Ինչպե՞ս են ոչնչացրել հայերի բնաջնջման մասին փաստաթղթերը․ Թաներ Աքչամի գրքում այդ փաստաթղթերի պատմությունն է

June 21, 2018

Արտակ Ալեքսանյան - Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար, պարոն Աքչամ:
Թաներ Աքչամ – Մեծ պատիվ է:
Ա․ Ա․ – Դուք այստեղ եք ներկայացնելու Ձեր նոր գիրքը, որը կոչվում է Սպանելու հրամաններ:
Թ․ Ա․ – Այո:
Ա․ Ա․ – Ես ճի՞շտ եմ հասկանում` սա գիրքը է, որը ճշգրիտ ապացուցում է`Թալեաթ Փաշան տվել է սպանելու հրամաններ: 
Աքչամ – Այո, Ցեղասպանագիտության ոլորտում գլխավոր հարցերից է` Օսմանյան կայսրությունը հրամա՞յել է բնաջնջել հայերին, թե ոչ: Մենք չունենք, այսպես ասած, բավականաչափ ծխացող ատրճանակներ: Այս գրքում ես ներկայացնում եմ եմ այդ ծխացող ատրճանակները:
Ա․ Ա․ – Թուրքիայի կառավարությունն ասում է`հրամաններ եղել են, բայց տեղահանման, ոչ՝ սպանելու: Ճի՞շտ է:
Աքչամ – Այո: Պատմությունն այսպիսին է: Թուրքիայի կենտրոնական իշխանության գլխավոր փաստարկն այն է, որ տեղի ունեցածը տեղափոխություն էր: Հայերը տեղափոխվել են Առաջին աշխարհամարտի տարիներին: Պատերազմի ժամանակ պետությունը քաղաքացիներին տեղափոխելու լեգիտիմ իրավունք ուներ և Օսմանյան կառավարությունը հենց դա է արել, բայց չի կարողացել վերահսկել իրավիճակը երկրի որոշ շրջաններում` քրդաբնակ լեռներում, սիրիական անապատում, ինչի հետևանքով էլ շատ հայեր զոհվել են այդ տեղափոխության արդյունքում: Ինչքան էլ մենք պնդենք, որ դա պարզապես տեղահանություն կամ տեղափոխություն չէր, որ բնաջնջման քաղաքականություն էր, նրանք պահանջում են ցույց տալ բնօրինակ փաստաթղթեր, որոնք կապացուցեն` Օսմանյան կառավարությունը կանխամտածված է կազմակերպել Հայոց ցեղասպանությունը: Կա այդպիսի երկու փաստաթուղթ: Դրանցից մեկը Ստամբուլի ռազմական տրիբունալի նյութերից է: Ինչպես բոլորը գիտեն, 1919-21-ին մի քանի դատավարություններ են կազմակերպվել` մոտ 200 իթթիհաթականների դեմ: 63 գործ է եղել, 16 մարդ մահվան է դատապարտվել, 3-ը` կախաղան են բարձրացվել: Այդ բոլոր դատավարությունների ընթացքում մի քանի կարևորագույն հեռագրեր են բացահայտվել, որոնցում եղել են սպանելու հրամաններ կամ որոնք ցույց են տվել, որ Օսմանյան կառավարությունը կանխամտածված էր բնաջնջում հայերին: Հեռագրերում նշված է, որ Օսմանյան բանակի գեներալները, բարձրաստիճան բյուրոկրատները դատարանում հայտարարել են, որ կառավարությունից ցուցումներ են ստացել՝ բնաջնջել հրամաններ, բայց չեն հնազանդվել: Սակայն որտե՞ղ են այդ փաստաթղթերի բնօրինակները: Դրանք չկան: Թուրքիայի կառավարությունը պահանջում է ցույց տալ հենց դրանք: Նրանք ոչնչացրել են այդ բնօրինակները և հիմա եկել ասում են` եթե չեք կարող ցույց տալ օրիգինալ փաստաթղթեր, մենք չենք կարող առաջնորդվել միայն մեղադրանքներով և խոսքերով:
Ա․ Ա․ – Հիմա Դուք գտե՞լ եք օրիգինալ փաստաթղթերը ցույց տալու բանաձևը:
Աքչամ – Այո: Այստեղ այդ փաստաթղթերի պատմությունն է: Մինչև 2015-ը մենք չգիտեինք որտեղ են այս նյութերի բնօրինակները: Դա, այսպես ասենք, հանրային գաղտնիք էր: Բոլորը գիտեին, որ օրիգինալ փաստաթղթերի կարևորագույն մասը Երուսաղեմի հայոց պատրիարքարանի արխիվում է, որը փակ էր գիտնականների համար: Միայն 1970-ականներին Վահագն Տատրյանին թույլատրվեց մտնել այդ արխիվ և  դուրս բերել որոշ` սահմանափակ քանակով նյութեր: Եվ այդ արխիվը փաստացի շարունակում էր փակ մնալ: Միայն մեկ շաբաթ առաջ ինձ թույլատրվեց մտնել այնտեղ, երբ այս գիրքն արդեն հրապարակված էր: Բայց 1970-ականների կեսերին հայ կաթոլիկ հոգևորական Գրիգոր Գարգարյանը մտել էր այդ արխիվ և պատճենել արխիվի մի մասը:
Ա․ Ա․ – Դա այն հոգևորականն է, որը գրել է Հայոց ցեղասպանության մասին:
Աքչամ – Այո, բայց նա շատ չի գրել, չէր կարող, որովհետև իր կյանքի ամբողջ ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութեր է փնտրել: Նա հրատարակել է միայն 1 գիրք, բայց երբ ես թույլտվություն ստացա ուսումնասիրել նրա արխիվը, պարզեցի, որ հրատարակման էր պատրաստում ևս 6-7 գիրք:
Ա․ Ա․ – Գրքե՞ր:
Աքչամ – Գրքեր, բայց դրանք չէին հրատարակել: Թույլ տվեք շարունակել Գրիգոր Գարգարյանի մասին պատմությունը: Դա նորից, այսպես ասած, հանրային գաղտնիք է` բոլորը գիտեն նրա արխիվի մասին, և որոշ գիտնականներ նույնիսկ լավ հարաբերություններ ունեին Գարգարյանի հետ, օրինակ, Տատրյանը, 1983-ին հայկական համագումար կոչվող լոբբիստական կազմակերպությունները: Տեխնիկապես` 1983-ից դրանք հասանելի էին բոլորի համար, բայց Վաշինգտոնում աշխատելու բավարար պայմաններ չկային, և արխիվը համակարգված չէր: Հարյուրավոր փաստաթղթեր կային, որոնց հետ կարելի էր աշխատել միայն հայկական համագումարից ստանալով կրկնօրինակները, բայց կազմակերպությունը մերժում էր` ասելով եկեք Վաշինգտոն, աշխատեք այստեղ: Վաշինգտոնում էլ երբեմն նրանց սարքերը չէին աշխատում, հյուրանոցում 1 գիշերը 300 դոլարից ավելի արժեր: Գիտնականները չէին կարող աշխատել այնտեղ: Գարգարյանի զարմիկը` Էդգար Գարգարյանն ուներ այդ փաստաթղթերի բնօրինակները և…
Ա․ Ա․ – Որտե՞ղ էր նա այդ ժամանակ:
Աքչամ – Նյու Յորքում: Դեռ Նյու Յորքում էր: 2015-ին, իմանալով այդ մասին, ես և այլ գիտնականներ նույնպես, դրանց հետ աշխատելու թույլտվություն խնդրեցինք:
Ա․ Ա․ – Ասում են, թե  հսկայական ծավալով նյութեր կային, բայց այնուամենայնիվ դրանք անհասանելի էին գիտնականների համար:
Աքչամ – Դրանք հասանելի էին, բայց  հնարավոր չէր աշխատել այդ նյութերի հետ: Եվ վերջապես 2015-ին ես դիմեցի Էդգար Գարգարյանին, ասելով՝ պատրաստվում ես այդ բոլոր նյութերը քեզ հետ գերեզմա՞ն տանել: Արդեն 100 տարի է անցել, ցույց տուր ինձ դրանք: Նա ցույց տվեց և արդյունքն այս գիրքն է:
Ա․ Ա․ – Անհավանական պատմություն է, բայց ինչպես համոզեցիք նրան թույլ տալ Ձեզ մոտենալ այդ նյութերին, նկատի ունեմ` նա գիտե՞ր, որ Դուք հայտնի հետազոտող եք և Ձեզ վստահեց:
Աքչամ – Սա շատ կարևոր է: Կարծում եմ իմ` արդեն հրապարակված գրքերը համոզեցին նրան: Մենք առաջին անգամ հանդիպել էինք 2012-ին և ես երեք տարի համոզում էի նրան, բացատրում, որ անհնար է աշխատել Վաշինգտոնում եղած կրկնօրինակների հետ, իսկ նա պնդում էր, որ կարող եմ գնալ և այնտեղից վերցնել կրկնօրինակներ:
Ա․ Ա․ – Մեկ գիրքը բավակա՞ն է՝ եղած բոլոր նյութերը ներկայացնելու համար:
Աքչամ – Ոչ: Այստեղ մի հետաքրքիր պատմություն կա: Էդգարը պնդում է, որ իր հորեղբայրը` Գրիգոր Գարգարյանն իրեն ասել է, որ պատճենել է Երուսաղեմի արխիվի ամբողջ բովանդակությունը: Ես չեմ հավատում: Մի քանի անգամ դիմել եմ Երուսաղեմի հայոց պատրիարքարանին` խնդրելով թույլ տալ տեսնել իրենց մոտ եղած նյութերը: Նրանք մերժում էին և միայն այս գրքի հրատարակումից հետո թույլ տվեցին:
Ա․ Ա․ – Հիմա Դուք մուտք ունե՞ք Երուսաղեմի հայոց պատրիարքարանի արխիվ:
Աքչամ – Այո, ես այնքան շնորհակալ եմ հայոց պատրիարքին: Նա օգնեց ինձ և ոչ միայն ինձ: Հիմա ես այստեղ կարող եմ հայտարարել, որ նրանք ինտենսիվ աշխատում են` արխիվի ամբողջ բովանդակությունը հնարավորինս շուտ գիտնականներին հասանելի դարձնելու ուղղությամբ: Եվ այդ արխիվ մտնելուց հետո  հիմա արդեն վստահ կարող եմ ասել, որ Գարգարյանը պատճենել է եղած նյութերի միայն 1/3-ը: Նկատի ունեմ…
Ա․ Ա․ – Աստված իմ:
Աքչամ – Բոլոր փաստաթղթերը միասին  վերցրած` այնտեղ կա ավելի քան 900 օրիգինալ օսմանյան փաստաթուղթ՝ Ստամբուլի տրիբունալի գործերից: Գարգարյանն ուներ միայն 250 փաստաթուղթ:
Ա․ Ա․ – Դուք ուսումնասիրել եք նաև օսմանյան  արխիվները: Հայոց ցեղասպանությանը վերաբերող բոլոր փաստաթղթե՞րն են ոչնչացված, թե որոշները դեռ կան:
Աքչամ – Օսմանյան արխիվներին անցնելուց առաջ թույլ տվեք ավելացնել Գրիգոր Գարգարյանի արխիվին վերաբերող մեկ այլ կարևոր հանգամանք ևս:
Ա․ Ա․ – Քանի՞ տարեկան է Էդգարը հիմա:
Աքչամ – Գրիգոր Գարգարյանը մահացել է 1988-ին: Նրա զարմիկը` Էդգար Գարգարյանը 80 տարեկան էր, երբ մահացավ: Շատ շնորհակալ եմ նրան՝ այս բոլոր նյութերը հասանելի դարձնելու համար: Մենք պատրաստվում ենք ամեն ինչ օնլայն հրապարակել և հուսով եմ` մի քանի ամսվա ընթացքում փաստաթղթերը հասանելի կլինեն բոլոր ցանկացողներին:
Ա․ Ա․ – ամբողջ արխի՞վը:
Աքչամ – Գրիգոր Գարգարյանի ամբողջ արխիվը կլինի օնլայն:
Ա․ Ա․ – Այն կհետաքրքրի՞ գիտնականներին:
Աքչամ – Այն կփոխի հայոց ցեղասպանության ուսումնասիրության ամբողջ պատմությունը: Ես աշխատել եմ միայն օսմանյան նյութերի հետ, բայց այնտեղ կան այնքան շատ անգլերեն, ֆրանսերեն և հայերեն նյութեր: Հայոց պատրիարքարանի նյութերի մեծ մասը…
Ա․ Ա․– Միայն Հայոց ցեղասպանությա՞ն մասին, թե՞ այլ բովանդակությամբ փաստաթղթեր ևս կան:
Աքչամ – Մենք խոսում ենք Զավեն պատրիարքի նյութերի մասին: Դրանք Պոլսո հայոց պատրիարքարանի նյութերն են՝ 1919-22-ի ընթացքում: 1922-ին Զավեն պատրիարքն այդ նյութերն ուղարկել է Մանչեսթեր, այնտեղից դրանք հասել են Մարսել, ապա Երուսաղեմի արխիվ: Եվ ոչ միայն օսմանյան նյութեր, կան հայերեն նյութեր, պարզապես անգին ֆրանսերեն և անգլերեն փաստաթղթեր, որովհետև հիմնականում այդ ժամանակաշրջանում պատրիարքարանը ստեղծել է Հայոց ցեղասպանության կոմիտե: Հարյուրավոր էջերով հայերեն վկայություններ կան, ականատեսների տվյալներ, ամենակարևորը` փրկվածների մասին ամփոփագրեր, որ նրանք վերադարձել են իրենց բնակավայրերը, որտեղ սակայն կենսապայմանները սարսափելի են եղել: Այնտեղից պարբերաբար հեռագրեր են ստացվել, որոնք պատրիարքարանում թարգմանվել են անգլերեն և ֆրանսերեն: Տասնյակ հեռագրեր կան փրկված որբերի ու որբանոցների մասին:
Ա․ Ա․ – Համաձա՞յն եք, թե ոչ Նյու Յորք Թայմսի այն գնահատականի հետ, որ Դուք դարձել եք Հայոց ցեղասպանության Շեռլոք Հոլմսը:
Աքչամ – Այդ փաստի առթիվ այնքան էլ ուրախ չեմ, բայց կարծում եմ նաև, որ դա բնութագրում է  այն, ինչ ես անում եմ: Ինչպես  հարցազրույցի սկզբում ասացի` Թուրքիայի կառավարության ժխտողականության դեմ երկու հիմնական աղբյուր կա: Առաջինը Ստամբուլիկ տրիբունալի փաստաթղթերն էին: Կա նաև փաստաթղթերի երկրորդ խումբը:
Ա․ Ա․ – Այո:
Աքչամ -Դրանք, այսպես կոչված Երկրորդ խումբը` Նայիմ Անտոնյանի փաստաթղթերն են, որոնք հրապարակել է Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված հայ ինտելեկտուալ Արամ Անտոնյանը: Հալեպում նա հանդիպել է հայերի տեղահանմամբ զբաղվող օսմանցի բյուրոկրատի, որի անունը Նայիմ բեյ էր, Նայիմ Էֆենդի: Նա կաշառակեր, ալկոհոլից կախվածություն ունեցող մեկն էր: Անտոնյանը կաշառել է նրան ու ստացել հայերի տեղահանության մասին 52 ձեռագիր փաստաթղթերի պատճեններ: Անտոնյանը դրանից հետո նորից է վճարել, ստացել 26 օրիգինալ հեռագիր Հայոց ցեղասպանության մասին:  Անտոնյանը 1921-ին հրապարակել է 52 պատճեններն ու  օրիգինալ փաստաթղթերից մի քանիսը: պատճենված 52 փաստաթղթերից  8-ը սպանելու հրամաններ են, որոնցից երեքը առկա են նաև Անտոնյանի ձեռք բերված օրիգինալ փաստաթղթերում: Անտոնյանը դրանք հրապարակել է 1921-ին և դա Հայոց ցեղասպանության թեմայով հիմնական գրքերից մեկն է, որն ապացուցում է` Թալեաթ փաշան հրամայել է ոչնչացնել բոլոր հայերին, սպանել նույնիսկ երեխաներին: Մենք մեր որոշումը պետք է կայացնենք…



Կարդացեք նաև․



Ա․ Ա․– Եվ ինչպե՞ս է Արամ Անտոնյանն առնչվում այս գրքին:
Աքչամ – Արամ Անտոնյանը հրապարակել է իր գիրքը 1921-ին և 1983-ին: Թուրքական պատմագիտական ընկերությունը հրապարակեց գիրք` շեշտելով, թե Անտոնյանի գրքում հրապարակված սպանելու բոլոր այդ հրամանները կեղծված են: Նրանք առաջ բերեցին երեք հիմնական պնդում: Առաջինը` պարզապես հերքեցին, թե Նայիմ բեյն ընդհանրապես գոյություն է ունեցել: Երկրորդ, որ չկան նման հեռագրեր, և երրորդը` ներկայացված հեռագրերը կեղծված են և հենց հայերն են կեղծել:
Ա․ Ա․ – Հիմա Դուք ապացուցում եք, որ Նայիմ բեյն իրականում եղել է:
Աքչամ – Սա հետաքրքիր մասն է: Երբ Արամ Անտոնյանը ձեռք բերած նյութերը Հալեպից Փարիզ տարավ, դրանք բոլորը հանձնեց Պողոս Նուբար գրադարանին, բայց եթե հիմա գնանք Պողոս Նուբար գրադարան, ոչ մի հեռագիր չեք գտնի: Ոչ ոք չգիտի ուր են:
Ա․ Ա․ – Դրանք անհետացե՞լ են:
Աքչամ – Անհետացել են: Եվ սա է պատճառը, որ 1983-ին Թուրքիայի կառավարությունն ասաց ցույց տվեք մեզ բնօրինակները: Որտե՞ղ են այդ հեռագրերը, ո՞ւր է այդ Նայիմ բեյը: Ես գտել եմ Նայիմ Էֆենդու հուշագրությունը Գրիգոր Գարգարյանի արխիվում:
Ա․ Ա․ – Աստված իմ:
Աքչամ – Սա մեծագույն, իսկապես ամենակարևոր գործն է, որ այդ մարդն արել է: Գրիգոր Գարգարյանը գնացել է Փարիզ, երբ Արամ Անտոնյանը դեռ ողջ էր, 1951-ին կամ 52-ին և պատճենել է այդ հուշագրությունն ու հեռագրերը:
Ա․ Ա․ – Աստված իմ:
Աքչամ – իմ գրքի թուրքերեն տարբերակում հրապարակել եմ օսմաներեն փաստաթղթերը, անգլերեն տարբերակում դրանք չկան:
Ա․ Ա․ – Սրա՞նք են այդ պատճենները:
Աքչամ – Այո, ճիշտ է: Ինչպես տեսնում եք մի կողմում Նայիմ Էֆենդու ձեռագիր, օսմաներեն հեռագրերն են, մյուս կողմում՝ նյութի թուրքերեն բացատրությունը: Հրատարակել եմ Արամ Անտոնյանի նյութերն ամբողջական տարբերակով: Եվ ավելի քան 6 ամիս աշխատել եմ օսմանյան արխիվներում և այդ ընթացքում բացահայտել եմ, որ Նայիմ Բեյի հուշագրությունը կեղծ չէ, ինչպես նաև իրական են Արամ Անտոնյանին փոխանցած նրա հեռագրերը: Եվ սա մեծագույն բացահայտում է:
Ա․ Ա․ – Դա անհավանական պատմություն է: Պարոն Աքչամ, շնորհակալություն Ձեր աշխատանքի համար և …
Աքչամ – Շնորհակալություն և կարծում եմ, որ սա կարևոր հարված է Թուրքիայի կառավարության ժխտողականության փաստարկներին: Ժամանակն է, որ Թուրքիայում, Հայաստանում և աշխարհում ճշմարտության և արդարության համար պայքարող հասարակական կազմակերպությունները, քաղահասարակության ներկայացուցիչներն այս բացահայտումները դարձնեն իրենց աշխատանքի հիմքը: Թուրքիայի կառավարությունը պետք է ընդունի այս իրականությունը`Օսմանյան կառավարությունն անկասկած արձակել է սպանելու հրամաններ և պետք է փոխի իր ժխտողական դիսկուրսը:
Ա․ Ա․ – Պարոն Աքչամ, անչափ շնորհակալ եմ: Չափազանց հետաքրքիր էր:



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։