Վալերի Օսիպյանի կարիերան. ինչպե՞ս պատանդ դարձավ, իր հաշվին հյուրասիրեց ցուցարարներին և դարձավ ոստիկանապետ

May 11, 2018


Երևանի փոխոստիկանապետի պաշտոնը Վալերի Օսիպյանի վրա չեկավ: 6 տարի առաջ, ինչ նշանակվեց, ցույցերի միջից դուրս չի գալիս: Ուղեվարձը` 100 դրամ, Էլեկտրիկ Երևան, Սահմանադրության բարեփոխում, ՊՊԾ գունդ, Իմ քայլը: Քանի տարի է` Օսիպյան ասում են` ցույց հասկանում, ցույց են ասում` Օսիպյան հասկանում: 
Օսիպյանի մասին կարծիքները կիսվում են. բողոքի ցույցերում ոստիկանական ստորաբաժանումները ղեկավարողը մի մասի համար բռնի գործողություններ կատարող պաշտոնյա է, մյուս մասի պատկերացմամբ՝ ուղղակի բարության տիպար: 
Իրավիճակ համար մեկ. ամառվա շոգին Օսիպյանն առանձնանում է բողոքող կանանց հետ ու հաճոյախոսություններ շռայլում հովանոցի տակ:
Իրավիճակ համար երկու. վրդովված ցուցարարները հրապարակով մեկ Օսիպյան են բղավում: Օսիպյանը հայտնվում է անվրդով տեսքով:
Մյուս իրավիճակում տեսնում ենք իրեն մի կերպ զսպող Օսիպյանին: Հունից դուրս է գալիս, երբ համոզվում է` նույն ակտիվիստը 10-րդ անգամ է մեղադրում ոստիկաններին` վերնաշապիկը պատռելու համար: 
Ցույց Գլխավոր Դատախազության մոտ: Այստեղ էլ Երևանի փոխոստիկանապետը այլ մարտավարության է դիմում, որը նրան մի ամբողջ աշխատավարձ արժեցավ: Ճանապարհը փակող ինչքան ցուցարար կա` հրավիրում է սրճարան: Իր հաշվին: 



Կարդացեք նաև․



Ցույցերում կարգ ու կանոն հաստատելով` համազգային ճանաչում ձեռք բերած Վալերի Օսիպյանը հասցրեց պատանդի կարգավիճակում էլ լինել: ՊՊԾ գնդի գրավման ժամանակ: Գնացել էր բանակցելու` մյուս պատանդներին ու զավթած շինություններն ազատելու համար: Ու ինքն էլ դարձավ պատանդ` գնդում մնալով 6 օր:
Ու ինքն էլ դարձավ պատանդ` գնդում մնալով 6 օր:

Ավելի ուշ` դատավարության ժամանակ հայտնի դարձավ, որ այնտեղ պոկել էին պատանդառված գնդապետ Օսիպյանի ուսադիրները:

Հենց այդ տարի էր, երբ օրվա գլխավոր լուր դարձավ նորապսակ Օսիպյանի հայրանալը: Մեկ այլ ցույցի ժամանակ իմացան, որ երկրորդ երեխան է ունեցել, ամուսնությունն օրինականացրել: Այն պահին, երբ Քայլ արա նախաձեռնությունը եռման կետում էր` Բաղրամյանը շրջափակելիս, ոչ ոք չէր էլ պատկերացնում, որ այդ օրը Օսիպյանի 48-ամյակն է: 
Ոչ ոք չէր էլ պատկերացնում, որ այդ օրը Օսիպյանի 48-ամյակն է: 

3 տարի առաջ, երբ Օսիպյանն արժանացավ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկորրդ աստիճանի մեդալի, շատերը նրան ոչ թե շնորհավորում էին, այլ հարցնում` պարգևը ցույցեր ցրելու համա՞ր է: Ու լսում Երևանի փոխոստիկանապետի հանգիստ ուղղումը` մի ասեք ցրել, ասեք` վերականգնել հասարակական կարգը: 
Մի ասեք ցրել, ասեք` վերականգնել հասարակական կարգը: 

Այս ամիսներին Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ հավասար քայլած Վալերի Օսիպյանը ակնհայտ նիհարել է: Բայց դա չխանգարեց նրան` դառնալ ամենապահանջված անձը` սելֆիների համար:


Լուսանկարի հեղինակային իրավունքը պատկանում է  Ֆոտոլուրին






Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։