Փոքր մեծերի ու հայրենի Բերդի մասին անդադար պատմություններ հյուսող Նարինե Աբգարյանը նշում է տարեդարձը

January 14, 2022

1971 թվականի այս օրն է ծնվել Նարինե Աբգարյանը: Տավուշեցի գրողն ավարտելով Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը՝ 1993-ից ապրում և ստեղծագործում է Մոսկվայում։ Հայտնի է դարձել ինքնակենսագրական գրքի՝ «Մանյունյայի» հրատարակումից հետո, երբ արժանացավ Ռուսաստանի ազգային գրական մրցանակի։ Newmag-ն Աբգարյանի գրքացանկից արդեն երեքը թարգմանել է հայերեն, 2022-ին նոր հրատարակություններ ևս կլինեն: Առանձնացրել ենք գրողի տարբեր հարցազրույցներից նրա մտքերը կյանքի, գրականության, ստեղծագործելու և հայրենիքի մասին:

Կյանք առանց մանկության

Իմ սերնդի մանկությունն ավարտվեց, երբ երկրաշարժ եղավ ու սկսվեց պատերազմ: Միակ լուսավոր ժամանակը, որ մեծ հաճույքով կուզեի վերադառնալ, հենց մանկությունն է: Այդ պատճառով սկսեցի այդ տարիների մասին պատմվածքներ գրել, հետագայում դրանց հիման վրա եղավ «Մանյունյա» գիրքն ու սկսվեց գրողի իմ կարիերային:

Պրոֆեսիոնալ ընթերցողը

Ամբողջ կյանքում պրոֆեսիոնալ ընթերցող եմ եղել, երբեք չեմ մտածել գրող դառնալու մասին: Եթե համացանցը չլիներ ու բլոգներ չբացվեին, երբեք գրող չէի լինի: Գրելն իսկապես դժվար է, ոչ միայն հոգեբանորեն ես լարվում, այլև ֆիզիկապես: Ավարտելուց հետո այնպիսի տպավորություն է, որ տուն ես մաքրել կամ վազել: Մարդիկ պատկերացնում են, թե մուսա ունես, գալիս է, ու դրանից ոգևորված՝ անընդհատ գրում ես: Ամեն ինչ իրականում այդպես չէ. եթե ամիսը մեկ անգամ գոնե նա քեզ այցելի, արդեն մեծ երջանկություն է: 

 

                                                                              

Բացասական հերոսներ չեն լինում

Միջին կարգի գրող եմ, շատ երջանիկ եմ, որ ունեմ իմ անձնական անկյունը ռուսական գրականության մեջ, ու ինձ առանձնապես ձեռք չեն տալիս, շատ չեն քննադատում, որովհետեւ մեծ հաշվով Հայաստանի մասին եմ գրում: Համարում եմ, որ իմ բախտը շատ է բերել: Ցավոք սրտի, չեմ կարողանում բացասական հերոսների մասին գրել, միանգամից նրանց սկսում եմ արդարացնել:

Թե ինչու են հայ հերոսները խոսում ռուսերեն

Առանձնահատուկ հաճելի է, երբ քեզ սիրում ու ընդունում են քո հայրենիքում, որովհետև քո հայրենակցի վերաբերմունքն ավելի ներողամիտ է, բայց նաև ավելի քննադատական: Որպեսզի կարողանաս այդ վերաբերմունքին համապատասխանել, պետք է ավելի շատ ջանքեր ներդնես: Ես փորձում եմ ամեն կերպ արդարացնել իմ հայ գրող լինելը: Եթե ինձ ընթերցում եք, դա ինձ համար մեծ նվեր է, մեծ կոմպլիմենտ, շատ շնորհակալություն: Ես փորձում եմ հայերեն գրել, չի ստացվում, իմ գրական հայերենը բավականին թույլ է: Լավ թարգմանիչը մեծ նվեր է գրողի համար:

                                                                                 

Գրքի ու գրողի հարաբերությունները

Գրելիս ապրումներ ունենում ես գրքի առաջին կեսում, հետո դու ատում ես գիրքը, գիրքն ատում է քեզ, հերոսներն իրենց էնպես չեն պահում, ոնց որ դու ես ուզում: Ես մի ժամանակ մտածում էի, թե կոկետություն է, երբ գրողներն ասում են՝ ուզում էի էսպես գրել, իսկ հերոսն իրեն մի քիչ աննորմալ ձեւով է պահում: Բայց իսկապես էդպես է: Երբ գրում ես, պերսոնաժներ են հայտնվում, որոնց դու չէիր ուզում, չէիր մտածել: Օրինակ՝ «Երկնքից ընկավ երեք խնձոր» գրքում սիրամարգը չգիտեմ՝ ոնց հայտնվեց: Ինչքան եմ տանջվել, չգիտեի՝ ինչ անել, ոնց էդ պատմությունը պրծնել, էստեղ սպանեմ-էնտեղ սպանեմ:

Մի քիչ «սխալ» մանկական գրողը

Գրելիս չես մտածում՝ փոքր, թե մեծ ընթերցողի համար ես գրում: Ես մի քիչ «սխալ» մանկական գրող եմ: Համոզված եմ, որ երեխան փոքր մեծ է։ Նրա հետ վերևից խոսելը շատ սխալ է, աշխատում եմ երեխայի հետ խոսել որպես հավասարի: Փոքրուց սիրել եմ այն մանկական գրքերը, որոնք մի քիչ մանկական չէին:

                                                                                   

Լսել՝ գրելիս, կամ գրել՝ լսելով

Երաժշտությունն ինձ միշտ ոգեւորել է, ես ոչ մի բառ առանց երաժշտության գրած չկամ։ Ջազ եմ լսում: Երաժշտությունն արվեստների թագուհին է, ամենակարճ ճանապարհն է տիեզերքի հետ կապվելու: