Ալեքսանդր հյուրանոցի լեփ-լեցուն դահլիճում Newmag-ը ներկայացրեց «Աշխարհի մշակույթների քարտեզը» կիրառական ուղեցույցը (լուսանկարներ)

December 12, 2023

Բանկային ոլորտի սերուցքը, փորձառու տնտեսագետներն ու ակադեմիական շրջանակը ներկա է գտնվել Էրին Մեյերի «Աշխարհի մշակույթների քարտեզը» գրքի շնորհանդեսին։ Newmag-ն այս ուղեցույցը հրատարակել է «Արդշինբանկ» ՓԲԸ֊ի հետ համատեղ։ Հեղինակը մեկ ուղեցույցով ցույց է տալիս, թե ինչպես կոտրել գլոբալ բիզնեսի անտեսանելի պատնեշները և աշխատավայրում կառուցել հարաբերություններ առանց ճնշող լարվածության։

 

 

 

Պրոֆեսոր Էրին Մեյերը ներկայացրել է խիստ տարբեր անցյալ, փորձ ու մտածողություն ունեցող մարդկանց մշակութային տարբերությունները, որոնք առաջանում են համատեղ աշխատանքի ընթացքում։ «Աշխարհի մշակույթների քարտեզը» գիրքը թարգամնելու ընթացքում թարգմանիչ Դավիթ Սարգսյանը հաճախ է հիշել իր ուսանողական տարիները, երբ սովորում էր Եգիպտոսում:

 

Համոզված է՝ սա գիրք է, որը կփրկի ամեն տեղ ու ամենուր. «Կցանկանայի այս գիրքը կարդալ 10 տարի առաջ, երբ սովորում էի Կահիրեում: Բազում նրբություններ կհասկանայի ու շատ խնդիրներից կխուսափեի: Այս գիրքը հրաշալի ուղեցույց է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են աշխատավայրում լավ զգալ ու գործընկերների, ղեկավարների հետ շփումներն աղետի չվերածել»։ 

  

Ըստ թարգմանչի, կարծրատիպ կա, որ իտալացիները կրքոտ են, գերմանացիները՝ պարտաճանաչ, ֆրանսիացիները՝ նրբանկատ, չինացիները՝ աշխատասեր, բայց այս ամենն այդքան էլ այդպես չէ։ Մարդկային շփումներում ու աշխատավայրում տարբեր ազգերի ու մշակույթների ներկայացուցիչներ տարբեր ձևով են իրենց դրսևորում։ էրին Մեյերը հենց այդ տարբերություններն է ցույց տալիս իր գրքում՝ դրանով հեշտացնելով մարդկանց շփումներն աշխատավայրում։

 

Գրքի խմբագիր Գնել Նալբանդյանն ասում է, որ իրեն հատկապես հետաքրքիր էր, թե ինչու է «Արդշինբանկը» աջակցել գրքի հրատարակմանը։ Ու երբ իմացավ, որ բոլոր ընկերության մասնաճյուղերում այս պահին  տեսակարար կշիռ են կազմում  օտարերկրյա մասնագետները ու իրենց բանկի շահույթների 80 տոկոսը ձևավորվում է Հայաստանի տարածքից դուրս, հասկացավ, թե որքան օգտակար գիրք կլինի սա ոչ միայն բանկի, այլև ամբողջ բիզնես ոլորտի համար. «Վերջերս կարդում էի Իլոն Մասկի հարցազրույցներից մեկը, որտեղ Մասկն ասեց, որ իր ընկերության ամենաարդյունավետ մասնաճյուղը Չինաստանում է։ Մեյերն իր գրքում նույնպես գրում է, որ չինացիներն ամենապարտաճանաչ ու արդյունավետ աշխատողներից են,  այնպես որ Մասկին հավատացի»։ 

 

«Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արտակ Անանյանն ասում է, որ գիրքը թարգմանել խորհուրդ է տվել հենց բանկի վարչության փոխնախագահ Դավիթ Սարգսյանը. «Մի քանի տարի առաջ Դավիթ Սարգսյանն այս գիրքը նվիրեց, կարդացի, ես էլ շատ հավանեցի։ Որոշեցինք թարգմանել, օգտակար լինել բիզնես ոլորտին ու մարդկանց։ Այսօր Հայաստանի, թե՛ տնտեսական ոլորտում, թե՛ սոցիալական կյանքում, թե՛ արտասահմանցիների շրջանում ներկայությունը շատ մեծ է։ Գիրքը կօգնի, որ ոլորտն ավելի լավ զարգանա»։ 

  

 

Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը շնորհանդեսին ներկայացրեց հայկական ու արևմտյան մշակույթների առանձնահատկությունները՝ կանխելով հարցը, արդյոք, Մեյերի գրքում կգտնենք նաև հայերի ու հայկական մշակութային առանձնահատկությունների մասին տեղեկություններ.

 

«Մեյերն առանձին չի անդրադարձել հայկական մշակութային առանձնահատկություններին։ Գիրքը կարդալով, սակայն, կգտնեք այն տարբերությունները, որոնք կան մեր ու այլ մշակույթների միջև։ Ես կազմել եմ մի պարզ գծագիր, օրինակ, պլանավորման դեպքում մենք ավելի շատ մոտ ենք պարտաճանաչ գերմամացիներին, թե սիեստայի սիրահար հույներին։ Կարծում եմ, որ մենք այնքան էլ  հույն չենք, այն իմաստով, որ երեք ժամ չենք քնում ցերեկը, բայց դեռ գերմանացիների պես աշխատավայրում ճշտապահ ու պարտաճանաչ էլ չենք»։  

 

Շնորհանդեսը վարում էր ABNews TV-ի տնօրեն Նարեկ Նիկողոսյանը։

 

Վերջում՝ հյուրասիրություն. գրական ու բիզնես զրույցները շարունակվեցին գինու և կոկտեյլի գավաթների շուրջ։ «Աշխարհի մշակույթների քարտեզը» արդեն վաճառքում է:

Կարդացեք նաև