#48 Հրանուշ Հակոբյան. Միգրանտների մոլորակը

September 5, 2015

newmag/ շապիկ  #63 Ջազում միայն լեգենդներն են





Ա. Ա. - Հաճախ ասում են, որ սփյուռքը համալրում են մարդիկ, որոնք Հայաստանից հեռանում են ոչ թե տնտեսական դժվարությունների պատճառով, այլ որովհետև այդպես ցանկանում են: Նրանց համար Հայաստանի ապագան մշուշոտ է: Սփյուռքի հետ հանդիպումներում Դուք այս խնդիրը տեսնո՞ւմ եք: Խոսո՞ւմ են մարդիկ այդ մասին` տնտեսական ճգնաժամ, գործազրկություն...
Հ. Հ. - Ինչո՞ւ եք ինձ տնտեսական խնդիրների մասին հարցնում...
Ա. Ա. - Սփյուռքի նախարարությունը համալրվում է նոր հոգսերով: Դուք գնում եք՝ զբաղվելու մարդկանց խնդիրներով, որոնցով չեք զբաղվել երկրի ներսում:
Հ. Հ. - Շատ համապարփակ հարց եք տալիս, համակարգային: Նախ՝ ասել, թե սփյուռքն ինչ է մտածում կամ ինչպես է վերաբերվում կամ տեսնում Հայաստանի ապագան, ընդհանրական է: Չկա մի կառույց, որն ամբողջական ներկայացնի սփյուռքի մտահոգություններն ու կարծիքը: 7 միլիոն մարդ. ամեն մեկը կարող է տարբեր պատասխան ունենալ Ձեր բարձրացրած հարցերին. մեկը լավատես է, մյուսը՝ մտահոգ, երրորդը, ինչ էլ անես, միևնույնն է, դժգոհ է. կախված է ավելի շատ մարդու տեսակից, նրա բնավորությունից, ցանկություններից և ապագայի իր տեսլականից…
Ա. Ա. - Ստեղծված պայմանների պատճառով են մարդիկ արտագաղթում. ոչ ոք չի զբաղվում այդ հարցերով: Եվ ահա հայտնվում է նախարար Հրանուշ Հակոբյանը և ասում` ինչո՞վ կարող եմ ձեզ օգնել: Ավելի սյուրռեալիստական մոտեցում պետություն և քաղաքացի հարաբերություններում դժվար է պատկերացնել:
Հ. Հ. – Պարո՛ն Ալեքսանյան, համամիտ չեմ, որ ոչ ոք չի զբաղվում այս կամ այն հարցով. ամեն կառույց իր գործառույթներն ունի: Մեր օբյեկտը, որի հետ աշխատում ենք, սփյուռքն է: Մեր գործառույթը երկրի ներսում քաղաքացիների տնտեսական, սոցիալական խնդիրներով զբաղվելը չէ: Ընդհակառակը, մենք պետք է կարողանանք սփյուռքի հետ գործակցության եզրեր գտնել, բերել այդ ներուժը Հայաստան՝ թեթևացնելու Հայաստանի և Արցախի հոգսը: Իհարկե, բարդ ժամանակահատված է՝ տնտեսական ճգնաժամ, «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը: Այսօր Հայաստանի և ԼՂՀ-ի համար առավել կարևոր խնդիր, քան պաշտպանության և անվտանգության հարցերը և բանակի ամենօրյա վերազինումը, մարտունակության բարձրացումը, կարծում եմ, չկա: Եթե չվերազինվենք, կարող ենք այլ խնդիրների առաջ կանգնել...