Էքստրեմալ կերպարանափոխություն. աշխարհում ամենատարօրինակ պլաստիկ վիրահատությունները

September 9, 2016

Պլաստիկ ու էսթետիկ վիրահատությունների մասին մարդիկ տարբեր պատկերացումներ ունեն: Իրականում այս ճյուղը լեգենդենրի, միֆերի ու առասպելների մեծ համախումբ է: Երջանկության բանալի, կյանք` առանց պրոբլեմների, նորաձևություն, ժամանակակից երևալու ձգտում, կամ պարզապես անհրաժետություն: Շատերի կարծիքով` բնության կանոները խախտել պետք չէ, ոմանք էլ համարում են, որ այն նոր կյանքի սկիզբ է:

Քիթ`ճակատին կամ ականջ` ձեռքին  


Ֆանտաստիկ է. հանդիպում ես մեկին, որի ճակատին քիթ է աճել, կամ ասենք` ձեռքի վրա ականջ կա: Սա վառ երևակայություն չէ, սա բժշկության նոր մեթոդ է, որը կոչվում է նանոտեխնոլոգիա: Փոխպատվաստվող օրգանն աճեցվում է հենց վիրահատվողի մաշկի վրա` աճառային հյուսվածքի միջոցով: Աշխարհում այսպիսի երեք վիրահատություն է արվել: Առաջին փորձը 2012-ին էր: Քաղցկեղը հաղթահարած բրիտանացին այս մեթոդով քիթ է ձեռք բերել: Մյուս երկու դեպքերում` քիթ ու ականջ է աճեցվել: Պլաստիկ վերականգնողական այս միջամտությունն արժե 30-40 հազար դոլար:

Էլֆի ականջներ


«Հոբբիտ» ֆիլմը պլաստիկ վիրաբույժներին նոր մարտահրավեր նետեց: Ֆիլմի պրեմիերայից հետո երկրպագուները սկսեցին թակել բժիշկների դռներն ու տառապել սուր ականջների սինդրոմով: Այս վիրահատությունը շատ հեշտ է անել` աճառային հյուսվածքները հեռացվում են ու սուր կտրվածք տալուց հետո կարվում: Բայց այս մեթոդը մի բացասական կողմ ունի: Այլևս հնարավոր չի լինի երբևէ վերականգնել ականջի նախկին ձևը: Հենց այդ պատճառով էլ շատ բժիշկներ հրաժարվում են այս վիրահատությունն անել: Այն արժե 1700-2000 դոլար:

Ցանցապատ լեզու


Նիհարելու համար պետք է ոչինչ չուտել: Մինչդեռ համեղ տորթից ու շոկոլադից ոչ բոլորն են հրաժարվում: Պլաստիկ վիրաբույժներն առաջարկում են նիհարելու նոր, բայց առավել ցավոտ ու վտանգավոր մեթոդ: Լեզվի վրա տեղադրվում է ցանց, որը հատկապես կոշտ սնունդ ուտելիս աննկարագրելի ցավ է պատճառում: Մեթոդի հեղինակը` բժիշկը, իր այցելուների օրինակով նշում է, որ ցանցե լեզվի շնորհիվ հնարավոր է նիհարել ամիսը 7-13 կգ: Բայց վտանգ կա, որ հետվիրահատական շրջանում լեզուն կարող է օտար մարմնի պատճառով այտուցվել ու շնչեհեղձություն առաջացնել: Ցանցապատ լեզուն արժե 2000 դոլար:

Օձի լեզու


Պլաստիկ ու էսթետիկ վիրաբուժության մեջ նոր տենդենց է օձի լեզուն: Այսինքն` լեզուն կիսում են երկու մասի: Սա ընդամենը նորաձևության ճիչ է: Իրականում այս միջամտությունը մեծ ռիսկեր է պարունակում: Լեզվի վրա կա մկանային խումբ, որը պատասխանատու է դրա նորմալ ֆունկցիայի համար: Օձի լեզու ունեցողների խոսքը զարգացած չէ: Որքան խորն է կտրվածքն, այնքան դժվար  է խոսելը: Նրանք չեն կարողանում համ զգալ ու համբուրվել ֆրանսիական ձևով: Այս վիրահատությունն արժե 1500-2000 դոլար:

Ջայլամի ոտքեր


Բարձրահասակ երևալու համար միջին հասակ ունեցողները պատրաստ են անցնել նույնիսկ դժոխքով: Ամենաբարդ պլաստիկ վիրահատություններից մեկը ոտքերի երկարացումն է: Ապաքինումը տևում է ամիսներ, նույնիսկ տարիներ: Առաջացնում է ողնաշարի խրոնիկական ցավեր, մկանացավ, անոթների խցանում: Հարկ է լինում տևական ժամանակ հենակներ օգտագործել: Այս դժոխքի միջով մարդիկ պատրաստ են անցնել 7-10 սմ ավելանու համար ու կորցնել 3000-5000դոլար:

Ձեռքի ափի գծերի փոփոխություն


Հատկապես այս վիրահատությունները շատ տարածված են ու մեծ պահանջարկ ունեն Ճապոնիայում: Ճապոնացիները հավատացած են, որ ափի վրա նոր գծեր ավելացնելով հնարավոր է փոխել բախտը: Մինչդեռ չկա հետազոտություն, թե վիրահատվելուց հետո ինչպես է դասավորվել այս մարդկանց կյանքը: Ընդամենը 15 րոպե` և հնարավոր է ափի վրա իսկական քարտեզ գծել 1000 դոլարով:
 

Շուն-մարդ


Աշխարհում առաջին ու դեռևս միակ շնացումը` բառի բուն իմաստով: Բրազիլացին պլաստիկ վիրահատության էր դիմել շան մռութ ունենալու համար: Շանը նմանվելու համար անանուն մարդը շատ մեծ գումար է վճարել: Վիրահատող բժիշկները նրա դիմային ոսկրերը փոխարինել են սատկած շան գանգի ոսկրերով` փոխելով ականջները, քիթ, շրթունքները: Սատկած շան ոսկորները օգտագործելու համար բժիշկները ստացել են տեղական իշխանության թույլտվությունը:

Երկար ու խիտ բեղերի սինդրոմ


Վերջին շրջանում շատ նորաձև է դարձել ու մեծ պահանջարկ ունի բեղերի իմպլանտացիան: Սա բժշկական առումով բարդ ու անհնարին վիրահատություն չէ: Մարմնի ավելի խիտ մազածածկույթով հատվածից հեռացվում է մի փունջ ու փոխպատվաստվում վերին շրթունքի շրջանում: Վիրահատությունն անցկացվում է տեղային անզգայացմամբ, տևում է առնվազն 5 ժամ: Երկար ու խիտ բեղերի համար այցելուն վճարում է 5000 դոլար:

Աչքի իմպլանտացիա


Ձեզ դուր չի՞ գալիս ձեր աչքի գույնը, չե՞ք ուզում լինզա կրել կամ էլ ծիածանային անոմալիա՞ն է անհանգստացնում, հոգ չէ: Պլաստիկ վիրաբույժենրը առաջարկում են աչքի իմպլանտացիա: Այս մեթոդով հնարավոր կլինի ծածկել աչքի թերություններն ու 5000 դոլարով մեկընդմիշտ փոխել գույնը:
 


Ձայնի կորեկցիա


Հնարավոր բոլոր պլաստիկ միջամտություններն անելուց հետո, լիարժեք կերպարանափոխությանը ընդամենը մեկ բան է պակասում` ձայնը: Կոկորդի մեջ տեղադրվում է իմպալանտ, որը ձայնը դարձնում է ավելի թավշյա ու մեղեդային: Այս միջամտությունը մեծ պահանջարկ է վայելում երգիչների, տրասնսեքսուալների շրջանում: Ձայնային կորեկցիան 7000 դոլար արժե: