[Զինվորի օրագիր - 27] Բօզի Կալգոտկա կամ Մեխակի պոստ․ հայկական դիրքերի անվանումներն ու դրանց առանձնահատկությունները

July 22, 2017

Բօզի Կալգոտկա:  Գուցե կամ գոնե մեկ անգամ լսել եք: Սա մարտական հենակետ է Արցախում, ավելի ստույգ Մատաղիսի ամենաթեժ կետերից է: Վտանգավոր է երկու պատճառով: Մոտ է հակառակորդին և մի փոքր եռանկյունաձև է, երկու կողմերն էլ դիտարկվող են: Հակառակորդն այս դիրքի ուղղությամբ կրակում է, մինչդեռ մոտենալ չի կարողանում: Հայկական ու ադրբեջանական հենակետերի միջև մի փոքր ձոր է, միջին խորությամբ: Սա է պատճառը, որ որևէ արկածախնդիր չի կարողանում հատել սահմանը, նույնիսկ հատնվել չեզոք գոտում և դիվերսիոն փորձեր անում:
Ինչու և ինչպես է հենակետն այդ անվանումը ստացել, վարկածներին գուցե ծանոթ եք, սակայն իրական պատմությունը ոչ բոլորը գիտեն: Իրականում այդ դիրքն անվանում են Մեխակի պոստ: Արցախյան ազատամարտին կռված տղաներից մեկն է եղել, սխրանքով ու սառնասրտորեն պահել է դիրքը, պատժել հակառակորդին ու զոհվել: Մեխակ Մեխակյանի անունով նաև մոտակա սարն է: Ընդ որում Մեխակն էլ հուշել է դիրքի անունը:
Պատերազմի օրերին, երբ հակառակորդը խոցում էր հայկական կրակակետերը, արկերը շեղվում էին ուղղությունից ու թափվում էին ձորի լանջին, հատկապես ձմռան ամիսներին բարձրից նայելիս՝ պարզ երևում էր յուրաքանչյուր արկի ընկնելու վայրը, հեռավորությունը մյուսներից, խորությունը, առատությունը: Մեխակն էլ հրաձգությունից հետո, նայել էր, քմծիծաղ տվել, ընկերների հետ կիսվել. «Տղերք, ուշադիր նայեք, նման չէ բոզի կալգոտկի»: Լանջը վերածվել էր ցանցի, հեռվից ձյունը սպիտակ կտոր էր հիշեցնում, գուցե զուգագուլպա՝ ճիշտ անբարոյականների հագուկապի պես ու այդպես էլ ստացել էր անունը:
Այս անգամ մի քիչ կպատմեմ Հայաստանի ու Արցախի դիրքերի ու դրանց անվանումների մասին, իհարկե ոչ ամբողջ ծավալով և ոչ էլ մանրամասն: Անվանումները հրապարակելը երբեմն ավելի մեծ վտանգ կարող են ստեղծել, քան որևէ միջադեպի մասին նկարագրությունը:
Մարտական հենակետերը համարակալված են, հետևաբար առաջին հերթին դրանց ճանաչում են թվերով՝ առաջին պոստ, երկրորդ, երրորդ, 100-րդ, 1000-րդ եվ այսպես մինչև վերջ: Զինվորների համար այսպես հիշելը դժվար է, մինչև որ մեկ երկու անգամ կբարձրանան, անգիր կանեն: Սպաների համար դիրքը ներկայացնելու համար որևէ դժվարություն չկա, հիշում են անմիջապես ու թվարկում ճշգրտությամբ: Ընդ որում հենակետերի թվերը մշտական չեն, ոչ էլ անփոփոխ են, երբեմն, երբեմն էլ պարբերաբար փոխվում են, թարմացվում: Այդպես անվտանգ է:
Շատ պոստեր կան, որոնք մի քանի անուն ունեն: Իրենց ռազմական հասցեն՝ թիվն է, որով կապ են հաստատում վերադասի կամ մեկը մյուսի հետ: Եվ ունեն երկրորդ՝ ավելի հանրային պիտակներ: Յուրաքանչյուր անուն հետաքրքիր նախապատմություն ունի, վերջին 20 տարիների ընթացքում շատ տարբերակներ են եղել, զինվորները հավանել են մի քանիսը, ընտրել մեկն ու դա էլ փոխանցել նորեկներին:
Եվ այսպես. Դիրքերի անվանումները բաժանվում են մի քանի խմբի, դպրոցական առարկների պես: Կենսաբանական:  Դիրքեր ունենք, որոնց կենդանիների կամ ծառերի անուններով են կոչում: Առանց օրինակների կարող եմ ընդհամենը պատճառները թվարկել: Կենդանիների անուններով սովորաբար նկարագրում են զինվորները, ենթադրենք այդ տարածքում որևէ գիշատիչ է շրջում կամ որևէ շուն են ունեցել, որը տղաներին հավասար հսկել է սահմանը, արձագանքել հակառակորդի շարժը նկատելիս: Ծառերի անվանումները գալիս են բուսականությունից, որ ծառից այդտեղ շատ է, այդպես էլ հղում են անում: Լինում են նաև աղբյուրների անուններ, երբ օրինակ առվակներ կան մոտակայքում:
 Դիրքերն անվանում են նաև զինվորական կոչումներով: Թե ինչու, երբեմն նաև անհայտ է, հիմնական վարկածն այն է, որ այդ դիրքը երբեմն չի նահանջել, հակառակը, մյուսների համեմատ ամենատպավորիչ արդյունքն է գրանցել մարտական գործողությունների ժամանակ, գործել է համակարգված և առանց կորուստների կատարել մարտական խնդիրը, դրանից հետո էլ հենակետին աստղեր են շնորհել ու համարել, որ դիրքը բարձրաստիճան սպայի կարգավիճակ ունի՝ պրոֆեսիոնալ է ու անպարտելի:
Երբեմն դիրքն անվանափոխվում է, երբ կորուստ է լինում: Վերջին տարիներին այսպիսի դեպքեր լինում են: 18-ամյա դիրքապահները հաճախ են ոչնչացրել ադրբեջանցի հատուկ նշանակության զինծառայողներին, երբեմն կյանքի գնով: Այդ օրվանից էլ նրանց զինակիցներն այդ պոստի մասին խոսելիս ասում են օրինակ՝ Արմենի պոստ, Կյաժի պոստ, Ուրֆանյանի պոստ: Ընդ որում՝ դիրքն անուն է ստանում մեխանիկորեն, առանց որոշելու: Պարզապես մեկը, երկուսը զրույցների ընթացքում այդպես են սկսել պատմությունը և անունը դարձել է հիմնական ու շարունակական:
Հիմա երկու բառով հակառակորդի հենակետերի մասին: Անունները նույնիսկ քաղաքացիական լսարանի համար խիստ կանխատեսելի են: Ադրբեջանի գրեթե յուրաքանչյուր ուղղություն ունի «ոչխար» անվանումով դիրք: Մենք կարող ենք բազմաթիվ զգացմունքային մեկնաբանություններ անել, ասել, որ այդպես են անվանակոչել ի պատիվ հենակետի բնակիչների, մինչդեռ պատճառները մի փոքր օբյեկտիվ են: Նրանց դիրքերից ոչ հեռու ոչխարի հոտեր են արածեցնում, սահմանամերձ գյուղերի անասուններն են, երկրորդը՝ զինծառայողները հեռախոսներով նմանատիպ գաղտնանուններով են շփվում, հետևաբար լավագույն տարբերակն իրենց համար որպես «Ոչխար» ներկայանալն է:
Հայկական դիրքերի անունները հակադարձ համեմատական են նրանց password-ներին և ուղիղ համեմատական սահմանային իրավիճակին: Նրանք որոշել են դիմել «ոչխարով», մերոնց դիրքերի անունները «արծիվ» են կամ «գեներալ»: Այդ սուբորդինացիայով էլ շփվում են՝ նրանք անհեռանկար հարձակումներով, մերոնք հաշվարկված և նպատակային խոցումներով:  
ԵՎ փոքրիկ պատմություն նրանց և մեր հրամանատարների տարբերությունների մասին: Արցախի «պալկա»-ները (զորքերում այդպես անվանում են գնդի հրամանատարներին, գնդապետներին) փորձված են ու հպարտություն՝ ենթակաների համար: Հակառակ կողմում հրամանատարներ են, որոնք ձգտում են չհրապարակել իրենց անցյալը, մասնակցությունը պատերազմին: Նրանցից շատերը ողջ են մնացել և հրամանատար դարձել՝ մեկ պատճառով, պատերազմի օրերին եկել են առաջնագիծ ու անմիջապես փախուստի դիմել, թողնելով զինակիցներին էլ, դիրքն էլ, որը պիտի պաշտպանեին: Հեռու մի գնացեք: Ադրբեջանի պաշտպանության նախարարի կյանքի այդ դրվագները բոլորին են հայտնի: 1990-ականների սկզբին նա սպա էր, որ ուղարկել էին առաջնագիծ, մինչդեռ կռիվների ընթացքում նրան այդպես էլ չտեսան, վերադարձել էր թիկունք:
50: Գնդապետ Կարեն Գրիգորյանին շատերն այսպես են ճանաչում: Արցախի ուղղություններից մեկը հսկող զորամասի հրամանատարն է: Գիտեք ինչու են նրան այդ թվով հիշում, որովհետև պատմություններ կան, որոնք վկայում են, որ գնդապետն այն ժամանակ միայնակ 50 դիրք է ազատագրել: Պատմելը, գրելը չափազանց հեշտ է, պատկերացրեք 50 կետ՝ հենակետ ստեղծել, պահել ու հիմա էլ վերահսկել: Մոնթե պահած ուղղությունն այսօր նրան են վստահել, իրականացնում է պատվով ու պատասխանատվությամբ, ժամկետայիններին հարցրեք ու համոզվեք:
Վերջին տարիներին նրա ղեկավարած զորամասը կորուստներ գրեթե չի ունեցել, կասեցրել է հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը: Սա շուրջօրյա ծառայության շնորհիվ է՝ ամեն օր դիրքերում և հասանելի ցանկացած պահին և ցանկացած կետում: Ընդ որում առաջնագիծն անխոցելի է, թիկունքը նույնպես: Զորամասի կարգուկանոնն ամեն ինչ ասում է, զորքը հարգում է խիստ հրամանատարին: Գնդապետն էլ չափազանց ուշադիր է՝ զինվորի օրակարգի, հանգստի ու սննդի նկատմամբ: Վերջինը՝ առավել ևս: Գրեթե ամեն օր զորքից առաջ անձամբ է շրջում ճաշարանում, առաջինը համտեսում ճաշատեսակը, հետո միայն թույլ տալիս մատուցել: Երբեմն զինվորի է կանչում, խնդրում ուտել ճաշը, լսում նրա գնահատականն ու դիտողությունները: Խոհարարները համոզվել են, եթե ճաշը չբավարարեց հրամանատարին՝ տեղում կթափեն, նորը կպատրաստեն:
Սիրում է զինվորին, որդու պես, աշխատում յուրաքանչյուրի հետ, տեղեկանում խնդիրներին, խորհուրդներ տալիս: Այսպես կարելի է ենթակաների հարգանքին արժանանալ, հետևաբար գերազանց ծառայել ու կայացած տուն վերադառնալ: Զորակոչ է, հետևաբար զորացրումն էլ ընթացքի մեջ է, դիմավորել վերադարձողներին ու հարցրեք, վստահ եմ. Չեն ժխտի: