Նոր սպանդ՝ հին բանավեճ. Ամերիկայում կրկին քննարկում են զենքի ազատ վաճառքի խնդիրը

November 7, 2017

 Յուրաքանչյուր նման ողբերգությունից  հետո խնդիրը կրկին ողողում է ամերիկյան մեդիադաշտը: Այս անգամ, սակայն, փաստարկներն էլ ավելի հակասական են: 26-ամյա նախկին զինվորական Դևին Պատրիկ Քելլիի իրականացրած ոճրագործությունը խլել է 26 մարդու կյանք: Զոհվել է 5-ամյա մի երեխա, եկեղեցու սպասավորի 14-ամյա դուստրը, հղի կին: Պատճառների մասին ոչինչ հայտնի չէ, ինչպես և անցած ամիս Լաս Վեգասում տեղի ունեցած նմանատիպ, բայց էլ ավելի արյունոտ կոտորածի դեպքում:
Երկու դեպքում էլ հանցագործները ահաբեկչական որևէ կառույցի հետ երբևէ կապ չեն ունեցել, Տեխասի դեպքում՝ սպանդի հեղինակն ընդհանրապես զինվորական է եղել: Նրան ռազմական տրիբունալը պատժել էր կնոջն ու երեխային ծեծելու համար: 3 տարի առաջ Դևին Քելլիին ընդհանրապես հեռացրել էին ամերիկյան բանակից:



Կարդացեք նաև.



Գրեթե ամեն ամիս ամերիկան շոկի ենթարկող ու որևէ բացատրություն չունեցող զանգվածային կոտորածները զենքի ազատ վաճառքի հարցը կրկին բերում են օրակարգ:  Այս անգամ, սակայն, կոտորածին հաջորդած իրադարձությունները ուժեղ փաստարկ են տալիս զենքի վաճառքի կողմնակիցներին: Հանցագործին հետապնդել են տեխասցիներ, որոնք այդ պահին իրենց մեքենաներով հայտնվել են եկեղեցու մոտակայքում: Նրանք հասկացել են, թե ինչ է կատարվում ու սկսել են հետապնդել հանցագործին, խախտել են երթևեկության կանոները ու իրենց իսկ սեփական հրազենով կրակ բացել մարդասպաի ուղղությամբ: Արդյունքում, սպանդի հեղինակը սպանվել է: Ոստիկանությունը ժամանել է միայն դրանից հետո:
Օրենքի տեսակետից տեխասցիների իրագործածը խնդրահարույց է, բայց, եթե նրանք չհետապնդեին հանցագործին ու չկրակեին նրա ուղղությամբ, գուցե կոտորածները շարունակվեին: Մարդասպանի մեքենայում իրավապահները հայտնաբերել են մեծ քանակությամբ հրազեն: Ոստիկանությունը ենթադրում է, որ նա շտապում էր մեկ այլ վայր նոր սպանդ իրագործելու: