[ Արեվելյան խոհանոց ] Հայ-թուրքական սահմանն ի՞նչ կապ ունի ԻՊ-ի հետ

[ Արեվելյան խոհանոց ] Հայ-թուրքական սահմանն ի՞նչ կապ ունի ԻՊ-ի հետ

Ինչո՞ւ է «Իսլամական պետությունը» Հայաստանի համար սպառնալիք, հայ-թուրքական սահմանի բացումն էլ` այդ սպառնալիքի խթանիչ:

Բեռլինում հանդիպման ժամանակ հայ և թուրք լրագրողները պետք է նշեն այն սպառնալիքներն ու ռիսկերը, որոնք կարող են ի հայտ գալ, երբ հայ-թուրքական սահմանը բացվի: Հայ պատվիրակը որպես Հայաստանի համար սպառնալիք գրում է «Իսլամական պետություն» խմբավորման անունը:

Դեռ գրելը չվերջացրած, թուրք լրագրողը պահանջում է հանել այդ դրույթը, ևս 2 թուրք պատվիրակներ կարծում են, որ հայ-թուրքական սահմանի բացումը Իսլամական պետության հետ կապ չունի: Նրանց կարծիքով` Իսլամական պետությունը Հայաստանի համար ընդհանրապես սպառնալիք չէ: Ահաբեկիչները երբեք չեն հայտարարել, որ հայերն ու Հայաստանը իրենց թշնամին են կամ իրենց համար թիրախ են:

Չնայած թուրքական կողմի անհամաձայնությանը՝ հայ պատվիրակը պնդում է, որպեսզի «սպառնալիքներ» խորագրի տակ «Իսլամական պետություն» գրությունը մնա: Իսկ ինչո՞ւ է «Իսլամական պետությունը» Հայաստանի համար սպառնալիք, հայ-թուրքական սահմանի բացումն էլ`այդ սպառնալիքի խթանիչ:

1. Թուրք-սիրիական սահմանը գրեթե չի վերահսկվում, կամ էլ Թուրքիան դիտավորյալ աչք է փակում սահմանի երկու կողմում ահաբեկիչների ազատ տեղաշարժի վրա: Տվյալ պայմաններում, եթե հայ-թուրքական սահմանը բացվի, Հայաստանը փաստացի կդառնա նաև «Իսլամական պետության» հարևանը:

2. Հայաստանը «Իսլամական պետություն» խմբավորման տարածքներին աշխարհագրորեն ամենամոտ քրիստոնյա պետությունն է: Իրաքում ահաբեկիչների հսկողության տակ գտնվող ծայր հյուսիս-արևելյան Մոսուլ խոշոր քաղաքի ու Երևանի միջև տրածությունն ուղիղ գծով ընդամենը 445 կիլոմետր է: Ահաբեկիչները չեն էլ թաքցնում, որ իրենց պայքարը կրոնական երանգ ունի և ուղղված է «անհավատների» դեմ: Ունենալով համաշխարհային կրոնական պատերազմ հրահրելու նպատակ՝ նրանք ինչո՞ւ պետք է շրջանցեն իրենց ամենամոտ քրիստոնյա պետությունը:

3. «Իսլամական պետության» կազմում կռվում են հազարավոր ահաբեկիչներ ոչ միայն Թուրքիայից, այլև Ադրբեջանից, որոնք ազատ ելումուտ ունեն Թուրքիա, այնտեղից` Սիրիա, ու հակառակը: Նրանց մեծ մասը փոքր տարիքից ենթարկվել է հակահայ քարոզչության և համոզված է, թե իր գլխավոր թշնամին հայն է: Ինչո՞ւ պետք է «Իսլամական պետությանն» անդամագրվելուց հետո այդ մարդը հրաժարվի քարոզչական կարծրատիպից:


Թուրքական բարեկամություն` թշնամու հետ


4. Թուրքիայի հասարակության ներսում կան «Իսլամական պետության» հազարավոր համակիրներ՝ բացահայտ կամ թաքնված: Պատահական չէ, որ պատվիրակների քննակումից մի քանի օր անց Ստամբուլում հանդիպում էին Թուրքիայի ու Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքականները: Հանդիպումը սկսելուց առաջ, ինչպես այդ օրերին աշխարհի բոլոր երկրներում, մարզիկներն ու երկրպագուները պետք է 1 րոպե լռությամբ հարգեին Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակը: Հազարավոր թուրք երկրպագուներ լռելու փոխարեն վանկարկում էին՝ ալլահու աքբար (ալլահն ամենազոր է):

5. Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, որի տարածքն ամենամոտն է ահաբեկիչներին: Տարածաշրջանում Ռուսաստանը ռազմաբազա ունի միայն Հայաստանում և Սիրիայում:

6. Հայաստանի տարածքում գտնվում են «Իսլամական պետությանը» հարվածներ հասցնող երկրների դեսպանատները՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա: ԱՄՆ դեսպանատունն ընդհանրապես ամենախոշորն է տարածաշրջանում: Մի՞թե թուրք-սիրիական սահմանի անվերահսկելիության և հայ-թուրքական սահմանի բացման պարագայում այս երկրների դիվանագիտական հաստատություններն ահաբեկչության թիրախ չեն դառնա:

Գրել կարծիք