Հեղինակ Էրին Մեյերը պատասխանում է հարցին՝ ինչու կարդալ «Աշխարհի մշակույթների քարտեզը» գիրքը (թրեյլեր)

January 14, 2024

Այն, ինչ մի տեղ կարող է հարգանքի տուրք համարվել, մեկ այլ տեղ կարող է արտառոց ու անհեթեթ թվալ: Ղեկավարը պետք է խմի՞ աշխատողների հետ, թե ոչ: Աշխատողը կարո՞ղ է շրջանցել իր ղեկավարին ու դիմել իր ղեկավարի ղեկավարին, թե՞ դա սխալ է: Այս ու բազում այլ հարցեր ունեն տարբեր պատասխաններ աշխարհի տարբեր երկրներում: Ինչպե՞ս հասկանալ մշակութային տարբերությունները և չտապալել աշխատանքն ու կարիերան: Ամերիկացի բիզնես խորհրդատու, պրոֆեսոր Էրին Մեյերի բացառիկ հետազոտությունը ժամանակակից աշխատաշուկայում հաջողելու մասին է։ «Աշխարհի մշակութային քարտեզը» գրքի գլխավոր գործընկերը Ardshinbank-ն է։

Ըստ հեղինակի, աշխատաշուկայի գլոբալացումը հանգեցրել է անսպասելի խնդիրների: Նախկինում առանձին անհատներ, տեղափոխվելով այլ երկիր, հարմարվում էին նոր իրողություններին՝ լեզվին, մշակույթին, մտածողությանը: Այսօր, ամբողջ աշխարհում մարդիկ բախվում են նույն խնդրին՝ դուրս չգալով նույնիսկ իրենց տնից. «Թեև գիրքն ի սկզբանե գրել եմ բիզնես ոլորտի մարդկանց համար, իրականում այսօրվա գլոբալ աշխարհում այն վերաբերում է բոլորին»: 

Ո՞րն է լավ ու վատ աշխատողի, պրոֆեսիոնալ ու անգործունակ մենեջերի տարբերությունը: Աշխարհի տարբեր երկրներում պատասխանները տարբեր են: Արևմուտքում փայլուն մենեջերը կարող է ջախջախվել Արևելքում և հակառակը: Նույն աշխատանքը մի երկրում կարող է համարվել գերազանց ու արդյունավետ, մեկ այլ երկրում՝ տապալված ու անիմաստ. «Այսօրվա գլոբալ տնտեսության պայմաններում դուք կարող եք լինել Կորեայում աշխատող ֆրանսիացի, Բրազիլիայում աշխատող ռուսաստանցի, Ֆրանսիայում աշխատող շոտլանդացի: Պետք է ճկուն լինել, աշխատանքային շփումը հարմարեցնել տվյալ մշակույթին, այլապես ոչինչ չի ստացվի»: 

Եթե Մեքսիկայից մեկնել եք Նիդերլանդներ ու աշխատանք եք գտել, շատ մի ուրախացեք: Գուցե մի շաբաթ էլ չդիմանաք: Եթե փայլուն տնօրեն եք եղել Դանիայում ու գործուղվել Ռուսաստան, ձեզ սպասում է իրական աղետ: Աշխատանքային մշակույթների տարբերություններն այնքան խորն են, որ համահարթեցնելն անիմաստ է ու անհնար: Միակ լուծումը դրանք հասկանալն ու ըստ դրա գործելն է. «Նիդերլանդներում տնօրենը թիմից մեկն է, հավասարների մեջ համակարգողը: Մեքսիկայում տնօրենն ակնկալում է իր դիրքին համապատասխան վերաբերմունք: Եվ երբ մեքսիկացին ղեկավարում է նիդերլանդացիների, կարծում է, թե իր ենթականերն իրեն չեն հարգում»: 

Էրին Մեյերը բերում է բազում այլ օրինակներ ևս, համակարգելով ու կառուցվածքային լուծումներ  տալով մի խնդրի, որին բախվում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում. «Մի անգամ աշխատում էի բրիտանացիներից և ֆրանսիացիներից կազմված թիմի հետ: Բրիտանացիներն ասում էին, որ ֆրանսիացիներն անկազմակերպ են, անպարտաճանաչ են, ուշանում են: Հետո այդ նույն թիմին միացան հնդիկներ, որոնք ասում էին, որ այդ նույն ֆրանսիացիները շատ կազմակերպված են, շատ պարտաճանաչ են ու երբեք չեն ուշանում»: 

Սա գիրք-ուղեցույց է բոլորի համար: Առկա, թե հեռակա, ցանկացած աշխատանքում գրքի տված լուծումները կարող են փրկել ձեր աշխատանքը ու կարիերան, օգնել հաղթահարել գործընկերների հետ տարաձայնությունները, որոնց պատճառը հաճախ թաքնված է մշակույթում ու թվում է անտեսանելի: Այս գիրքը կօգնի ճիշտ կողմնորոշվել ու ճիշտ հասկանալ և՛ գործընկերներին, և՛ ղեկավարին՝ աշխատանքը մղձավանջից դարձնելով հաճելի և օգտակար: