Ապագայի մարզադաշտը. Սանտյագո Բերնաբեուի վերակառուցման հավակնոտ ծրագիրը

November 11, 2014

Մադրիդի Ռեալը աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբն է: Սա ըստ Forbes-ի: Սրա հետ չենք էլ վիճում: Գուցե սրանից էլ բխում են Սանտյագո Բերնաբեու մարզադաշտի վերակառուցման մարկետինգային գունավոր չափազանցությունները:
«Մենք ոգեշնչվել ենք միջնադարյան եկեղեցիներից, հուշակոթողների շուրջ դրված արձաններից, որ պատմում են իրենց պատմությունը»,- CNN-ին այսպես է պարզաբանել ճարտարապետ Ֆոլկվին Մարգը՝ արքայակնների ստադիոնի նոր տեսքը պատկերող ճարտապետը:
Սանտյագո Բերնաբեուի վերակառուցումը վստահված է «Gerkan» գերմանական ճարտարապետական ընկերությանը: 70 տարի առաջ կառուցված ստադիոնը տրասնֆորամցվելու է մանրածախ առևտրի տարածքի, ռեստորանային և հյուրանոցային համալիրի: Բերնաբեուն արտաքուստ մի մեծ էկրան է հիշեցնելու, որը ցուցադրելու է Չեմպիոնների Լիգայում ակումբի 10 հաղթանակները:
«Այդ սուրբ բանի՝ Ռեալի պատմության ցուցադրման համար հատուկ ապակե պոդյում ենք նախագծել: Արտաքուստ հսկա էկրան է հիշեցնելու: LED լուսավորման համակարգի միջոցով ստադիոնի «կեղևը» հայելու էֆեկտ է ունենալու և լուսարձակելու է ու թրթռալու»:
Համարձակ, գեղարվեստական ու հեռուստատեսային... Ապագայի Սանտյագո Բերնաբեուն անհամեմատելի հեռու է պատերազմի տարիների ավերակներից, որտեղ Ռեալը սկսել էր իր վերածնունդը մոխրից: 1944-ի հոկտեմբերի 27-ին սկսեցին մազրադաշտի շինարարական աշխատանքները ակումբի հին Չամարտին ստադիոնի հարևանությամբ: Չամարտինի փայտյա տրիբունաները վառելափայտի էին վերածվել 1936-1939-ի Իսպանական քաղաքացիական պատերազմի ժամանակ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից 4 օր առաջ Հանրապետականներն ամուր դիմակայություն ցույց տվեցին գեներալ Ֆրանկոյի ազգայնականներին: 5 տարի անց Սանտյագո Բերնաբեուն էր, որ 1943-ին դարձավ ակումբի նախագահ` ձեռքում պահելով բրիչը, որով առաջինը փորեց նոր մարզադաշտի հողը, որը պետք է իր անունով կոչվեր:

Պատերազմի նախաշեմին, Բերնաբեուն, չիմանալով՝ քամին որ կողմ կփչի, ընդհատակ անցավ` ապաստան խնդրելով Ֆրանսիայի դեսպանատնից,- գրում է Ֆիլ Բոլն իր՝ «Սպիտակ փոթորիկ՝ Մադրիդի Ռեալի 101 տարիները» գրքում:

«Ահա մի լավ օրինակ, թե ինչպիսին էր Հանրապետական Ռեալ Մադրիդը այն ժամանակ. Կարլոս Ալոնսոն` ակումբի ադմինիստրացիայի համակարգողը և հայտնի կումունիստը, Բերնաբեուի մասին զեկուցեց իշխանությանը: Այդ հակաֆաշիստական ճնշող մեծամասնության միջավայրում, Ֆրանսիայի դեսպանի միջամտությունը միայն փրկեց Բերնաբեուի կյանքը»:

Արդյոք այս միջադեպը Սանտյագո Բերնաբեուին ստիպեց փոխել քաղաքական կողմնորոշումն այդ ժամանակ, անհայտ է: Բայց մի բան հստակ է. պատերազմի ժամանակ նա մոլեռանդորեն կռվում էր նացիոնալիստների կողմից:
«Եթե Ֆրանկոն չհաղթեր պատեազմում, այսօր ոչ ոք չէր իմանա Բերնաբեուի մասին»:
Ռեալի նախագահը օգնեց ֆրանկոիստներին գրավել իշխանությունը: Նրանք էլ փոխհատուցեցին՝ օգնելով ոտքի կանգնեցնել պատերազմից գրեթե ոչնչացած ակումբը և լցնել Ռեալի թանգարանը գավաթներով: Բերնաբեուն օգտագործեց իր կապերը, և Ռեալը վերածնվեց փյունիկի պես:
«Ստադիոն գնելու համար պետք էր հողատարածքը գնել, որի համար էլ հարկավոր էր վարկ ունենալ: Banco Mercantil-ը տվենց նրան այդ գումարը»:
1947-ին բացված մարզադաշտը գրավեց Մադրիդի հյուսիսի կանաչապատ հողերը, թեպետ քաղաքի ճարտարապետական զարգացումը ենթադրում էր հեղինակավոր Paseo de la Castellana թաղամասի կառուցումը Մադրիդ կենտրոնում:
Այսօրվա ճարտարապետների առջև խնդիր է դրված կառուցել մարզադաշտ, որը ներդաշնակ կլինի քաղաքային ակտիվ կյանքի հետ:
«Կարծում եմ այն կլինի աշխարհի ամենաինքնատիպ մարզադաշտն աշխարհում և յուրահատկությունն այն կլինի, որ ստադիոնը շատ մոտ կգտնվի քաղաքի կենտրոնում եռացող կյանքին,- վստահեցնում է Մարգը,- Սովորաբար քաղաքի մեջտեղում գտնվող ստադիոնը սպառնում է լինել մեծ, սև, կեղտոտ արկղ, ինչն ամենևին ողջունելի չէ: Ռեալի մարզադաշտը Մադրիդի կենտրոնում այդպիսին չի լինի»:
Այն համալիր կառույց է և 24 ժամյա ստադիոն՝ միշտ բաց այցելուների համար: Արքայական թիմը տնային խաղերը կանցկացնի հսկա առևտրի կենտրոնի, խանութների, ռեստորանների, բիզնես-սրահների և ակումբի հյուրանոցի, թանգարանի ու ստորգետնյա ավտոկայանի հարևանությամբ:
«Մեր նպատակն է նոր տիպի մարզադաշտ կառուցել, իսկական ուրբանիզացված ստադիոն, որը միայն մեկ ֆունկցիա չի ունենա: Այցելուները առաջինը հարցնելու են՝ ո՞ւր է հին ստաիդոնը: Այն թաքնված կլինի նորի ներսում: Ֆլորենտինո Պերեսը, որը մեծ ոգևորությամբ է ներգրավված այս ծրագրում, ցանկանում է մարզադաշտերի կառուցման նոր պատմություն գրել: Նա մեզնից պահանջել է ստեղծել «սրբապատկեր սրբապատկերի համար»:
Շարժական տանիքը, որը կբացվի ընդամենը 15 րոպեում, հնարավորություն կտա «սերուցքայիններին» խաղալ ցանկացած եղանակի: Այստեղ կարող են նաև, անկախ եղանակի քմահաճույքից, համերգներ կազմակերպվել:
Ռեալի մարզադաշտի վերակառուցման ծրագիրը գնահատվում է 400 միլիոն եվրո (507 միլիոն դոլար): Գործընկեր կազմակերպությունը International Petroleum Investment Company-ն է (IPIC): Իսպանական մամուլը շրջանառում է նաև Abu Dhabi group-ի հետ գործակցության լուրը, որը Ռեալի ղեկավարությունը չի հաստատում: Վերակառուցման համար երկու տարի ժամանակ է տրված: Գերմանական ճարտարապետական ընկերությունը սպասում է Մադրիդի իշխանության կանաչ լույսին՝ Թագավորական թիմի նանոստադիոնի կերտման համար: