10 ֆիլմ՝ ուժեղ կանանց մասին

May 18, 2015

Ասում են՝ կինը նուրբ, քնքույշ ու անպաշտպան էակ է: Նուրբ ու քնքույշը՝ հասկացանք, իսկ անպաշտպանի առումով՝ ախորժակներիդ քացախ: Կանայք բազմիցս ապացուցել են, որ նույնիսկ տասնյակ տղամարդկանցից ավելի ուժեղ կարող են գտնվել, երբեմն նույնիսկ՝ ֆիզիկապես: Դրա 10 հայտնի ապացույց ենք ներկայացնում՝ ֆիլմի տեսքով:
Միլիոնանոց փոքրիկը (« Million Dollar Baby», 2004) ԱՄՆ
Բոլորս էլ երբեմն մտածում ենք մեր կյանքն արմատապես փոխելու մասին, թեթև-մեթև հետաքրքրություններ ենք գտնում, բայց 30-ամյա մատուցողուհի Մեգիի ընտրությունը ամեն մեկի բանը չէ: Աղջիկը դառնում է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ ու ռինգում այրվում գիսավորի պես: Սա Քլինթ Իսթվուդի ամենասենտիմենտալ ֆիլմն է, թերևս, որի համար նա լավագույն դերասանի Օսկար չստացավ, բայց վերցրեց լավագույն ռեժիսորի ու լավագույն ֆիլմի մրցանակները: Մեգիի դերակատր Հիլարի Սուենկը, ի դեպ, նույնպես առանց Օսկարի չմնաց:

Զինվոր Ջեյնը («G.I. Jane», 1997) ԱՄՆ, Մեծ Բրիտանիա
Դեմի Մուրը դեպրեսիայի մեջ ընկավ ապահարզանից հետո միայն, իսկ մինչև այդ նա այդպիսին չէր՝ ամուր կին էր, ու հենց այդպիսի կանանց դերեր էր գերադասում խաղալ: «Զինվոր Ջեյնում» նա իսկական զինվորի է մարմնավորում, որին ծեծում են, սափրում են գլուխը, ստորացնում են, բայց նա դիմադրում է՝ այդպիսին է կյանքը զինվորի: Ի դեպ, ամերիկյան զինվորականների սլենգով «Ջեյն» նշանակում է՝ կին: Էնպես որ ֆիլմը կարելի էր թարգմանել նաև որպես «Զինվոր կինը»:

Ֆարգո («Fargo», 1995) ԱՄՆ, Մեծ Բրիտանիա
Անցած տարի ֆիլմի մասին խոսակցություններն ակտիվացան համանուն սերիալի թողարկման առիթով, բայց իսկական կինոմանները, վստահաբար, այն երբեք էլ մոռացության չէին մատնել: Կոեն եղբայրների ֆիլմը ոչ թե պարզապես ոստիկանի, այլ շատ հղի ոստիկանի մասին է, ու նրա վիճակը բոլորովին չի խանգարում, որ հերոսուհին հետաքննի միանգամից երեք սպանություն: Ի դեպ, պատմությունն իրական փաստերի հիման վրա է, այնպես որ այդ ուժեղ կինը, որին մարմնավորել է Ֆրենսիս ՄքԴորմանդը, իրոք գոյություն է ունեցել:

Օտարը («Alien», 1979) ԱՄՆ, Մեծ Բրիտանիա
Ծերուկ Ռիդլի Սքոթը մի ժամանակ հրաշալի ֆիլմեր էր նկարահանում, որոնք ժանրային օրիգինալություն գուցե չունեին, բայց աչքի էին ընկնում իրենց օրիգինալ լուծումներով: Այդպիսի լուծում էր կին դերասանի ընտրությունը «Օտարը» ֆիլմի գլխավոր դերի համար: Բանն այն է, որ սցենարը տղամարդու համար էր գրված: Հիմա խոստովանեք, նույնքան հաճույքո՞վ կդիտվեր ֆիլմը, եթե անհասկանալի արարածի դեմ պայքարի բեռն իր վրա չվերցներ Սիգուրնի Ուիվերը: Ոչ մի տղամարդ կյանքը վտանգելով վերջին վայրկյանին կատու չէր փրկի:

Գառնուկների լռությունը («The Silence of the Lambs», 1991) ԱՄՆ
Սա Ջոդի Ֆոսթերի, թերևս, ամենահայտնի դերն է: Կանիբալ դոկտոր Լեկտերն էլ, որը մեզ համար ճանաչելի դարձավ սըր Էնտոնի Հոփքինսի շնորհիվ, դասական դարձած կերպար է կինեմատոգրաֆում: Ֆիլմն էլ բացառիկ է նաև նրանով, որ ստացել է Օսկարի բոլոր հինգ գլխավոր մրցանակները: Էլ ի՞նչ ասես այս ֆիլմի կամ գլխավոր հերոսուհու մասին: Միայն ուժեղ կինն այդքան ոգի կունենար՝ դաշն կնքելու համար իսկական սատանայի հետ: Ի դեպ, Կլարիսա Սթարլինգի դերի հավակնորդ են եղել նաև Միշել Փֆայֆերն ու Մեգ Ռայանը:

Ծառայողը («The Help», 2011) ԱՄՆ, Հնդկաստան
Սա մի պատմություն է երիտասարդ, ամբիցիոզ, սպիտակամորթ աղջկա մասին, որը երազում է ոչ թե ամուսնանալ ու երեխաներ ունենալ, ինչպես Միացյալ Նահանգներում ընդունված էր 1960-ականներին, այլ լրագրող դառնալու: Բայց լավ գործ գտնելու համար լավ նյութ է պետք: Ու նա որոշում է գիրք գրել` սպիտակամորթ տերերի մոտ աշխատող սևամորթ կնոջ անունից: Առաջին դեմքով: Մասնագիտական հավակնություններն աստիճանաբար իրենց տեղն են զիջում արդարության սրված զգացողությանը ու իրերի վիճակը փոխելու մղմանը: Ֆիլմն Օսկարի է արժանացել կնոջ երկրորդական դերի համար:

Փոխատեղում («Changeling», 2008) ԱՄՆ
Հրաշալի դրամատիկ դեր՝ Անջելինա Ջոլիի հիանալի մարմնավորմամբ: Երեխային կորցրած կինը հայտարարություն է տալիս ոստիկանություն, երեխային գտնում ու վերադարձնում են, բայց կինը հասկանում է, որ իր երեխան չէ: Համակարգի դեմ պայքարը դաժան է, ոչ ոք չի ուզում կնոջ հետ գլուխ դնել: Նրան վատ մայր ու խելքը թռցրած են ճանաչում: Բայց համառ մայրը մինչև վերջ պայքարում է` վստահ լինելով, որ իր երեխան այնուամենայնիվ ողջ է: Ֆիլմը նկարահանել է Քլինթ Իսթվուդը: Նա ցանկանում էր գլխավոր դերում տեսնել Հիլարի Սուենկին, որն իրեն հաջողություն բերեց «Միլիոնանոց փոքրիկը» ֆիլմում:

Էրին Բրոկովիչ («Erin Brockovich», 2000) ԱՄՆ
Կենսագրական ֆիլմ՝ հիմնված իրական փաստերի վրա: Ջուլիա Ռոբերթսին այն բերեց նրա առաջին Օսկարը: Գլխավոր հերոսը երեք երեխաներով միայնակ կին է, որին ճակատագիրը մտցրել է փակուղի՝ առանց հետագա աճի հնարավորության: Բայց իր ուժերին վստահ կնոջն ընդամենը մեկ շանս է հարկավոր ամեն ինչ փոխելու ու ճահճից դուրս պրծնելու համար: Իր հմայքի շնորհիվ աշխատանք գտնելով իրավաբանական գրասենյակում՝ Բրոկովիչը մարտի է բռնվում իսկական շնաձկների հետ, և միայն վճռականությունը կարող է օգնել նրան հաղթել այս անհավասար պայքարում:

Հյուսիսային երկիր («North Country», 2005) ԱՄՆ
Ջոզի Էյմսն ամուսնալուծվել է: Երկու երեխաներին կերակրելու համար աշխատանք է պետք: Ու վերադառնալով հայրենի քաղաք՝ նա աշխատանքի է տեղավորվում հանքահորում: Այստեղ աշխատում են ավանի բոլոր տղամարդիկ, նաև իր հայրը: Իրականությունը, որին բախվում է հերոսուհին, դաժան է: Տղամարդիկ չեն հանդուրժում, որ կանայք ներխուժում են իրենց աշխարհ և ստորացուցիչ պահանջներ ներկայացնում: Հերոսուհին հավաքում է իր ամբողջ արիությունն ու դիմում դատարան: Եվ պատմության մեջ առաջին անգամ որոշում է կայացվում սեռական ոտնձգության մասին: