newmag-ն ընդունել է Դիտորդ մարմնի առաջարկը

January 30, 2016

newmag ամսագրի առցանց տարբերակում 2016թ. հունվարի 13-ին հրապարկվեց «Ո՞վ էր փախած հարսնացուն եւ ի՞նչ եղավ նրա հետ» հոդվածը: Հանրային մեծ հետաքրքրասիրությունը բավարարելուց բացի, այն նաև մասնագիտական քննարկումների առիթ տվեց, որովհետև հարց էր, թե որքանով էր նպատակահարմար հրապարակել հերոսի անունը և լուսանկարը: Այդ առիթով ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը սեփական նախաձեռնությամբ եւ newmag ամսագրի խմբագրության համաձայնությամբ 2016 թվականի հունվարի 27-ին, քննարկեց հոդվածը:
ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը ձեւավորել են ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած լրատվամիջոցները, որոնք այս պահին 40-ն են: Դիտորդ Մարմինն իր եզրակացություններում ղեկավարվում է ԶԼՄ-ների ներկայացուցիչների էթիկայի Վարքականոնով, որն ընդունվել է ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած լրատվամիջոցների 2007 թվականի մարտի 10-ի ժողովում: newmag-ն այդ լրատվամիջոցների մեջ է:
Դիտորդ Մարմինը, քննարկելով հոդվածն առաջնորդվել է «Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի» 4-րդ՝ «Հարգանք մարդկանց անձնական կյանքի եւ այլ իրավունքների նկատմամբ» բաժնի 4.1 կետով, ըստ որի՝ խմբագրությունն ու լրագրողը պարտավոր են «պաշտպանել մարդկանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը, ներառյալ՝ հարգանքն անձնական եւ ընտանեկան կյանքի, բնակարանի, սեփականության, առողջության եւ նամակագրության նկատմամբ:
Միմիայն հասարակական շահի առկայությամբ կամ պաշտպանության անհրաժեշտությամբ կարող է արդարացվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց, հասարակական գործիչների, իշխանության կամ հասարակական ուշադրության ձգտող մարդկանց անձնական կյանքին վերաբերող տեղեկությունների հրապարակումը», Դիտորդ Մարմինն արձանագրել է, որ թեպետ նկարագրվող իրադարձությունը հանրային հետաքրքրասիրության առարկա է, սակայն տվյալ հրապարակման հերոսը հանրային դեմք չէ եւ չի ձգտում հասարակական ուշադրության, նաև տեքստում առկա փաստական տվյալների եւ ուղեկցող լուսանկարի հրապարակումն արդարացված չէ մասնավոր կյանքի պաշտպանության սկզբունքը հարգելու տեսակետից եւ կարող է հոդվածի հերոսին ճանաչելի դարձնել:
Դիտորդ Մարմինը  newmag ամսագրի խմբագրությանն առաջարկել  է «Ո՞վ էր փախած հարսնացուն եւ ի՞նչ եղավ նրա հետ» հոդվածից հեռացնել հերոսին ճանաչելի դարձնող բոլոր տեղեկությունները (անուն, ազգանուն, ծննդավայր, ուսման վայր, աշխատատեղեր), նաեւ` լուսանկարը և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել այլ քայլեր՝ հրապարակման հերոսի հետ հնարավոր վեճը արտադատական կարգով լուծելու համար:
Առաջարկն ընդունվել է Զանգվածային լրատվության միջոցների էթիկայի Դիտորդ մարմնի 2016 թվականի  հունվարի 27-ի նիստում, հետեւյալ կազմով՝ Գեղամ Բաղդասարյան  («Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր), Մեսրոպ Հարությունյան (մամուլի փորձագետ), Արա Ղազարյան (իրավաբան),  Աշոտ Մելիքյան (Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ), Բորիս Նավասարդյան (Երևանի մամուլի ակումբի նախագահ), Նունե Սարգսյան (Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն), Գեղամ Վարդանյան (Media.am-ի պրոդյուսեր):
newmag-ի խմբագրությունը որոշել է հետևել Դիտորդ Մարմնի առաջարկին, հայցում է հոդվածի հերոսուհու ներողամտությունը և ամբողջությամբ վերախմբագրել է նյութը, որը կարող եք ընթերցել այստեղ: