Սպիտակ տան N2 մարդը. ավելի ծայրահեղական, քան Թրամփը, ռասիստ ու կնատյաց

February 8, 2017

Դոնալդ Թրամփի ադմինիստրացիայի գլխավոր ֆիգուրներից մեկը լրագրող Սթիվ Բենոնն է, նախկինում` «ալտ-աջերի» գլխավոր կայքի` Breitbart-ի խմբագիրը: Բենոնին մեղադրում են ուլտրա-աջերի հետ հակասեմիտական կապերի համար: Time-ը հարց էլ տվեց, արդյո՞ք ԱՄՆ նախագահի  խորհրդականն իր բոսսից հետո աշխարհում երկրորդ ամենաազդեցիկ մարդը չէ:

Ո՞վ է Սթիվ Բենոնը


Սթիվը ծնվել է իռլանդացի կաթոլիկների ու Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների ընտանիքում 1953 թվականին: Ունի քաղաքաշինության բակալավրի աստիճան, ծառայել է նավատորմում, Պենտագոնի ռազմածովային ուժերի պետն էր: Հեռանալուց հետո Բենոնը ստանում է մագիստրոսի կոչում, աշխատում է Ուոլ Սթրիթում` Goldman Sachs բանկում: Ավելի ուշ դառնում է կինոպրոդյուսեր:  
Bloomberg-ը գրում է, որ բանկում սկսել է աշխատել պատահական: Բենոնը մասնկացում  էր միջոցառման, որտեղ ամառային պրակտիկայի համար աշխատակիցներ էին ընտրում: Տեսնում է, որ  բացի իրենից, 700 ուրիշ թեկնածուներ էլ կան, որոշում է չպայքարել: Վերցնում է խմիչք ու սկսում է զրույց, իր իսկ խոսքերով` երկու «հիմարների» հետ: Երկու «հիմարները» Ջոն Ուենբերգ կրտսերն ու  Goldman-ի ղեկավարի որդին էին: Բենոնը չուներ բանկում աշխատելու համապատասխան կրթություն, բացի այդ, նախկինում, զինվորական էր եղել: Բենոնի երկու զրուցակիցները նրա համար բարեխոսում են, ու նա սկսում է իր բանկային կարիերան: 1990 թվականին Բենոնը մի քանի գործընկերների հետ ստեղծում է իր անձնական ներդրումային Bannon & Co բանկը: Ի վերջո, զբաղվում է կինոյով ու դառնում մի քանի հոլիվուդյան ֆիլմերի պրոդյուսեր:

Մինչև 2000-ականների սկիզբը Սթիվ Բենոնը քաղաքականության հետ որևէ կապ չուներ, բայց ուներ ավելի շատ պահպանողական հայացքներ: 2004-ին Բենոնի մասնակցությամբ Ռեյգանի մասին փաստագրական ֆիլմ է դուրս գալիս: Ֆիլմի շնորհանդեսի ժամանակ Բենոնը ծանոթանում է Drudge Report-ի լրագրող, Huffington Post-ի հիմնադիրներից մեկի` Էնդրյու Բրեյթբարտի հետ: Վերջինս որոշել էր ընդդեմ իսթեբլիշմենթի նոր պրոեկտ սկսել` Breitbart.com կայքը: 2012-ին Սթիվն արդեն ղեկավարում էր Breitbart-ը, քանի որ հիմնադիրը 43 տարեկանում սրտի կաթվածից մահացել էր:
Երկար տարիներ Բենոնը քննադատում էր Բիլ ու Հիլարի Քլինթոններին: 2012-ին հիմնում է  ոչ կոմերցիոն  Government Accountability Institute ընկերությունը, որը երեք տարի անց հրատարակում է «Clinton Cash» գիրքը: Այն Քլինթոնների ընտանիքի բիզնեսի մասին ամենահայտնի հետաքննությունն է: 2015-ին լույս է տեսնում նաև Ֆլորիդայի նահանգապետի ու նախագահի նախկին թեկանծու Ջեբ Բուշի բիզնեսի մասին հետաքննություն:

Ինչո՞ւ է Բենոնը ռասիստ


Breitbart-ը համարվում է «նոր աջերի» կամ «ալտ-աջերի» կողմնակիցների ապաստանը, իսկ նրանք հաճախ են օգտագործում ռասիստական մեմեր ու, բացի այդ, Դոնալդ Թրամփի մոլի կողմնակիցներն են: Կարծիք կա, որ հենց Բենոնի օրոք Breitbart-ը դարձավ ռասիստական: Կայքում հաճախ կարելի է տեսնել ռասիստական տեքստեր ու հակասեմիթական վերնագրեր: Ինքը` Բենոնը, ժխտում է, որ ռասիստ է: Արևմուտքի հաջողությունը Բենոնն ուղղակիորեն կապում է հուդայական-քրիստոնեական արժեքների հետ, նա նաև կարծում է, որ  իսլամի  տարածումն ու կրոնի դերի նվազեցումը կբերի  «Իսլամական պետության» առաջացմանը:

Որքա՞ն ազդեցիկ է Բենոնը


Դոնալդ Թրամթի ադմինիստրացիայում Սիթվ Բենոնը ստրատեգիական հարցերով գլխավոր խորհրդականի պաշտոնն ունի: Սա կարևոր պաշտոն է, որը նախագահն անձամբ է նշանակում: Բենոնը Սպիտակ տանը հատուկ կարգավիճակ ունի, դա նկատելի է նույնիսկ անզեն աչքով: Նա միակն է, որ չի հետևում խիստ պաշտոնական դրես-կոդին: Axios-ը նույնիսկ գրեց. «Սպիտակ տանը խիստ դրես-կոդ կա, կինը պետք է հագնվի, ինչպես կին,  իսկ տղամարդկանց չեն ներվում նույնիսկ փոքրիկ բացթողումները: Փողկապ չկապելն արգելված է: Բայց Սթիվը Սթիվն է, նա կրում է լայն տաբատներ»:  Ասում են նաև, որ մուսուլմանական երկրներից քաղաքացիների մուտքը երեք ամսով ԱՄՆ դադարեցնելու որոշումը նույնպես Բենոնն է խորհուրդ տվել:

Ի՞նչ կապ ունի ռուսների հետ


Սթիվ Բենոնն ամերիկյան մեդիայի գլխավոր հերոսներից է:Վերջին օրերին միանգամից մի քանի լրատվամիջոց հիշել է, որ Բենոնը լավ է արտահայտվում եվրասիականության մասին, լրատվամիջոցները հիշել են նաև Պուտինին մոտ մի մարդու, խոսքը փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի մասին է:Դուգինը արգելված Ազգային բոլշևիկյան կուսակցության նախկին լիդերներից է ու Միջազգային եվրասիական շարժման ղեկավարը: Դուգինն ու Բենոնը ծանոթ չեն ու երբեք չեն հանդիպել, բայց նրանց հայացքները շատ նման են: Այս փաստն արձանագրել է նաև ՌԴ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մայքյ Մակֆոլը: Դեսպանն ասել է, որ Բենոնն ավելի մեծ ազդեցություն ունի Թրամփի վրա, քան Դուգինը` Պուտինի վրա: Մակֆոլն ասել է, որ երբ Թրամփը խոսում էր Պուտինի հետ, Բենոնն օվալաձև սենյակում լսում էր այդ խոսակցությունը: Պատկերացնել, որ Պուտինի հեռախոսային զրույցների ժամանակ կարող է ներկա լինել Դուգինը, անհնար է:  Դուգինն անուղղակի կապ ունի «ալտ-աջերի» հետ. Այս շարժման ամենածայրահեղական լիդերներից մեկի` Ռիչարդ Սպենսորի նախկին կինը ծնվել է Ռուաստանում: Նա Դուգինի գիրքը թարգմանել է անգլերեն: