպը: Չեմ ասի, որ այն հիմնովին փոխեց իմ կյանքը, բայց և չեմ կարող ասել, որ չփոխեց: Սկսեցի Քինգ կարդալ: Դարձա հավատարիմ ընթերցող ու նրա շնորհիվ սիրեցի ընթերցանությունը: Այդ նույն Սթիվեն Քինգը հիմա իմ գրքերն է կարդում, սա իմ կարիերայի ամենամեծ ձեռքբերումն է:
– Ձեր նախորդ գիրքը` «Ուրվականներով լի գլուխը» (A Head Full of Ghosts) 2015-ին արժանացավ Սթոքեր մրցանակի` լավագույն սարսափ վեպ անվանակարգում: Ձեր գիրքը մեծ ճանաչում գտավ, սա ինչ-որ կերպ ազդե՞ ց ձեր գրական գործունեության վրա:
Փ. ԹՐԵՄԲԼԻ – Արձագանքները շատ էին` և հուզիչ, և ցնցող: Կստացվի որ ստում եմ, եթե ասեմ, որ ինձ հաճելի չէր այդ ամենը: «Լավ, իսկ ի՞նչ եմ գրելու հիմա» շատ նորմալ և առողջ հարց է, չզարմանաք: Տարիներ առաջ, երբ գրում էի իմ առաջին վեպը` տագնապի մեջ էի ու անընդհատ ատամներս կրճտացնում էի: Իմ ընկեր Ստյուարտին նամակ ուղարկեցի ու պատմեցի, որ վախենում եմ, որ այս վեպն այդքան էլ լավը չէ ու մարդիկ կհարձակվեն վեպիս վրա ու նման այլ բաներ:
Նա ասաց. «Էհ, քո ամեն գրած չի կարող գլուխգործոց համարվել»: Ես սկսեցի ծիծաղել, որովհետև դա այն էր, ինչ ես ուզում էի լսել: Իր պատասխանն ինձ համար ոգեշնչում դարձավ, նաև մխիթարանք: Վատ չէր լինի այդ տողերով վերնաշապիկ էլ ունենալ, չէ՞:
– «Խրճիթը» վեպում իրադարձություններն արագ են զարգանում: Լինո՞ւմ է, երբ ընդմիջում տաք ու ինքներդ ձեզ հարցնեք` շատ հեռու չգնացի՞:
Փ. ԹՐԵՄԲԼԻ – «Խրճիթը» -ը գրելիս երբեք այդ մասին չեմ մտածել, մտքովս չի էլ անցել նման հարց տալ: Իհարկե, դա չի նշանակում, որ ընդմիջումներ չեն լինում, մանավանդ, երբ գրում ես վայրենության մասին: Ես ընդմիջում էի ու մտածում թե ինչ ազդեցություն կունենան այդ վայրենությունները վեպի հերոսների վրա: Չէի ուզում, որ այդ տեսարանները սարսափելի կամ շոկային լինեն:

– Այս վեպն էմոցիոնալ է և միևնույն ժամանակ շատ խորը: Ինչպե՞ ս եք բալանսավորել այս երկու կարևոր շերտերը:
Փ. ԹՐԵՄԲԼԻ – Շնորհակալ եմ, որ այդ կարծիքին եք: Կարծում եմ, որ պետք է բոլոր հերոսներին նույն կերպ մոտենալ` անգամ ամենազզվելի կերպարներին: Գաղտնիքը զգացմունքայնության մեջ է, բայց ոչ` համակրանքի. դրանք տարբեր բաներ են: Եթե կարողացար բալանսը պահել, ընթերցողն անգամ ամենամութ վայրերում կհետևի քեզ: Երբ հերոսը զգացմուքնային է, մենք ուզում ենք հասկանալ, թե ինչու է նա անում այն, ինչ անում է, խոսում այն` ինչ խոսում է: Այս կերպ ընթերցողի մեջ ձևավորվում է վստահություն` հատկապես սարսափ պատմություններում: Դա չի նշանակում որ վատ բաներ կամ անակնկալներ չեն լինելու, բայց ընթերցողն արդեն ունի այն վստահությունն ու զգացմունքայնությունը, որն անհրաժեշտ է:
Շատ սարսափ պատմություններ ջրի երես են հանում տհաճ ու սարսափելի ճշմարտությունը` որքան էլ այն զզվելի կամ անորոշ լինի: Իմ պատմվածքներում շեշտը հերոսների վրա է, ի՞նչ կլինի նրանց հետ, ի՞նչ են անելու հետո, ինչպե՞ս կհաղթահարեն:
Որպես հավատարիմ ընթերցողներ, ինքներս մեզ հարց ենք տալիս` ինչպե՞ս ենք հաղթահարելու սա:
– Ե՞րբ առաջացավ վեպի գաղափարը: Կա՞ որևէ ներքին վախ, որի մասին չեք գրել:
Փ. ԹՐԵՄԲԼԻ –  Մի անգամ օդանավում նոթատետրիս մեջ խզբզում էի: Երբ նայեցի խզբզոցիս արդյունքը, պարզվեց խրճիթի տեսք ունեցող ինչ-որ բան բան եմ նկարել: Ես նկարիչ չեմ, չմտածեք հանկարծ: Սկսեցի տան ներսում ու դրսում մարդկանց փոքրիկ ստվերներ նկարել: Այստեղ էլ ծագեց գաղափարը: Ստվերները ներխուժում են տուն. իսկական սարսափ: Եթե անկեղծ. սա այն ժանրն է, որն այդքան էլ չեմ սիրում: Նման պատմությունները շատ են, հատկապես գրքերում ու ֆիլմերում սցենարը նույնն է: Որոշեցի գրել այնպիսի սարսափ պատվածք, որն ինքս կցանկանայի կարդալ: Ուրեմն հարձակվում են խրճիթի վրա: Կարծում եմ իմ ամենակարևոր մետաֆիզիկական վախն արտահայտված է վեպում:
– Աշխատո՞ւմ եք նոր վեպի վրա:
Փ. ԹՐԵՄԲԼԻ – Օրերս վերջացրի իմ կարճ պատմվածքների ժողովածուն` «Հասունանալու մասին և այլպատմություններ»(Growing Things and Other Stories): Երևի կտպագրվի 2019-ին: Ժողովածուում կան պատմվածքներ, որոնք կապ ունեն վեպերիս հետ: Տեսնենք ինչ կստացվի:



Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում