Կորպորատիվ նոր հայացք. կանայք տեսնում են ծառերը, տղամարդիկ` անտառը

October 7, 2014


Շատ տնօրեններ կին աշխատակիցներին ցածր աշխատավարձ տալը հիմնավորում են նրանց շատախոսությամբ. աշխատավարձը կոմերցիոն գաղտնիք է, իսկ կանայք, համենայնդեպս կանանց հիմնական մասը, գաղտնիք պահել չեն կարողանում: Պատրիարխալ հարաբերությունները, այդուհանդերձ, աշխատավայրում էլ են դրսևորվում: Ցածր ինքնագնահատականի և խիստ ինքնաքննդատության պատճառով կանայք տղամարդկանցից քիչ են ձգտում պաշտոնների. նրանց համար կարևոր են ոչ թե պաշտոնն ու դիրքը, այլ ինքնադրսևորվելու հնարավորությունը: Կնոջ համար հեշտ է լինել ենթակա ընտանիքում և աշխատավայրում, իսկ տղամարդն ավելի սովոր է ընտանիքի ղեկավարի, պաշտպանի ու կերակրողի ստատուսին:
Վարձատրության խթանն էլ կանանց ու տղամարդկանց համար տարբեր է: Կանայք բնույթով պարտաճանաչ են և կայունության կողմնակից. նրանք նախընտրում են ֆիքսված վարձատրությունը, իսկ տղամարդիկ ուզում են վաստակել ավելին. նրանց վարձատրությունը պետք է համեմատական լինի կատարած աշխատանքին:

Տղամարդիկ համառ են, հաստատուն, համբերատար ու նպատակասլաց, իսկ կանաք շփվող են, զգացմունքային, ուրիշի դրության մեջ մտնող: Այդ պատճառով էլ ղեկավար պաշտոններում տղամարդիկ են, բայց կանայք էլ անփոխարինելի կառավարիչներ են, HR մասնագետներ ու փոխտնօրեններ, քանի որ նրանց համար շատ կարևոր են միջանձնային հարաբերությունները և կոլեկտվի` իրենց երկրորդ ընտանիքի միկրոկլիման: Որևէ գրված պայմանավորվածություն այս մասին, բնականաբար, չկա: Կանայք և տղամարդիկ ունեն կրթություն ստանալու, աշխատավայրում առաջխաղացման և պաշտոններ զբաղեցնելու նույն իրավունքները, բայց շուկան թելադրում է ռացիոնալ լուծումներ, և տղամարդ ղեկավարները ինչ-որ առումով այդ շուկայում բնական ընտրության արդյունք են: Մենք միմյանց լրացնում ենք ոչ միայն ընտանիքում, այլև աշխատավայրում: Տարասեռ կոլեկտիվներում աշխատանքն ավելի արդյունավետ է: Խառը խմբերում մարդիկ ավելի ուշադիր են, ավելի զուսպ, միշտ մտածում են, թե ինչ տպավորություն կթողնեն դիմացինի վրա: Եվ այդ ներքին ինքնատիրապետումը անդրադառնում է աշխատանքային ընդհանուր կարգ ու կանոնի վրա:
Կոնֆլիկտները ևս խառը կոլեկտիվներում ավելի հեշտ են հաղթահարվում: Կանայք իրենց իմպուլսիվ խառնվածքով առաջինն են նկատում անարդարությունն ու խոսում այդ մասին: Խնդիրը լուծվում է. տղամարդիկ այլևս չեն անդրադառնում դրան, իսկ կանայք հաստատ թեմային կանդրադառնային ևս մի քանի անգամ, եթե տղամարդկանց ներկայությունը նրանց չտեղափոխի ռացիոնալ ներկայի դաշտ:
Հեղինակ՝ Տաթևիկ Բաղդասարյան
NewMag #51