Ո՞րն է Էրդողանի սիրիական սարսափը

February 2, 2016

Արդեն վաղուց գաղտնիք չէ, որ սիրիական պատերազմում հաղթանակի բանալին գտնվում է թուրք-սիրիական սահմանին: Միայն դրա նկատմամբ վերահսկողությունը թույլ կտա երկրի ներսում խաղաղություն հաստատել: Ռուսական գլխավոր շտաբի հետ ծրագրված Սիրիական բանակի վերջին գործողությունները հենց դա են ցույց տալիս:
Վերջին 2 շաբաթվա ընթացքում սիրիական բանակը ազատագրեց Լաթակիայի հյուսիսի կարևոր հենակետեր Սալմա ու Ռաբիյա քաղաքները: Թուրքիայի հովանավորյալ Սիրիայի թուրքմենները հայտնում են, որ Ռուսական օդուժի օգնությամբ կառավարական բանակը 90 տոկոս վերահսկողության տակ է առել նաև նույն շրջանում գտնվող Թուրքմեն լեռան շրջակայքը:

Բայըրբուջաք կենտրոնով այս շրջանը այն նույն տարածքն է, որտեղ նոյեմբերի 23-ին Էրդողանի նյարդերը տեղի տվին ու թուրքական օդուժը խոցեց ռուսական օդանավը:

2011 թվականից Թուրքիայի դրդմամբ ապստամբած թուրքմեն բնակչությունն ու զինյալները հիմա հատում են սահմանն ու անցնում Թուրքիա: Անկարան գրեթե կորցրել է Սիրիայի հետ սահմանին կարևոր այս տարածքը, որը վերջին 4 տարիների ընթացքում վերածվել էր ոչ թե Սիրիայի,այլ դե ֆակտո Թուրքիայի տարածքի ու ռազավարական նշանակություն ունի Բաշար Ասադի ուժերի միջնաբերդ Լաթակիայի համար:


[Արևելյան խոհանոց]



Հասկանալով, որ թուրքմենների տարածքները կորսված են, Թուրքիան ավելի ու ավելի հաճախ իր ուշադրությունը կենտրոնացնում է Ջերաբլուս-Ազազ գոտու վրա: Նույնպես Թուրքիայի հետ սահմանային այս տարածքի մեծ մասը վերահսկում է Իսլամական պետություն խմբավորումը: Այն սեղմված է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Կոբանիի ու Աֆրինի անկլավների միջև: Քրդական ուժերը անդադար ռազմական գործողությունների մեջ են Իսլամական պետության դեմ ու փորձում են  ցամաքային կապ հաստատել ամենահեռավոր քրդական Աֆրինի ինքավարության հետ, որը արևելքից ու հարավից  շրջափակված է սիրիական Ալ Կաիդայի (Նուսրայի ճակատ) ահաբեկիչներով, ապստամբ տարբեր խմբավորումներով:
Աֆրինի արևմուտքում ու հյուսիսում էլ ոչ պակաս թշնամական Թուրքիան է: Անկարային չի անհանգստացնում, որ Սիրիայի հետ իր սահմանային այս գոտին վերահսկում է Իսլամական պետությունը: Էրդողանը սարսափում է մտքից, որ այդ տարածքը կարող են գրավել քրդերը՝ հսկողության տակ առնելով թուրք-սիրիական սահմանի 80 տոկոսից ավելին:
Թուրքիայի համար որպես հարևան նախընտրելի է Իսլամական պետությունը, քան թե սեփական քրդերի համար վտանգավոր նախադեպ ու «վատ օրինակ» ծառայող քրդական ինքնավարությունները:

Թուրքիայի կառավարությունն ու բանակի գենշտաբը բազմիցս ուղիղ տեքստով հայտարարել են, որ թուրքական բանակը կհարվածի Կոբանիի քրդական ուժերին, եթե նրանք փորձեն անցնել Եփրատն ու գրավել Իսլամական պետության վերահսկած Ջերաբլուսի անցակետը: Ավելին Թուրքական բանակը արդեն երկրորդ շաբաթն է ականազերծում է սահմանի այդ հատվածը՝ վերացնելով այն պատվարը, որը թուրքական բնակավայրերը բաժանում է ահաբեկիչներից: Առաջին հայացքից անտրամաբանական այս քայլը Թուրքիայի տեսանկյունից շատ էլ տրամաբանական է: Սահմանը ականազերծվում է թուրքական բանակի հնարավոր ներխուժման համար:Այս հատվածում Իսլամական պետության կամ նրան վերագրվող գործողություններն էլ կարծես հատուկ արվում են նախապատրաստելու ու արդարացնելու Թուրքիայի հնարավոր քայլերը [1]:
Միացյալ Նահանգներն ու առավել ևս Ռուսաստանը բազմիցս հայտարարել են, որ դեմ են Սիրիայում թուրքական ցանկացած տեսակի ներխուժման: Սակայն 2 ամիս առաջ Իրաք զորք մտցնելիս Թուրքիան չխորհրդակցեց ոչ Վաշինգտոնի, ոչ էլ Մոսկվայի հետ: Ինչպես ռուսական օդանավի դեպքում, այս հարցում էլ Թուրքիայի քայլերը կախված են Էրդողանի ամբիցիաներից ու նյարդերից: Կհամաձայնի՞ նա վերջնականապես կորցնել Սիրիայում իրադարձությունների վրա ազդելու լծակները, թե ոչ:
__________
[1] 2016 թվականի հունվարի 15-ին ու 23-ին սահմանային հենց քննարկվող հատվածի Քիլիս թուրքական բնակավայրի վրա Սիրիայից արձակված ականանետի արկ, ապա նաև Կատյուշա համակարգի հրթիռ ընկավ: Վիրավորվեցին խաղաղ բնակիչներ: