Մահիկի 3 դեմքերը. Ինչպիսի՞ Թուրքիայի հետ գործ ունենք

Մահիկի 3 դեմքերը. Ինչպիսի՞ Թուրքիայի հետ գործ ունենք

Թուրքիայի հետ ճիշտ հարաբերվելու և սխալներից խուսափելու համար, պետք է ճանաչել այդ երկրի բազմադեմ կերպարը: newmag-ը ներկայացնում է Middle East Institute-ի վերլուծությունը, թե ինչպես է վերջին տարիներին փոխվել Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականությունը:

Վաշինգտոնն ու Անկարան հարաբերությունների դժվար շրջափուլում են, երբ դրանք շատ լավից փոխվում են շատ վատի: Մեկ այլ երկրի նկատմամբ ամերիկյան հասարակության կարծիքը դանդաղ է ձևավորվում, սակայն բավական է մեկ  անգամ ձևավորվի ու անմիջապես կարծրանում է: Թուրքիան փոխվում է, և մենք փորձում ենք նոր իրողությունները հարմարացնել հին բանաձևին: Հիմա Թուրքիայի հաշվով ամերիկացիները երկընտրանքի առաջ են կանգնած:

Քանի դեռ մենք ավելի լավ պատկերացում չունենք, թե ինչպիսի Թուրքիայի հետ գործ ունենք, մենք դատապարտված ենք սխալ քայլեր անել:

Առաջին Թուրքիան. – Պահպանողական, սահմանադրական, արևմտամետ կողմնորոշմամբ, որը պատկանում է ՆԱՏՕ-ին: Դեպի արևմուտք կողմնորոշված, լավ կրթված թուրքերը ժառանգորդներն էին Աթաթուրքի հեղափոխության  ու այն Թուրքիայի, որը բարձրացավ Օսմանյան կայսրության փլատակներից: Շատ ամերիկացիներ, հատկապես նրանք, որոնք ծառայել են զինված ուժերում Սառը պատերազմի տարիներին և նույնիսկ մինչև 2003 թվականը, հպարտանում էին թշնամական միջավայրում Թուրքիայի պես դաշնակցով: Այս Թուրքիան իրեն խարսխեց Արևմուտքի հետ և գնալով միջուկային հակահարված ստանալու ռիսկին՝ պաշտպանեց Եվրոպան: Այս Թուրքիայի կերպարը Միացյալ Նահանգներին շատ անգամ ուղղորդել է դեպի սխալ տեսության և ստիպել է մտածել, որ Անկարան կարևոր հարցերում հետևելու է ԱՄՆ-ի առաջնորդությանը: Ինջիրլիքի ավիաբազան եղել է այս պատկերացման խորհրդանիշը: Միացյալ նահանգները մեծ ներդրումներ է արել այդ ռազմաբազայում, ռիսկի դիմել՝ չափից ավելի կախում ունենալով Ինջիրլիքից ու Թուրքիայից՝ որպես Մերձավոր Արևելքում ԱՄՆ քաղաքականության կարևորագույն բաղադրիչի:

Երկրորդ Թուրքիան.  – Լիբերալ, Եվրամիությանը համակրող, ժողովրդավարական լինելու ձգտումով: Այս Թուրքիան սկսեց ձևավորվել Սառը պատերազմից հետո, բայց ամբողջապես երանգավորվեց 2000-ականների սկզբին, երբ իսլամամետ Արդարություն և զարգացում կուսակցությունը տիրեց իշխանությանը: Սա Թուրքիան է, որտեղ հանուն ավելի մեծ ժողովրդավարության 2013-ին տեղի ունեցան Գեզի այգու ցույցերը, որտեղ 2015 թվականին խայտաբղետ կոալիցիա ձևավորվեց՝ թույլ տալով ձախ կողմնորոշմամբ, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը առաջին անգամ մտնել խորհրդարան: Սա Թուրքիան է, որը 2015 թվականի հունիսին կարճ ժամանակով խափանեց Էրդողանի՝ իր իշխանությունը ընդարձակելու ամբիցիաները:

Երրորդ Թուրքիան.  Բռնապետական, պոպուլիստական, կրոնական ու գաղափարական: Այս Թուրքիան հիմնված է քաղաքական փիլիսոփայութան վրա, որը մեծապես անտեսանելի  է արևմտյան փորձագետների համար կամ արհամարված: Այս գաղափարախոսությունը նման է Մուսուլման եղբայրներ շարժման դրույթներին. մերժել Արևմտյան ինստիտուտները, հասարակության համար որոշումներ կայացնելիս հավատալ հետևորդների հանրության ուժին: Իշխանության սահմանադրական բաժանումները, անհատի իրավունքների պաշտպանությունն ու մամուլի ազատությունը մեծամասնության որոշելիքն է: Այլ բառերով ասած՝ համընդհանուր ընտրության արդյունքները արդարացնում են բոլոր այս սահմանափակումները:

Այսպիսով` Արդարություն և զարգացում կուսակցությունը վճռականորեն արհամարհել կամ մարգինալացրել է Թուրքիայի արևմտամետ ինստիտուտները՝ դատաիրավական համակարգը, մեդիան, կրթական համակարգը, բանակը, որպեսզի համախմբի իշխանությունը երկրի ներսում, իսկ տարածաշրջանում ստեղծի սուննի իսլամական կրոնական առաջնորդության ու քաղաքական հեղինակության իմիջը:

Շատերը հավատում են, որ Էրդողանն այս նպատակները մշտապես ունեցել է իր գլխում: Ոմանք էլ հավատում են, որ նա թեքվել է դեպի այս ծայրահեղ դիրքորոշումը վերջին տարիներին՝ տուրք տալով ընտրություններում աճող ձայներին ու իր իշխանությանը թուրքական որոշ ինստիտուտների դիմադրությանը: Չնայած նրա գործողությունները շարունակում են բևեռացնել երկիրը, իսկ նրա արտաքին քաղաքականության սխալները բազմաթիվ են, ոչ մի նախանշան չկա, որ նա կփոխի իր քաղաքական կուրսը կամ ընդդիմությունը կթուլացնի նրա իշխանությունը:


[Արևելյան խոհանոց]


Այս եռադեմ Թուրքիան դժվարացնում են այն խնդիրը, թե ինչպես վերաբերվել այդ երկրին: Թուրքիային պաշտպանող ավանդական կոալիցիան՝ ամերիկյան զինվորականությունը, ռազմաարդյունաբերական ընկերությունները, Կոնգրեսն ու հրեական խմբերը կորցնում են իրենց միասնականությունը: Թուրք-ամերիկյան հարաբերությունների միջնաբերդը համարվող Թուրքիա-ԱՄՆ խորհուրդը այլևս չունի իր երբեմնի հեղինակությունը: Նրանք, ովքեր պատկերացնում էին լիբերալացող Թուրքիա, հետաձգեցին իրենց հույսերը 2015 թվականի նոյեմբերի ընտրությունից հետո:

Անազատ ու բռնապետական Թուրքիան դեռևս ամբողջությամբ չի կորցրել իր նշանակությունը, սակայն աստիճանաբար ակնայտ է դառնում, որ ամերիկացի քաղաքական գործիչները Թուրքիայի դեպքում այլևս չեն կարող հիմնվել պատմական պատկերացումների վրա:

Վերջին տարիների իրադարձությունները միայն մեծացրին այս մարտահրավերը: Արաբական գարունից սկսած Թուրքիան թուլացրել է իրադարձությունները վերահսկելու իր կարողությունը: Մուսուլման եղբայրներին աջակցող ու սուննիամետ մոտեցումը հասցրել է քաղաքական փակուղու: Թուրքիան զոհաբերեց Իսրայելի վրա ունեցած իր լծակները՝ միջնորդի դեր ստանձնելու փոխարեն առաջ մղելով Պաղեստինյան հիմնահարցը: Անկարան շարունակում էր աջակցել Մուհամեդ Մուրսիին Եգիպտոսում, նույնիսկ երբ նրա կառավարությունը սահմանեց բռնապետական իշխանությամբ իսլամական սահմանադրություն: Կրկնվող հետախուզական զեկույցները ցույց են տալիս, որ Թուրքիան երկար ժամանակ քիչ բան է արել՝ թույլ չտալու Իսլամական պետության զինյալների մուտքը Թուրքիայից Սիրիա: Սիրիական սահմանին Թուրքիան հրաժարվում է որևէ ձևով օգնել քրդական ուժերին, որոնք Իսլամական պետության դեմ կռվող եզակի արդյունավետ ուժերից են:

  1. Թուրքիան օգտագործեց 2015 թվականի օգոստոսին ԱՄՆ-ի հետ կնքած Ինջիրլիքի ավիաբազայի վերաբերյալ պայմանագիրը, որպեսզի ավելի շատ ավիահարվածներ հասցնի Քրդական աշխատավորական կուսակցությանը, քան թե Իսլամական պետությանը: 
  2. Նոյեմբերին Անկարան խոցեց ռուսական ռազմական օդանավը՝ առաջ բերելով Մոսկվայի հետ հարաբերություններում երկարատև հետընթաց և խառնելով իր նպատակները Սիրիայում:
  3. Երբ Թուրքիան գերակատարեց իր դերը Հյուսիսային Իրաքում՝ հավելյալ զորքեր ուղարկելով, դեկտեմբերին Իրաքի և ԱՄՆ-ի ճնշման տակ ստիպված էր դուրս բերել դրանք:
  4. Երկրի ներսում Արդարություն և զարգացում կուսակցությունը հետևողականորեն ուժեղացնում է Քրդական աշխատավորական կուսակցության նկատմամբ բռնությունը՝ մեծացնելով քաղաքացիական պատերազմի ու քուրդ զինյալների հարձակումների դեպի արևմուտք տարածվելու մտավախությունը:

2015-ը տարի էր, որը Վաշինգտոնին ու Անկարային ավելի բաժանեց: 2016 թվականը կարող է դառնալ այն տարին, երբ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքում իր քաղաքականությունը կառուցելիս ավելի պակաս կհենվի Թուրքիայի վրա: Եթե Միացյալ նահանգները ավելի լավ չպատկերացնի, թե Թուրքիան ինչպիսին է դարձել հիմա, կշարունակի հիասթափություն ապրել Անկարայի հետ գործ ունենալիս:

Գրել կարծիք