Կոշկակարները. Պահանջված ու ծերացող

February 13, 2017

Եգիպտոսի Աղբահավքների կոչվող քաղաքում (քաղաքն այդպես է կոչվել, քանի որ աղբահավքների մեծ մասը հենց այստեղ է ապրում) գտնվում է Սուրբ Սիմեոն Կոշկակարի վանքը: Սրբադասված մարդկանց շարքում նա միակ կոշկակարն է: Ապրել է տասներորդ դարում և իր հավատքով ստիպել է սարին տեղաշարժվել: Այդ դեպքից հետո նրան ոչ ոք չի տեսել և ժայռափոր եկեղեցիների խումբն էլ կոչվել է նրա անունով:
Կոշկակարի մասին սա միակ լեգենդը չէ: «Հազար ու մի գիշերներ» արևելյան հեքիաթների ժողովածուում մի ամբողջ գլուխ կա կոշկակարների մասին: Այս հեքիաթների խումբը բաժանվում է մի քանի շերտերի և կոշկակարներին նվիրված  հատվածը տեղ է գտել հենց եգիպտական շերտում: Ամենահայտնի «Մարուֆ կոշկակարի մասին» պատմությունն է, որը հայտնի էր իր բարությամբ:
Հայկական իրականության մեջ լեգենդար կոշկակարներ գրեթե չկան: Ավելին, նրանց աշխատանքը հաճախ ասոցացնում են վատ արված որևէ գործի հետ: Օրինակ՝ կոշկակարի բարբառային ձևը՝ փինաչի, ասում են այն մարդկանց, ովքեր փնթի կամ թերի որևէ գործ են անում, իսկ «կոշկակարի բուտկա» արտահայտությունն էլ դարձել է մի տեսակ թևավոր խոսք և օգտագործում են, երբ ցանկանում են ընդգծել դիմացինի սենյակի կամ աշխատավայրի անճաշակ կահավորվածությունն ու նկարների բազմազանությունը: Վերջինս գալիս է նրանից, որ խորհրդային շրջանում ընդունված էր աշխատավայրը զարդարել սեքս-սիմվոլների նկարներով օրացույցներով և աֆիշներով: Բայց այդպես անում էին բոլորը, բայց, չգիտես ինչու, հիշում են միայն կոշկակարներին:
Երևանի կոշկակարները պնդում են, որ մասնագիտության պահանջարկը միշտ կա ու կլինի, սակայն արհեստը յուրացնել ցանկացողների թիվն է գնալով պակասում: Քաղաքում զրուցել եմ մոտ 20 կոշկակարի հետ, լուսանկարվել համաձայնեցին միայն երեքը: Նրանց բոլորի տարիքային նվազագույն շեմը 45-ն էր: