Imitation. Ինչո՞ւ է Գոռ Սուջյանի նոր ալբոմը տարվա ամենամիստիկ և զարմացնող գործը

March 2, 2016

Ցանկացած ծանոթ երաժշտից նորույթ լսելիս քեզանից անկախ համադրում ես սպասելիքներդ և ստացածդ: Հիմանականում դրանք համընկնում են, հենց այն պատճառով, որ արդեն գիտես, թե մոտավորապես ինչ է սպասվում: Լինում են նաև հիասթափություններ, լինում է ուրախություն` արդարացած ակնկալիքից: Ու շատ հազվադեպ լինում է հրճվանքի ու զարմանքի այն խառնուրդը, որը, ցավոք, համարժեք բառը չունի բառարանում: Project LA- ի և Գոռ Սուջյանի Imitation ալբոմից առաջացած զգացումները մոտ են վերջինին:

Project LA անվանումը ոչինչ չի ասում և նախագծի գոյության մանրամասները երաժիշտները դեռ գաղտնի են պահում երևի իրենց հայտնի պատճառներով:

http://www.youtube.com/watch?v=IUUav_B36Vw
Ալբոմում ինը երգ կա: Տեքստերի ընտրությունը ստիպում է խոնարհվել ընտրողի առջև` Էմիլի Դիկինսոն, Էդգար Պո, Վահան Տերյան և Ջեֆ Լիմ: Երեք դասականների և անհայտ չորրորդի ընկերակցությունը պատահական չէ և թելադրված չէ միայն բանաստեղծությունների գեղարվեստական արժեքով: Նրանց գաղափարապես միավորողն այստեղ դեպի Աստված տանող ճանապարհի փնտրտուքն է և այլ կերպ չես անվանի գիծը, որը, սկսվելով Դիկինսոնի «Նախանձ» բանաստեղծությամբ, անցնում է Պոյի իրականության և երազի խորհրդավոր մշուշով, երջանկության ոսկե քաղաքի՝ Էլդորադոյի որոնումներով, մեռած քաղաքի սարսափով, կորցրած սիրո տերյանական քաղցր ու տառապալից հուշերով, վերագտած սիրո կենսահաստատ ուժով, և Լիմի փառաբանությամբ առ Աստված:
Երևի կարող ենք ալբոմն անվանել կոնցեպտուալ: Այս դեպքում նաև երաժշտության հեղինակի առջև լուրջ խնդիր կար, որը գերազանց լուծում է ստացել, անսպասելիորեն, բազմաոճության մեջ:

Թեև ալբոմը բնութագրվել է որպես ալտերնատիվ ռոք, այստեղ լսելի են պրոգրեսիվ ռոքի տարրեր, ծանր ռոք, բալլադ, գոսպել, նույնիսկ ռոմանս: Տրամաբանությունը, ըստ իս հետևյալն է. ապրած կյանքը փուլերի շարան է, մեկը անհոգ, մյուսը հոգսաշատ, մեկը հանդարտ, մյուսը խռովահույզ, մեկը երջանիկ, մյուսը հուսահատ, և դրանցից յուրաքանչյուրը, եթե արտահայտենք երաժշտությամբ, կունենա այլ դինամիկա, այլ հնչողություն, տեմպ, ռիթմ, խտություն: Բայց այդ ամենը պարփակված է մի մարմնի և մի հոգու մեջ, ուրեմն՝ բազմազանությամբ հանդերձ միաձույլ է:
http://www.youtube.com/watch?v=bo1Ot__6Ipc
Չեմ կարծում թե կարիք կա մեկ առ մեկ վերլուծել երգերը: Դրանք գրված են պրոֆեսիոնալի ձեռքով, գրագետ, լակոնիկ, շատ գեղեցիկ, երբեմն ուղղակի շքեղ գործիքավորումներով, անդիմադրելի հմայք ունեն և ճիշտ դասավորություն ալբոմում:
Ինքնուրույն, յուրահատուկ մտածողությունը նույնպես ակնհայտ է և ալբոմը բացող «Նախանձ» երգի տեքստն, օրինակ, կարելի էր երաժշտականացնել մելամաղձոտ բալլադի ձևով, չէ որ «նախանձում եմ ամենին, ինչը սիրելիիս մոտիկ է, մինչդեռ ես հեռու եմ»:

Project LA-ի տեսանկյունից դա հիմն է սիրուն: «Երազ երազի մեջ» երգը կարող էր կիսամիստիկ-կիսափիլիսոփայական երանգ կրել, բայց նույնքան, եթե ոչ ավելի համոզիչ է System Of A Down-ին հիշեցնող գերակտիվ բնույթով: Իսկ տերյանական տողերը, ի տարբերություն մյուսների՝ հայերենով, կատարելապես ներդաշնակ են «Կարոտ» երգի ռոմանսային շրջանակին:
http://www.youtube.com/watch?v=YJMagk8eBl0
Երաժիշտներն արել են հնարավոր լավագույնը՝ լինի դա կիթառի մենանվագ, հարվածայինների ռիթմիկ զարկերակ կամ դղրդոց, վոկալի հետ խոսող դաշնամուրային նվագակցություն, ռոք խմբի «դրայվ», նվագախմբային հնչողության իմիտացիա: Իրականում նվագախմբային գործիքներից միայն թավջութակն է ֆիզիկապես ներկա, և այդ ներկայությունն է, որ հատկապես առանձնանում, ուշադրություն է գրավում մարդկային ձայնին հավասարազոր մեծ հուզական լիցքով:
Եվ վերջապես Գոռ Սուջյան: Նրան մեր հասարակությունը սիրեց ու գնահատեց առաջին իսկ քայլերից՝ Դորիանս խմբում: Գեղեցիկ ձայն, վառ երաժշտականություն, լավ ճաշակ, երգը ներկայացնելու կուլտուրա` ամենը ի սկզբանե լիուլի էր նրա մոտ:
Այսպիսի մի նախագիծ էր պետք լիովին բացահայտելու համար Գոռի հնարավորությունները, բոլոր ռեգիստրներում մաքուր հնչող ձայնը, հարմարվելու կարողությունը երգի բնույթին՝ ռոք լինի, մետալ, սոուլ թե գոսպել, բառերի աներևակայելիորեն հստակ արտասանությունը ամենաբարդ վոկալ թռիչքներում և վայրէջքներում, ձայնային ապարատին տիրապետելու անկասկած լուրջ աշխատանքով ձեռք բերված հմտությունը:

Project LA-ի և Գոռ Սուջյանի համատեղ կատարած Imitation-ը այս տարվա լսածս ամենահետաքրքիր, բովանդակալից, փայլուն կատարված և համապատասխան գովազդի դեպքում բազմահազարանոց լսարան նվաճելուն պատրաստ ալբոմն է: Եթե անպայման դիտողություն էլ է պետք՝ կցանկանայի, որ վոկալը փոքր-ինչ ավելի առանձնացած և հնչեղ լիներ: Ու բացվեր վերջապես գաղտնիքը, թե ովքեր են կանգնած այս միստիկ ալբոմի ստեղծման ետևում:

Հեղինակ` Ալիսա Քալանթարյան


http://www.youtube.com/watch?v=yCD5H8t-8kY