[newstory] Աշնան արևը կորցրել էր ժպիտը․․․ (ՄԱՍ 1)

April 9, 2017

1


 Երեկո էր․անձրևից հետո ասֆալտից բարձրացող սառը գոլորշին աղջամուղջով էր պատել շրջակայքը։ Լուսնի մահիկը սփրթնած ու վախվորած թաքնվել էր ամպերի հետևում։ Եղանակը գնալով նմանվում էր սիրո ջերմությունից զրկված, սառն ու անտարբեր կնոջ դատարկ հայացքին, ով, թվում էր՝ կորցրել էր արևի լույսը տեսնելու բոլոր հույսերը։ Ծառերի տերևներից երբեմն թափվում  էին անձրևից մնացած կաթիլները՝ իրենց հետ մի դեղնավուն տերև պոկելով։ Այգին ու արահետը պատված էին դեղին-կարմիր տերևների թափթված կույտերով, որ կարող էին ներշնչանք դառնալ նկարչության հակում ունեցող ցանկացած մարդու համար։ Արդեն մթնում էր. քամին հանդարտվեց ու մառախուղը հետզհետե ցրվեց՝ ասես չէր եղել։ Մթության մեջ երկու ստվեր են նկատվում․ սիրահար մի զույգ շտապ քայլերով մոտենում է  բաժանման թվացյալ ժամանակավոր կետին։
Բարձրահասակ, միջին կազմվածքով, լայն ուսերով ու մթության մեջ պսպղացող մուգ դարչնագույն աչքերով տղան ու միջինից բարձրահասակ, սև ու փոքր ինչ ալիքաձև մազերով, լայն ճակատով,  փոքր ինչ թախծոտ, շագանակագույն, պսպղուն աչքերով աղջիկը մթնշաղի մեջ ջերմացրին ցրտից սառած շուրթերը համբույրի հրով։ Տղան զինվորական հագուստով էր՝ ըստ երևույթին, նոր  լվացված ու կոկիկ արդուկված։ Աղջկա անշպար դեմքը լուսնի լույսի տակ խորհրդավոր վեհություն է ստացել։ Աղջիկը սառած մատները ջերմացնում է տղայի ափի մեջ, իսկ վերջինս նայում է աղջկա՝ սև սաթի պես փայլող աչքերին՝ սանձելով մարդկային սիրո անզուսպ ցանկությունները։ Տղան ծառայում է քաղաքային զորամասում, աղջիկն ուսանողուհի է բժշկական համալսարանի ավարտական կուրսում․ ազգի նվիրյալներ՝ զինվոր և ապագա բժիշկ․ իդեալական է։ Քայլերն արագացան․ տղան արձակումից է ուշանում, պետք է արագ ճանապարհել ընկերուհուն, ով մինչև ժամը 21-ը պիտի հասնի տուն․ տուն, մի՞թե նա տնից էր եկել։
Սոնան (այդպես էր աղջկա անունը) եկել էր զորամասի տեղակայման վայրից ոչ հեռու բնակվող մորաքրոջ տնից։ Մորաքույրը գիտի իր և Նաիրիի սիրո մասին, որն արդեն հինգ տարի հաղթահարել է բազմաթիվ խոչնդոտներ, սակայն ամենամեծ խնդիրը Սոնայի ծնողների վերաբերմունքն է Նաիրիի նկատմամբ։ Մանվելը՝ Սոնայի հայրը, խստաբարո և ավանդապաշտ մարդ է, ու նրա համար անընդունելի է աղջկանից երկու տարով փոքր, կաթոլիկ համայնքից ու մեծախոս «փեսայի» հնարավոր գոյությունը, ուստի միակ մարդն, ումից Սոնան կարող է որոշակի աջակցություն ստանալ, տիկին Գոհարն էր։ Հենց նրանց տանն էր մեծ մասամբ հանդիպում զույգը, ու մորաքրոջ տուն այցելություններն էին պատեհ առիթ հանդիսանում Սոնայի համար՝ այցելելու իր սիրելիին։
Հապճեպ քայլերն արագ հասցրին զորամասի մոտ, որտեղ աղջկան էր սպասում նախօրոք պատվիրված տաքսին։ Սոնան նստեց ու հեռացավ՝ չմոռանալով արդեն ավանդական դարձած «կսպասեմ վերադարձիդ»-ը․․․
 - Բան չմնաց, կավարտես ուսումդ, ես էլ մի քանի օրից կվերադառնամ ու․․․
 -․․․Կամուսնանք,- Նաիրիին ակամա շարոնակեց Սոնան․ վերջերս նրանք առանձնակի արագ էին կարդում միմյանց մտքերը՝ նույնիսկ առանց ավարտելու։
 - Կփախցնեմ քեզ, ամենաարագ ու ճիշտ տարբերակը, թերևս, դա կլինի։
 - Քեզ հետ աշխարհի ծայրն էլ կգամ։ Ցավալի է հարազատներիս հետ ընդհանուր լեզու չգտնելդ, բայց միակ հույսս այն է, որ գոնե մեր միասին լինելուց հետո նրանք կհամակերպվեն ու աստիճանաբար կընդունեն մեր միությունը։
  - Համենայնդեպս պիտի հասկանաս, որ ինձ հետ գալ՝ կնշանակի հրաժարվել բոլորից, մնալ՝ կնշանակի ամուսնանալ առաջին պատահածի հետ՝ առանց զգացմունքների, ու թերևս այն, որ սրտումդ ես եմ, ավելի վատ հետևանքներ կունենա․․․ նրա մեջ անընդհատ ինձ փնտրելու ապարդյուն փորձերդ ուղղակի ավելի կկործանեն երկուսիդ էլ․․․
 -Մի շարունակիր, չի լինի նման բան, ամեն բան որոշել եմ արդեն ու համոզված եմ՝ միասին կլինենք ողջ կյանքում։ Այժմ շտապիր՝ չուշանաս․․․Կսպասեմ վերադարձիդ․․․    
 Զույգը բաժանվեց: Տարօրինակ մի մտայնությամբ նրանք շատ ամուր գրկեցին իրար ու հրաժեշտը եղավ, առավել քան երբևէ, հուզիչ ու երկարատև․ թվում էր՝ վերջին հրաժեշտն է սա, քանզի օրեր անց աղջկն իր սիրելիին կդիմավորի զորամասից շատ ավելի հեռու՝ ընդմիշտ միասին լինելու նպատակով։ Թվում էր․․․
Նաիրին մտավ զորամաս, պատշաճ կարգով ներկայացավ վերադասին ու քայլերն ուղղեց դեպի արդեն հարազատ դարձած գումարտակի շենք, որին մի քանի օրից մեկընդմիշտ հրաժեշտ էր տալու։
«Կսպասեմ վերադարձիդ»․ արտահայտություն, որ հաճախ ենք հնչեցնում կամ մեզ է ուղղվում, սակայն իրականում մարդկային կարողությունների սահմաններից վեր է ճակատագիրը մեզ ենթարկեցնելը։ Ճակատագիրն ավելի անկանխատեսելի ու անսպասելի քայլերի է ընդունակ, քան՝ անգամ ամենաարկածախնդիր ու տարօրինակ մարդը, թեև հաճախ հենց վերջիններիս միջոցով է Ճակատագիրն իր անակնկալները մատուցում․․․
Մյուս ճանապարհն ավելի կարճ թվաց՝ արագընթաց տաքսիի հաշվին, որը Սոնային հասցրեց մինչև կիսով չափ մարած լույսերով շենքի բակը՝ մինչև երկինքը կծանրանար հավաքված ամպերի կույտից ու ցած կթափեր անձրևի նոր մի չափաքանակ։ Սոնան արագ հասավ իրեն անհրաժեշտ հարկն ու ներս ընկավ տուն՝ իր հետ տանելով անսպառ դրական լիցքեր և կենսուրախություն։ Տիկին Գոհարն անհամբեր սպասում էր զարմուհուն՝ լսելու օրվա բոլոր մանրամասները։
 Ծանոթացել էր զույգը Նաիրիի զարմիկի հարսանիքի ժամանակ, հետո տղան այցելել էր մորաքրոջ տուն, որտեղ հանդիպել էր նրա հարևանուհու դստերն, ով թեև ակամա, բայց փոթորկալից կերպով մուտք էր գործել Նաիրիի սրտի տիրույթը։ Պատահական այցերը հաճախակի բնույթ ստացան և աստիճանաբար վերածվեցին երկկողմանի անհրաժեշտության, նրանց սերն արտահայտվեց առանց բառերի ու ձևականությունների, ուղղակի հասկացան, որ պետք են իրար, որ անհնար է առանց մեկմեկու։
 Կեսգիշերն անց էր· հարևան պահեստներից լսվում է շների հաչոցը, լուսինը տարօրինակ պայծառությամբ լուսավորում է վեցերորդ պահակակետի՝ ցրտից սառած փշալարե արգելանոցները, շները հաչում են՝ աննպատակ ու անհասկանալի մեղեդի հիշեցնելով․ «Արդյո՞ք նրանք էլ ունեն հոգսեր, մի՞թե շներն էլ են ցավ ու ուրախություն կիսում, սեր ու հոգսեր ունենում, լքում ու դավաճանվում․․․ Մի բան հաստատ է՝ նրանք ավելի անդավաճան են, քան իրենց տերերը։ Եթե միայն մարդիկ էլ ունենային շների հավատարմությունը, եթե միայն նրանք էլ շան նման լուռ ու անձայն նվիրվեին միմյանց»․․․Պահակակետում զինված ժամապահն անհանգիստ այս ու այն կողմ է քայլում՝ րոպե առաջ սպասելով սիրելիի զանգին․ չլինի՞ հեռախոսն ընկել է եղբոր ձեռքը, կամ գուցե հա՞յրն է բարկացել վրան։ Անհանգստությունից կրծոտում էր եղունգներն ու անընդհատ զանգում հարազատ համարին, որը, թվում է՝ իրեն տանջելու համար, չի պատասխանում։ Որքան էր փորձել հասկացնել Սոնայի եղբայրներին իրենց անխախտ սիրո նշանակությունը, փորձել էր անգամ խոսքը բռունցքով փոխել, բայց անօգուտ ու աննպատակ էր ամեն բան։ Կարենն ու Սամվելը (հատկապես ավագը՝ Կարենը) առանձնակի դժկամություն էին դրսևորում Նաիրիի նկատմամբ, ու թեև դա փոխադարձ էր, վերջինս անզոր էր․ միակ հույսը, թերևս, մնում էր Սոնայի անմնացորդ սերը․ միակ ու ամուր հույսը, որից պետք էր կառչել մինչև վերջ։ Անօգուտ սպասելով ընկերուհու զանգին՝ տղան ընկավ հիշողությունների գիրկը, որոնք, թերևս, միակ սփոփանքն էին անտանելի երկու ժամն անցկացնելու․ որքան զույգ ժամեր էր անցկացրել Նաիրին պահակակետերում, բայց այժմ հաշված օրեր, ու նա հավետ կանցներ զորամասի պատմության գիրկը՝ միաժամանակ նետվելով Սոնայի գիրկը։ Հիշում է՝ զորակոչվելուց առաջ Սոնային տարել էր հայրական տուն՝ ծանոթացնելու ծնողների հետ․ վերջիններիս ուրախությանը չափ չկար՝ մոր համար Սոնան չորրորդ դստեր նման էր, հոր աչքերը փայլում էին հպարտությունից․ Նաիրին (ծնողների ամենափոքր ու սպասված երեխան) արդեն հասուն տղամարդ էր դարձել, ընկերուհի ուներ։ Սենյակում մենակ էին, նրանց ձեռքերն ակամա իրար գտան, լուռ հայացքներն անթարթ էին, բայց աչքերը փակվեցին ու շուրթերը միացան, այդժամ ոչ մեկն այլևս ի զորու չէր նրանց խանգարել, Սոնան չէր նեղվում Նաիրիի ամուր գգվանքներից ու պատրաստ էր անմնացորդ տրվել իր սիրուն, իր ապագա ամուսնուն․ այնուհանդերձ՝ Նաիրին բաց թողեց աղջկան, նրա գնալու ժամանակն էր արդեն։ Այժմ ամեն բան այլ է․ Սոնան արդեն ավարտել է համալսարանն ու թվում է՝ հայրը հենց դրան էլ սպասում  է․ աղջկան ամուսնացնել՝ մինչև անցանկալի փեսացուի զորացրվելը։ Թերևս սա այն դեպքն է, երբ կարելի է ասել, որ միշտ չէ, որ մեզ համար լավագույնը ցանկացող ծնողները միշտ ճիշտ են։ Մանվելի հոգեբանությունն անհասկանալի կերպով ուտոպիզմի ազդեցության տակ է գտնվում։ Նրանից սարսափում է ամբողջ ընտանիքն ու իր իսկ մեղքով, քանզի մանկուց նրա մոտ հարգանքն ու վախը միևնույն դրսևորումն ու պատկերացումն են գտել, և նույնը նա փորձում է տալ նաև սեփական զավակներին, սակայն եթե տղաների պարագայում փորձը հաջողվեց ու արդյունքում որդիները սառնասրտությամբ երբեմն գերազանցում են հորը, ապա Սոնայի պարագայում ամեն բան փոքր-ինչ այլ է․ նրա աշխարհայացքը մեծամասամբ ձևավորվել է գրականության ազդեցությամբ ու ցանկացած խորհուրդ ստանում է հենց գրքերից՝ սեփական մտքերը ևս վստահելով թղթի մաքուր էջերին։ Անգամ մայրը չի կարող նեցուկ լինել աղջկա համար, քանզի Մանվելի բռունցքն անգամ սեփական կնոջը չի խնայում։
Հիշողությունների ու մտքերի  շարքն ընդհատվեց սպասված հեռախոսազանգից․ Սոնան է։ Խոսակցությունը երկար տևեց, թեև սիրահար զույգի համար, որին բաժանում են տարածությունն ու ժամանակը, դրանք երբեք էլ երկար չեն լինում։ Որքան էին սովորել այս երկարատև գիշերային զրույցներին, քանի անքուն գիշերներ են անցկացրել՝ միմյանց հավերժական սեր խոստանալով․ երբեմն հարց է առաջանում․ արդյո՞ք կա այդ հավերժական սերը, արդյոք դա էլ հերթական ցնորքն ու մտացածին երևույթը չէ՞։ Մի բան պարզ է՝ ցանկացած զույգ ինքն է իր սերը դարձնում հավերժական կամ սպանում այն։ Սոնան այժմ ավելի ուշ ժամերի էր զանգում․ երբ տանը բոլորը քնած էին լինում, նա զգուշորեն հավաքում էր մտքում ֆիքսած հեռախոսահամարն ու լսում այնքան սիրելի ձայնը, այնքան հարազատ դարձած «Սոն ջան»-ը, ու քանի դեռ տնեցիները խորը քնի մեջ էին, խոսակցությունն ընթանում էր ավելի անվտանգ պայմաններում։ Որքան հաճելի էին Նաիրիի արտաբերած «Սոն ջան»-երը․ միակ արտահայտությունը, որ ռոմանտիզմից զուրկ Նաիրին կարող էր շռայլել Սոնային․ քանի հազար անգամ էր Նաիրին վիրավորել աղջկան իր գռեհիկ արտահայտություններով, սակայն տարիքով մեծ Սոնան փորձում էր ըմբռնումով մոտենալ այս ամենին՝ համարելով անցողիկ ինչ-որ բան։ Գուցե նաև մայրական գորով կար Սոնայի՝ Նաիրիի հանդեպ ունեցած զգացմունքներում։ Համենայնդեպս այսօր առանց վիրավորանքի սահմանափակվեցին, քանզի խոսակցության թեման ուրախալի էր․ թերևս զույգին փոխանցվեց Նաիրիի անսահման ուրախությունը․ երկար սպասումից հետո եղբոր ընտանիքում առաջնեկն էր ծնվել, ու այս լուրը հավասարաչափ ուրախացրեց նաև մեր սիրահարներին։ Այժմ պլաններ էին կազմում՝ իրենց անորոշ ապագայի երազների հիման վրա, սեփական տուն ու մեծ ընտանիք էին երազում․․․
 Օրերի շուտ մթնելն ու ուշացող այգաբացները մաշեցնում էին օրերի բաժանող պատը, ու արդեն քիչ էր մնացել այնքան սպասված ու երազած միացմանը։ Նաիրիին օրեր անց կզորացրվեր, եղբայրն էլ կվերադառնար արտագնա աշխատանքից ու  Նաիրին կփախցներ Մանվելի աղջկան․ թեև հոր հպարտությունը թույլ չէր տա ներել ու ընդունել այդ հանգամանքը, բայց Սոնան արդեն կայացրել էր իր որոշումը։  Պատկերացնում էին իրենց համատեղ կյանքը, Նաիրիի ծնողների ու եղբոր ընտանիքի հետ էին ապրելու, քանզի առանց նրանց երիտասարդն ուղղակի չէր պատկերացնում իր ապագան, եղբոր համար էլ նա ավագ որդու նման էր, թեև եղբայրների միջև անանցանելի անջրպետ էր հանդիսանում տարիքային մեծ տարբերությունը, որն ուղղակի առավել պաշտոնական էր դարձնում նրանց հարաբերությունները․․․
Հոկտեմբերի վերջին արևոտ օրերից մեկն էր։ Արևն աստիճանաբար հեռանում էր հորիզոնից՝ տեղ-տեղ թաքնվելով ամպերի հետևում և կարծես ծաղրելով վերջին տերևներից զրկվող մերկացած ծառերին․ ծառերի մերկապարը գրավում է․ խորհրդավոր մերկապար, որ իրականում գոյության կռիվ է՝ բազմահազար տերևների ու ահարկու քամու միջև․ տերևները պայքարում են՝ րոպե ավելի փարված մնալու իրենց հարազատ ծառին, բայց աստիճանաբար ահագնացող քամին հետզհետե ավելի անտանելի է դառնում․ ծառերը մերկանում են՝ վերստին տերևակալվելու միակ մխիթարանքով, տերևներն օդում օրորվելով՝ կույտերով դիզվում են գետնին։ Նրանցն էլ մի յուրօրինակ սեր է՝ սեր Ծառի ու Տերևի միջև, որ ժամանակավոր դադար է ունենում ամեն անգամ՝ մինչև բնության նոր զարթոնքն ու գարունը կբարեհաճեն կրկին միացնել նրանց։
Պատուհանի առաջ կանգնած աղջիկն անթարթ աչքերով դիտում է տերևների մերկապարը․ահա, ևս մեկ տերև պոկվեց ու ընկավ անձրևաջրից ասֆալտին առաջացած փոքրիկ «լճակի»  մեջ․․․ թերևս սա միակ աշունն  էր, որի ավարտին սպասում էր սրտի ամբողջ փափագով, այնպես, ինչպես չէր ուզում դրա գալը երկու տարի առաջ։ Քիչ է մնում իր սիրելիի վերադարձին․ հաշված օրեր, ու երջանկությունը կգտնի իրեն․․․ ամեն ինչ այնքան անիրական է, այնքան անհավատալի․ թվում է՝ ուր որ է, կբացի աչքերն ու կարթնանա անրջային երազից․խեղճ աղջկա համար անվրդով երազելն անգամ շատ անիրական էր թվում․ սեփական տանը նա նման էր մենավոր բանտախցում փակված կալանավորի։ Վերջին երկու տարին առավել ծանր ու դանդաղ անցավ, ոչ այս տերևների պոկվելու ու անէանալու նման։ Հիշում է՝ Նաիրին արձակուրդ էր եկել ու շտապել իր մոտ․ երկար սպասված հանդիպումը լցվեց գգվանքների ու համբույրների շարքով․ մեկ տարի իրար չհանդիպելուց հետո այժմ նրանք փորձեցին անհագ կորոտը խեղդել սիրո անզուսպ հորձանքում։ Հանդիպման վայրը կրկին տիկին Գոհարի տունն էր, որը Սոնայի բարեկամներից թերևս միակն էր, ում համար Նաիրին «պատվավոր» հյուր էր։ Համբույրների ու գգվանքների անզուսպ պոռթկումը երկար տևեց, նրանք անխռով սիրում էին միմյանց՝ հագուրդ տալով սիրուն ու կրքին․․․ Տասն օր միասին պիտի լինեին, ու այդ օրերին Սոնան կարող էր դասերի փոխարեն ավելի երկար ժամանակ մնալ մորաքրոջ տանը, որը, թերևս,  ամենահարմար ժամադրավայրն էր լինելու առաջիկա օրերին։ Այս տասնօրյակը զույգի համար լի էր «մորաքույրների տուն այցելելություններով», ու թերևս Սոնայի հոր մոտ սկսել էին առաջանալ կասկածներ վերջիններիս վերաբերյալ, սակայն արգելել դրանք ևս՝ անգամ Մանվելը չէր համարձակվում։
Արագ անցան նաև այդ երջանկության կարճատև արձակուրդային օրերը․ անցան նաև քսաներեք երկար ամիսներն ու այժմ միայն օրեր էին բաժանում նրանց՝ թվացյալ հավերժ միասին լինելու երջանիկ օրերից։
 Զորամաս, կեսօր։ Ճաշարանի աղմուկն ու հոգնեցնող ճաշերի զզվելի հոտն ակամա տրամադրության անկում առաջացրեցին․ Նաիրին դուրս եկավ արդեն միօրինակ ու ձանձրալի թվացող ճաշարանից․արդեն երկու տարի այս վայրը նրա համար ուղղակի անտանելի էր․ անփոփոխ առօրյան, անփոփոխ դեմքերն ու հրամանները, անգամ իր անփոփոխ կարգավիճակից էր հոգնել․․․ տուն, այնքան անձկալի ու այնքան սպասված, այնքան ձգող ու այնքան հեռու․․․ կարոտել էր հարազատներին, հայրն էլ եղբոր հետ շուտով կվերադառնար արտերկրից ու ամեն բան ուղղակի իդեալական կդառնար։ Կյանքի իդեալականացված սխեմաներ, իդեալական երազանքներ, ծրագրեր ու պլաններ․․․ ցավոք, այս ամենն ուղղակի սին ու փուչ ուտոպիաներին է բնորոշ․ հաճախ անգամ մեր կազմած պլանները չեն համապատասխանում ճակատագրի պլաններին, չեն համընկնում իրականության հետ ու պսակվում են անհաջողության «դափնիներով»։ Ամեն անգամ Նաիրիի սիրտը կսկիծն էր կրծում հորն արտերկիր ճանապարհելիս և ուղարկած ամեն դրամը ծախսելիս մտքով անցկացնում էր տանջանքի հերթական գործողությունը, որը ծերացող հորն օրեցօր ավելի ու ավելի դժվար էր տրվում․ այժմ որոշված էր՝ հենց զորացրվեց՝ ինքը կաշխատի ու արժանավայել կյանք կապահովի ծնողների համար, հետո հնարավորության դեպքում կտեղափոխվի քաղաք․․․ Շատ էին նպատակները, որոնցից առաջնայինն ամուսնանալն էր սիրելիի հետ։ Այնքան էր ցանկանում Սոնային ավելի հաճախ հիշեցնել իր զգացմունքների մասին, ասել հասարակ «սիրում եմ» սպասված արտահայտությունը, սակայն հնգամյա հարաբերությունների ընթացքում առավել շատ վիրավորեց ու կոպտեց սիրելիին, քան ասաց այնքան սպասված «ներիր» կամ «սիրելիս» արտահայտությունները։ Շատ անգամներ ուղղակի մտածում էր ամեն բան վերջացնել, սակայն կրկին վառվում էր սիրո հուրը սրտում, կրկին տենչում էր սիրելիին ու վերստին սիրահարվում․․․․
Շարունակելի
Հեղինակ՝ Ալբերտ Ավագյան