Ինչպե՞ս հիշել ամեն ինչ. Լոկիի մեթոդը

January 17, 2018

Լոկիի մեթոդը ստեղծվել է Հին Հռոմի հռետորների կողմից, ովքեր չէին կարող օգտվել գրառումներից ու նշումներից և ելույթի ողջ բովանդակությունը պահում էին իրենց մտքում: Մեթոդի էությունը հետևյալն է. փաստերը, տեղեկությունները հարկավոր է «կապել» ձեզ քաջ ծանոթ տեղերի հետ: Այդ տեղեկությունները կարող են լինել, օրինակ, օտարալեզու բառերը, ելույթի տեքստերը, գնումների ցանկը և այլն: Եվ ահա թե ինչպես է պետք դրանք մտապահել:



Փուլ 1-ին. կառուցեք ձեր հիշողության ամրոցը


Ընտրեք ինչ-որ մի վայր: Այն պետք է ձեզ շատ ծանոթ լինի, և որ դուք այն հեշտությամբ կարողանաք պատկերացնել ամենայն մանրամասնությամբ ու մտքով տեղաշարժվեք դրա մեջ: Դա կարող է լինել, օրինակ ձեր բնակարանը: Պատկերացրեք բնակարանը ձեր մտքում և որոշակի հերթականութամբ սենյակից սենյակ անցեք:
Տարբերակիչ մանրամասների ցանկ կազմեք այդ վայրի համար: Բնակարանի դեպքում դրանք կարող են լինել կահույքի մասերը, դեկորները և այլն: Մանրակրկիտ ուսումնասիրեք տարածքը, ասես տան ամեն անկյունում մաքրություն եք անում և ամեն ինչի վրայից մաքրում եք փոշին:
Պատկերացրեք ինքներդ ձեզ Հիշողության ամրոցի մեջ: Սա ամենակարևոր պայմանն է այս մեթոդը կիրառելու համար: Պատկերացրեք, թե ինչպես եք շարժվում այս տարածքում՝ ձեր որոշած երթուղով: Հարկ եղած դեպքում թղթի վրա նշումներ արեք: Ամեն անգամ սկսեք միևնույն տեղից, իսկ վերջացնելուց հետո անպայման վերադարձեք նույն կետին:

Փուլ 2-րդ. ասոցացիաներ ստեղծեք ձեզ համար


Երբ ավարտեք Հիշողության ամրոցի «շինարարությունը», սկսեք ընտրել այն տեղերը, որոնք ձեզ կօգնեն մտապահել անհրաժեշտ տեղեկությունները: Մոտեցեք այս գործին ստեղծագործաբար: Փորձենք այս տարբերակով հիշել գնումների ցուցակը:
Պատկերացրեք, օրինակ, որ կաթն ու մածունը նստած են բազմոցին ու թերթ են կարդում, իսկ ձվերը շուրջպար են բռնել սենյակի կենտրոնում, կաղամբը, ստեպղինն ու լոլիկը սեղանի շուրջ նստած զրուցում են եղանակի մասին: Լոգարան հասնելով՝ պատկերացրեք, որ լվացքի փոշին ատամներն է լվանում, իսկ լոգախցիկում ցնցուղ է ընդունում ապակի մաքրելու միջոցը: Այո, որքան անհեթեթ ու զվարճալի լինեն ձեր պատկերացումները, այնքան ավելի լավ, որվհետև այդպես ավելի հեշտ կմտապահեք դրանք:


Կարդացեք նաև.



Փուլ 3-րդ. սկսեք շրջագայել հիշողության ամրոցում


Շրջեք «սենյակներում», որպեսզի համոզվեք, որ ամեն ինչ հիշում եք: Ահա և վերջ, կարող եք գնալ գնումների հետևից առանց ցուցակի:
Անշուշտ, գնումների ցուցակը միակ բանը չէ, որի համար արժե կիրառել Լոկիի մեթոդը: Գնումների ցուցակը մտապահելը ավելի շատ կարող է ծառայել որպես վարժանքի միջոց մեթոդը յուրացնելու համար: Բայց երբ վստահ լինեք, որ առանց դժվարության մտապահում եք գնումների ցանկը, կարող եք անցնել ավելի բարդ ու կարևոր տեղեկություններ մտապահելու գործին:
Ավելի շատ տեղեկություններ մտապահելու համար ստեղծեք մեկից ավելի Հիշողության ամրոցներ: Հյուրանոցում հանգստանալիս, օրինակ, փորձեք մտապահել դրա կառուցվածքը, միջանցքներում և սենյակում իրերի դասավորությունը, այգում զբոսնելիս ուշադրություն դարձրեք նստարանների, ցայտաղբյուրների ու ատրակցիոնների տեղադրությանը և այլն: