The New Yorker. Վերընտրվել չի նշանակում ավելի շատ իշխանություն ունենալ

December 18, 2015

Վերընտրված նախագահը վաղ թե ուշ հուսախաբություն է ապրում: Վերընտրվել չի նշանակում ավելի շատ իշխանություն ունենալ: Ռիչարդ Նիքսոնը և նրա օգնականները ցանկանում էին նախագահման երկրորդ ժամկետում վերահսկել նախագահի նկատմամբ թշնամաբար տրամադրված կառավարությունը: Սպիտակ տան աշխատողները 1972 թ. հուշերում գրել են. «Բախվելով այնպիսի բյուրոկրատիայի, որը մենք չէինք վերահսկում, և որը մեր մարդկանցով չէր համալրված, և որոնց հետ չգիտեինք` ինչպես հաղորդակցվել, մենք մեր սեփական բյուրոկրատիան ստեղծեցինք»:
Վերընտրվելուց հետո Նիքսոնն իր օգնականներին ցույց տվեց, թե ինչպես կարելի է հակակրելի բյուրոկրատներին դուրս մղել կենտրոնական հետախուզական վարչությունից: Նիքսոնի պարանոյիկ տեսության համաձայն՝ նրա երկրորդ պաշտոնավարման որևէ առաջնահերթություն` սկսած Չինաստանի հետ քաղաքականությունից, վերջացրած առողջապահական համակարգի ծրագրերով, հնարավոր չէր ի կատար ածել, մինչև Սպիտակ տունն իր վերահըսկողության տակ չառներ կառավարության մնացած մասը ևս:
Ռեյգանի կառավարությունը արագ հասկացավ, որ ինչ իշխանություն էլ ստանա վերընտրությամբ, դրանից պետք է խելամտորեն օգտվի: Ռեյգանի երկրորդ պաշտոնավարումից առաջ այն ժամանակվա ֆինանսների նախարարի օգնական Ալֆրեդ Քինգոնը նախագահին խորհուրդ տվեց զգուշությամբ ընտրել իր առաջնահերթությունները: «Խնդրում եմ՝ հիշեք, որ միանգամից 50-60 տարբեր խնդիրներ կան,-գրում էր Քինգոնը.-մենք կարող ենք հետևել դրանցից միայն 20-25-ին և կենտրոնանալ միայն մի քանիսի վրա»:
Ջեյմս Բեյքերը` Ռեյգանի աշխատակազմի ղեկավարը, ընտրություններից հետո գրել է նախագահին. «Ի տարբերություն 1980-ի քարոզարշավի՝ այս անգամ հստակությունն ավելի քիչ էր. շատ բաներ կան, որոնց ամեն մի ճիշտ մտածող նախագահ կուզեր հասնել: Բայց անկեղծ ասած՝ դրանք չափազանց շատ են: Դուք պետք է առաջնահերթություններ մշակեք»:
Երկրորդ ժամկետով պաշտոնավարող նախագահի հիմնական մարտահրավերը իր ցանկությունների և իր կարծիքով՝ հասարակության ցանկությունների միջև հավասարակշռություն գտնելն է ու այդ երկուսը միմյանց հետ չշփոթելը: Ջորջ Բուշ Կրտսերին սա ավելի քիչ հաջողվեց, քան Ռեյգանին: Բուշն իր երկրորդ ժամկետին հասավ երկու մեծ նպատակներով: Արտաքին քաղաքականության մեջ փորձեց Սպիտակ տնից վերացնել առաջին չորս տարիների ռադիկալությունը: Ի հակադրություն դրա՝ ներքին քաղաքականության մեջ Բուշն իր դիրքը սխալ էր հաշվարկել: Իր երկրորդ ժամկետի պաշտոնավարման սկզբում նա փորձեց սոցիալական ապահովության բարեփոխում կատարել, որը դեմոկրատների աջակցության բացակայության պատճառով տապալվեց:
Աջերը պնդում են, որ եթե Օբաման վերընտրվի, ավելի գաղափարախոսական, նույնիսկ ռադիկալ օրակարգ կմշակի, որովհետև ազատված կլինի ևս մեկ անգամ ընտրվելու մեղմացուցիչ ազդեցությունից: «Ֆոքս Նյուզ»-ի Դիք Մորիսն ասել է. «Օբամայի վերընտրությունը սոցիալիստական մղձավանջ կդառնա, քանի որ նա ավելի է դեպի ձախ գնում»:
Բայց սովորաբար՝ երկրորդ անգամ ընտրված նախագահն իր քաղաքական հիմքին պակաս կապված է զգում և ավելի ազատ է շարժվում դեպի քաղաքական կենտրոն: Ռեյգանի երկրորդ ժամկետի սկզբին Քինգոնը Սպիտակ տանը խորհուրդ տվեց այնպիսի քաղաքականություն որդեգրել, որը կվայելի երկու կուսակցությունների աջակցությունը. դա հաջողության նախապայմանն է: Քինգոնը նկատել էր, որ ամերիկացիների միայն քսան տոկոսն էր կողմ Ռեյգանի հակաաբորտային քաղաքականությանը, և շատ ամերիկացիներ քվեարկել են նրա օգտին` «իմանալով, որ նա հավատում է այս բաներին, բայց հասկանալով, որ դրանք առաջ չի տանի»: Նա պնդում էր, որ սա էր Ռեյգանի վերընտրության քարոզարշավի ոչ բացահայտ խոստումը: Ռեյգանը հետևեց այս խորհրդին և ունեցավ Ամերիկայի պատմության մեջ ամենահաջող երկրորդ ժամկետներից մեկը:
Օբաման օգտվեց Կոնգրեսի երկու պալատների մեծամասնություններից և իր պաշտոնավարման առաջին երկու տարիներն անցկացրեց՝ խոշոր դեմոկրատական օրենքներ ընդունելով՝ ֆինանսական կարգավորում և առողջապահական ռեֆորմ անցկացնելով: Բայց հաջորդ երկու տարիներն անցան՝ առաջին երկուսի առաջացրած փակուղուց դուրս գալու ճանապարհներ գտնելով և վերածնված հանրապետական կուսակցությանը դիմակայելով:
Եթե Օբաման ուզում է երկրորդ ժամկետում օրենսդրական փոփոխություններ կատարել, երկու բանի կարիք ունի՝ համեստություն և վերակենդանացած հանրապետական օրենսդիրների ցանկություն նախագահի հետ գործարքների գնալու: Հաշվի առնելով բևեռացված միջավայրը և Կոնգրեսում երկու կուսակցությունների` գրեթե հավասարաչափ բաշխված լինելը՝ ավելի անհավանական է ենթադրելը, որ Օբաման իր երկրորդ ժամկետում ավելի ռադիկալ կդառնա:
V
Օբամայի վերընտրվելու մասին տեսակետներն ավելի բացահայտ են դառնում: Հունիսի 1-ին Օբաման ելույթ է ունեցել Մինեապոլիսի մի ռեստորանում՝ ճաշող ժողովրդի առջև: «Երբ սկսեցի պաշտոնավարությունս, հույս ունեի, որ հանրապետականներն ու դեմոկրատները կմիավորվեն, որովհետև երկիրը լուրջ մարտահրավերների առջև էր կանգնած,-ասել է նա:-Բայց պարզվեց, որ նրանք, մեղմ ասած, այլ մոտեցում ունեին»: Նա պնդում էր, որ հանրապետականները չափից դուրս դեպի աջ են տեղափոխվել, որպեսզի երկկուսակցականությունը հնարավոր դառնա: Օբաման և Ջոն Մաքքեյնը համաձայնության են եկել ներգաղթի, կլիմայի փոփոխության և քարոզարշավի ֆինանսավորման հարցերում: Օբաման ավելացրել է, որ վերընտրվելուց հետո գուցե հնարավոր լինեն փոխզիջումներ:
Նախագահի ընտրության տարբերակները քիչ կլինեն: Օբաման քաղաքական գործիչ է՝ 2004-ից սկսած, և նրա քննարկած առաջնահերթությունները շատ չեն փոխվել այն ժամանակից: Կախված Կոնգրեսի կազմից` նա հավանաբար ստիպված կլինի մտածել` ուզում է հարձակվե՞լ, թե՞ պաշտպանվել: Գուլսբին, որն Օբամային ճանաչել է 2004-ից, ասել է, որ վերընտրվելուց հետո «նա պետք է որոշի՝ հաջորդ քայլն առող ջապահական ծրագիր հիմնե՞լը կլինի, թե՞ որևէ նոր բանի անցնելը: Որովհետև կարծես պարզ է, որ նախագահի հակառակորդները փորձելու են օրենքը մաս-մաս անել»:
Բայց հավանական է թվում, որ Օբաման ժամանակ կունենա քաղաքականության ավելի մեծ փոփոխության համար: Ի՞նչ կլինի դա: Նրա մի քանի խորհրդականներ խոսել են բնակարանային ռեֆորմի մասին: Տնտեսությունը դեռ անկում է ապրում այն բնակարանատերերի յոթ հարյուր միլիարդ դոլար բացասական կապիտալով, որոնց տների արժեքն ավելի ցածր է, քան դրանց գրավը: 2009-ից այս խնդիրն անհանգստացնում է Սպիտակ տանը, որովհետև արդյունավետ լուծումները պահանջում են պարտքի փակման որևէ տարբերակ, որի արդյունքում կշահեն անպատասխանատվություն ցուցաբերած մարդիկ կամ հաստատությունները:
Քննարկվող մեկ այլ մեծ նախագիծ է էներգետիկ քաղաքականությունը, բայց դա գրեթե նույնքան բարդ է, որքան բնակարանայինը: Որպես թեկնածու՝ Օբաման խոսել է գլոբալ տաքացման սպառնալիքի մասին: 2008-ի հունիսին, երբ ընտրվեց դեմոկրատական կուսակցության թեկնածու, իր հաղթանակն անվանեց «այն պահը, երբ օվկիանոսների մակարդակի բարձրացումը դանդաղում է, և մեր մոլորակը սկսում է ապաքինվել»: Բայց կլիմայի փոփոխությունը վիճելի թեմա կմնա ընտրությունից հետո: Օբաման իր ելույթների մեծ մասում էներգիայի մասին է խոսում, բայց ի տարբերություն 2009-ի, երբ իր ծրագրի Կենտրոնական մասն ածխածնային թափոնների նվազեցումն էր, այսօր նրա նպատակը պարզ չէ:
Սպիտակ տան որոշ պաշտոնյաներ ասել են, որ Օբամային ամենից շատ հետաքրքրում է ենթակառուցվածքների խնդիրը: (Մի դեմոկրատ կատակել է, որ ենթակառուցվածքների հանդեպ Օբամայի սերը կարող է համեմատվել փոխնախագահի թուլության հետ, որը պաշտում է գնացքները): Օբաման ուզում է առաջիկա վեց տարիների ընթացքում լրացուցիչ հարյուր հիսուն միլիարդ դոլար ծախսել ենթակառուցվածքների վրա և բարեփոխել ծրագրերի պարգևատրման ընթացքը, որպեսզի հաղթեն ավելի արժանավորները, ոչ թե հովանավորյալները: Ենթակառուցվածքային խելացի փաթեթն ունի Օբամայի քաղաքականության բոլոր կնիքները. դա կստեղծի աշխատատեղեր, ունի կառավարության մասնակցության բաղադրիչ, և կարող են թարմացված էներգահամակարգ կամ արագընթաց գնացքներ ներդրվել, ինչի արդյունքում Օբամայի անունը կմնա պատմության մեջ:
Բայց եթե Օբաման վերընտրվի, ըստ նրա այժմյան և նախկին օգնականների՝ կենտրոնանալու է ներգաղթի վրա: «Երբ հայացք ես գցում մի ամբողջ երկրորդ ժամկետի վրա, ամենամեծ խնդիրը, կարծում եմ, ֆինանսական առողջությունն է, որն իսկապես տնտեսական բարելավման և զարգացման գրավականն է,-ասել է Բիլ Դեյլին` Օբամայի աշխատակազմի նախկին ղեկավարը:-Երկրորդ ամենամեծ խնդիրը, որ տեսնում եմ, ներգաղթի ռեֆորմն է: Կարելի է սկսել Ամերիկա մանուկ հասակում եկած և փաստաթուղթ չունեցող օտարերկրացիներին օրինականացնելուց, եթե համաձայնեն կրթություն ստանալ կամ ԱՄՆ բանակում ծառայել»:
Օբամայի խորհրդականները կարծում են, որ ներգաղթի քաղաքականությունը կարող է երկկուսակցականության միակ հնարավորությունը լինել: Երբ որևէ կուսակցություն պարտվում է, անցնում է ինքնազըննման շրջան: Եթե չնայած անհրապույր տնտեսությանը և պետության բռնած ուղու նկատմամբ ընդհանուր անբավարարվածությանը՝ Օբաման կարողանա հաղթել Միթ Ռոմնիին, ապա հնարավոր կլինի դա բացատրել դեմոգրաֆիական գործոնով. հանրապետական կուսակցությունն այլևս չի կարող հաղթել նախագահի ընտրություններում, եթե չստանա ոչ սպիտակ ընտրողների աջակցությունը:
«Եթե մենք հաղթենք, իսպանախոս ընտրողները մեծ դեր կունենան դրանում,-ասել է Դեյվիդ Փլուֆը.-հանրապետական կուսակցությունը պետք է որոշում կայացնի»: Սպիտակ տունն այնքան համոզված է իսպանախոսների կենտրոնացվածության մեջ, որ Փլուֆն ամիսներ շարունակ պատրաստվել է հակահարված տալ Ռոմնիի կողմնակիցների կատաղի հայտարարություններին, ըստ որոնց՝ Օբամայի՝ վտարման և սահմանային անվտանգության քաղաքականությունը չափից դուրս դաժան էր:
VI
Վերջերս Սպիտակ տանը Փլուֆը կանգնել է Ամերիկայի քարտեզի վրա և խոսել այն նահանգների մասին, որտեղ նախագահի թեկնածուները ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեն: Որոշ ընտրությունների ժամանակ երկու թեկնածուները փորձում են թաքցնել իրենց տարբերությունները, որպեսզի սիրաշահեն չկողմնորոշված ընտրողներին: Բայց այս տարի Օբամայի քարոզարշավն այնպես կաշխատի, որ մրցակցող կուսակցությունների գաղափարախոսությունները չաղավաղվեն: «Այն, ինչ մենք անում ենք, կապված է մտքի հետ»,-ասել է Փլուֆը:
Սա տոնի կտրուկ փոփոխություն է: 2004-ից 2010-ը Օբամայի գործունեությունը ցույց է տվել, որ ինքը երկու մրցող գաղափարախոսությունների միջև կամուրջ է: Դեյվիդ Մարանիսի հեղինակած «Բարաք Օբամա. պատմությունը» կենսագրականում Օբաման ասում է. «Իմ քաղաքականության մեջ ես համոզվել եմ, որ ամուր ինքնություն ունենալու համար պետք է տարբեր տեսակի մարդկանց խորապես ուսումնասիրես: Իմ կյանքն իմաստալից դարձնելու միակ տարբերակն այն է, որ մարդիկ, անկախ մշակույթից, ռասայից, կրոնից և տոհմից, ունենան այս ընդհանրությունը….. և որ կարողանանք հաղթահարել մեր տարբերությունները»:
Օբաման շեշտում է գաղափարախոսական բաժանումը, ոչ թե դրանք միացնող կամուրջը: Սա ստրատեգիական անհրաժեշտություն է: Օբաման ուզում է, որ ընտրողներն իրենց ձայնը տան` հիմնվելով երկու թեկնածուների ծրագրերի, ոչ թե իր առաջին ժամկետի վրա: Այս մարտավարությունն ունի իր վտանգները, բայց դա օգնում է ուշադրությունը շեղել առողջապահությունից, ֆինանսական կարգավորումից և տնտեսական ճգնաժամի հետևանքներից: Սակայն պետք չէ մոռանալ, որ այս ստրատեգիան հակասում է ընտրությունների մասին գիտական հետազոտությունների արդյունքներին, ըստ որոնց՝ ընտրողները հիմնականում որոշում են կայացնում` հիմնվելով վերջին տարվա տնտեսական վիճակի վրա:
VII
Երկրորդ ժամկետի վերջին երկու տարիները չպետք է կորուստ լինեն նախագահի համար: Հեռանալով ներքաղաքական հարցերից` նախագահներն անխուսափելիորեն կենտրոնանում են արտաքին քաղաքականության վրա, որտեղ դեռ հնարավոր է կայուն հետք թողնել: Օբամայի` ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսն ասել է, որ սկսում է ավելի համակարգված հետազոտել, թե ինչ արտաքին քաղաքականություն են վարում վերջին նախագահներն իրենց պաշտոնավարման երկրորդ ժամկետում, բայց նա գիտի, թե որքան կարևոր կարող է լինել Օբամայի ներդրած ավանդը: «Ես տեղյակ եմ, որ վերջին տարիներին նախագահները գնում են դրան»,-ասել է նա: Եկող տարի Օբաման ավելի հաճախ արտասահմանյան այցելություններ կկատարի: «Մենք շատ չենք ճամփորդել այս տարի: Ընտրությունների տարուց հետո ճամփորդելու ավելի շատ ժամանակ կունենանք»,-ասել է Ռոդը:
Օբամայի առաջին չորս տարիների ծրագիրն էր` ավարտել երկու պատերազմները, որոնք ժառանգություն էր ստացել: Ցամաքա-յին լայնածավալ պատերազմներ սկսելու փոխարեն Օբամայի հակաահաբեկչական քաղաքականությունը դարձավ «Ալ քաիդա»-ի ղեկավարների նպատակաուղղված սպանությունը: Համագործակցելով Իսրայելի հետ` ստեղծեց «Ստուքսնեթ»-ը, որը համակարգչային վիրուս է, և որի թիրախն Իրանի միջուկային ծրագիրն է: Այսպիսով, պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ն բացահայտորեն կիբերպատերազմի մեջ մտավ մեկ այլ պետության դեմ:
Արտաքին քաղաքականությունը հաճախ բնորոշվում է անսպասելի իրադարձություններով, բայց Չինաստանի հետ ԱՄՆ հարաբերությունները կարող են Օբամայի երկրորդ ժամկետը բնորոշող հատկանիշ դառնալ: Չինաստանը հիմա կանգնած է հնարավոր ֆինանսական և քաղաքական ճըգնաժամի առջև: «Հակադրվել և քողարկել» գրքի հեղինակ Դեյվիդ Սանջերը նույն գրքում Օբամայի արտաքին քաղաքականության մասին գրում է, որ Չինաստանում նույնպես հնարավոր է դրամատիկ իշխանափոխություն: Շատերը դիտարկել են, որ Չինաստանի պաշտոնյաների հաջորդ սերունդն ավելի ազգայնական է լինելու, քան նախորդը, և ավելի շատ է անհանգստանալու Օբամայի արտաքին քաղաքականությունից:
Օբամայի երկրորդ ժամկետի արտաքին քաղաքականությունն ընդգրկում է Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղության հաստատման թարմացված ջանքեր: Բայց նախագահը, ինչպես իրեն նախորդած երկուսը, անձամբ չի մասնակցի դրան, եթե վստահ չլինի, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ուզում գործարքի գնալ: (Սպիտակ տունը ենթադրում է, որ Նեթանյահուն հույս ունի` Ռոմնին կհաղթի): Օբամայի պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում Իրանի հարցը հավանաբար կնախորդի Մերձավոր Արևելքի խաղաղության համաձայնագրին, նույնիսկ եթե կառավարությունը շարունակի փորձել կարգավորել տարածա-շրջանի և Հյուսիսային Աֆրիկայի հետհեղափոխական փոփոխությունները: Օբաման կարծում է, որ Հյուսիսային Կորեայի ստատուս քվոն փոխելու համար շատ բան չի կարող անել: Միևնույն ժամանակ իրավիճակը Սիրիայում սպառնում է դառնալ նոյեմբերի ընտրությունների ամենաթեժ կետերից մեկը: Ռոմնին քննադատել է Օբամայի «Կապրենք, կտեսնենք» քաղաքականությունը և կոչ է արել զինել Սիրիայի ընդդիմությանը: Շուտով հավանաբար Օբաման ստիպված կլինի որոշել, թե ուզո՞ւմ է ուժային միջոցների դիմել` նախագահ Բաշար ալ-Ասադին գահընկեց անելու համար:
Օբամայի արտաքին և ներքին քաղաքականության մեջ համաչափություն կա: Դա կարող է լույս սփռել երկրորդ ժամկետի հնարավոր զարգացումների վրա: Առաջին ժամկետի սկզբում նախագահը բանակցություններ սկսեց Իրանի հետ, սակայն չհաջողվեց համոզել, քանի որ ռեժիմը սկսեց սպանել Կանաչ հեղափոխության մասնակիցներին: «Ստացվեց այնպես, որ իրանցիները մեր զգուշությունը թուլություն ընկալեցին»,-ասել է Օբամայի՝ ազգային անվտանգության հարցերով ավագ խորհըրդականը: Չինաստանին ներգրավելու` Օբամայի առաջին փորձերը նույն պատճառով կտրուկ մերժվեցին: Օբաման կոշտացրեց իր մոտեցումը երկու պետությունների հետ: Նա կիբերզենքի միջոցով հարձակվեց Իրանի միջուկային ծրագրի վրա, կոալիցիա կազմեց, որպեսզի այդ պետությանը պատժի ՄԱԿ-ի սանկցիաներով, և զգուշացրեց, որ զինված ուժեր կկիրառի, որպեսզի Իրանին հետ պահի միջուկային զենք ձեռք բերելուց: Չինաստանի դեպքում հարաբերություններ հաստատեց նրա հարևանների հետ, որպեսզի ամերիկյան հակակշիռ ստեղծի տարածաշրջանում: Աֆղանստանը նման մարտահրավեր նետեց. Օբաման իր առաջին տարիներն անցկացրեց՝ իր գեներալների հետ կռվելով, որոնք համոզում էին ավելի շատ զորք ուղարկել և երկարացնել ԱՄՆ ներկայությունն այնտեղ: Ի վերջո, կարողացավ համոզել և վարել իր ուզած քաղաքականությունը:
Կոնգրեսի հանրապետականները իրանցի մոլլաներ չեն, ոչ էլ հընգաթև աստղ կրող գեներալներ, բայց Օբամայի մոտեցումը ծանոթ է թվում, քանի որ կոոպերատիվ իդեալիզմն իր տեղը զիջում է սթափ ռեալիզմին: Քանի դեռ նրա առաջին ժամկետն ավարտվում է` սպառնալով Օբամային իր հետ տանել, նա կարծես սովորում է, թե ինչպես կարելի է ուժեղ նախագահ լինել: Նրան կհիշե՞ն արդյոք որպես հզոր առաջնորդի՝ կախված է նրա վերընտրությունից: