The New Yorker. Լրագրության իրական ճգնաժամը

September 30, 2015

Երկու զարհուրելի իրադարձություն տեղի ունեցավ ամսագրային լրագրության աշխարհում: Առաջինը Վիրջինիայի համալսարանում խմբակային բռնաբարության դեպքի վերաբերյալ Rolling Stone ամսագրի հրապարակած ծավալուն հոդվածի[1]հերքումն էր[2]: Երկրորդը` The New Republic-ի անկումը: Ընդհանուր առմամբ, այս երկու պատմությունները կարող էին միավորվել «լրագրության ճգնաժամի» շրջանակում, սակայն իրականում դրանք ընդհանուր ոչինչ չունեին, ավելին, առաջին պատմությունը ինքնին նշանակալից չէր լրագրության համար:
The New Republic-ի լրագրողներն ու խմբագիրները աշխատանքից զանգվածաբար ազատվեցին: Սա գուցե լրագրողական հնացած համակարգի փոխարինում է, նոր տեխնոլոգիաների ներդրում և բիզնեսի թարմացում: Իսկ գուցե գերհզոր, բայց ոչ կոմպետենտ մեդիայի պատմությո՞ւն է: Քրիս Հագսի[3] ֆեյսբուքյան ակտիվությունը երկու տարի առաջ նրա համար կարծես խոստումնալից ապագա էր կանխատեսել: Նա շատ էր սիրում խոսել ծանրակշիռ լրագրության մասին: Եվ ահա նա կարողացավ New York-Washington-ի լրատվական աշխարհի վաստակաշատ վետերաններին ինչ-որ կերպ համոզել ու տանել իր մոտ: The New Republic-ը գնելիս նա մտադիր էր այն դարձնել «ուղղահայաց ինտեգրմամբ, թվայնացված մեդիաընկերություն»: Սա Քրիս Հագսի նորանշանակ գործադիր տնօրենի ձևակերպումն է գործադիր խորհրդի վերջին խայտառակ նիստում:

Անցած դարում ԱՄՆ հզորագույն ամսագրերից մեկն այդպիսով պետք է կործանվեր ու վերանվանվեր, ասենք, V.I.D.M.C.3:

Գործազուրկ դարձած խմբագիրները և լրագրողները (որոնցից ոմանք Հագսի հետ աշխատելու համար թողել էին իրենց լավ աշխատանքը, և որոնք շարունակելու են աշխատել այլ ամսագրերի համար՝ նպաստելով դրանց զարգացմանը) հավանաբար պետք է հիմնեն իրենց սեփական startup-ը: Ի վերջո, նրանք կարող են ետ գնել անվանման իրավունքները՝ դրանով վերջ դնելով Հագսի հանրային նվաստացմանը: Նրանք իրենց startup-ը կարող են անվանել հենց The New Republic: Միակ հարցն այն է, թե ով կտա նրանց այդ փողը:
Ավելի հավանական է, որ 31-ամյա Հագսը, որը երբեք չի կերտել տեխնոլոգիաների աշխարհ, և որն իր իսկ խոսքով խորշում է Սիլիկոնային հովտից, այժմ չգիտի, իսկապես չգիտի, թե ինչ է ուզում անել իր նոր խաղալիքի հետ: Նա գումարներ է ծախսել որոշ ճիշտ բաների համար, բայց և լիքը փող է վատնել կարմիր թանաքով գրիչների վրա՝ խմբագիրների գործերին միջամտելու համար: Այս ամենին համընկավ Նյու Յորքի կոնգրեսական արշավում իր կնոջ սայթաքումը՝ Հագսի համար վերածվելով կորուստների և անհաջողությունների շղթայի: Հերբերտ Քրոլի[4], Էդմունդ Ուիլսոն[5] և Հենդրիկ Հերցբերգ[6] անունները նրա համար կարծես կորցրեցին իրենց գայթակղիչ գրավչությունը:
Եվ նա որոշեց ազատվել իր առաջատար խմբագիրներից՝ սա անելով այնքան կոպիտ ձևով, որ խմբագրության մյուս աշխատակիցները պարտավորված զգացին հեռանալ նրանց հետ:

Սակայն այդ ամենը գուցե դիտավորյալ չէր արված: Խիստ կասկածում եմ, որ Հագսը ցանկանում էր այսպես ջախջախվել: Փոփոխությունները նախաձեռնելիս նա չէր ծրագրում իր սին նկրտումները հակադրել լրագրության ծանր գործին:
Ինչևէ, թվում է, որ նա վերջնականապես կործանեց հարյուր տարի գործունեություն ծավալած The New Republic-ը: Որևէ այլ նմանատիպ դեպք դժվար է մտաբերել:Գուցե սա մամուլի ոչ կանխամտածված սպանության առաջին դեպքն է, մահ՝ թույլ բնավորության պատճառով, կարծես Հագսը բավականաչափ չի մտահոգվել, որ իր նորածին մանկիկը ողջ մնա:
Ճիշտ է, լրագրությունը ճգնաժամ է ապրում, սակայն ճգնաժամը որևէ կապ չունի լրագրողի ամենօրյա աշխատանքի հետ:

Թվանշային սկսնակներն ամբողջովին նոր ձևեր չեն ստեղծում. նրանք լրագրողների նորմալ, վաղուց բոլորիս հայտնի գործի համար վճարելու նոր ուղիներ են փնտրում: Եվ հասկանում են, թե որքան բարդ բան է դա: Գրագողության, խեղաթյուրումների և անճշտության ալիքը չի կարող շարունակվել: Ավելի վաղ տեղի ունեցած սկանդալներն են դա վկայում (օրինակ` The New Republic-ի Ռութ Շալիթը և Ստեֆան Գլազը, Times-ի Ջեյսոն Բլեիրը, CBS News-ի Լարա Լոգանը, Ալասթեիր Ռեիդը): Rolling Stone-ի արածը չի նշանակում, թե ստանդարտները համատարած խախտվում են: Նմանատիպ լրագրողական խեղաթյուրումները բացառություն են՝ շատ պարզ բացատրությամբ. դրանց բացահայտումը շատ դյուրին է ինտերնետի դարաշրջանում:
Ժուռնալիստիկայի ճգնաժամը բիզնես ճգնաժամ է, որն ընթանում է 20 տարի շարունակ:

Արդյունքը դեռ անհայտ է: Ամսագրերի և թերթերի խմբագիրներն ու լրագրողներն ապրում են վատ կանխազգացումով, որը հանգեցնում է սեփական աշխատանքի հանդեպ վստահության անկման: Նրանք նաև սկսում են խիստ գերագնահատել նորաստեղծ թվանիշային ընկերությունների դերը և ՏՏ ոլորտից լրագրության տարածք ներխուժած ու հին ավանդական ձեռնարկությունները սեփականացրած մարդկանց իրական հնարավորությունները: Այսպիսի պայմաններում խմբագիրներն ու լրագրողները հակված են իրենց դժբախտությունների համար մեղադրել իրենք իրենց և սեփական հոդվածների խորությունը:
Իհարկե, դա ճիշտ չէ, բայց ապագայի անորոշությունը նրանց համար անխուսափելի է դարձնում Ռոբերտ Սթոունի «Արևածագի դրոշը» նովելի մի ֆրազը. «Մուկն այնքան էր վախենում կատվից, որ սիրահարվեց հենց նրան»: Ի՞նչ եք կարծում, մի՞թե անակնկալ կլիներ, եթե կատուն ուտեր մկանը:
Հեղինակ` Ջորջ Փաքեր


1. Rolling Stone երկշաբաթյա ամսագրի հրապարակած ծավալուն հոդվածը
2. Rolling Stone երկշաբաթյա ամսագրի հրապարակած ծավալուն հոդվածի հերքումը:
3. Ամերիկացի ձեռներեց, Facebook-ի համահիմնադիր և խոսնակ. 2012-ի մարտին գնել է The New Republic ամսագրի բաժնետոմսերի մեծ մասը:
4 Vertically integrated digital-media company -ուղղահայաց ինտեգրմամբ, թվայնացված մեդիաընկերություն:
5. ԱՄՆ առաջադիմական շարժման ինտելեկտուալ առաջնորդ, խմբագիր, քաղաքական փիլիսոփա և The New Republic ամսագրի համահիմնադիր:
6. ԱՄՆ 20-րդ դարի կեսի խոշորագույն գրականագետ, գրող, գրաքննադատ և սոցիալական քննադատ:
7. Լրագրող, The New Yorker ամսագրի քաղաքական մեկնաբան, The New Republic ամսագրի խմբագիր. Forbes-ը 2009-ին նրան ներառել է ամերիկյան մամուլի 25 ամենաազդեցիկ լիբերալների ցուցակ: