Ռելոկանտի բանաձևը. ոչ թե կանեմ այնպես, ինչպես պետք է, այլ կսովորեմ անել այնպես, ինչպես պետք է (տեսանյութ)

March 26, 2024

«Աշխարհի մշակույթների քարտեզը» գիրք-ուղեցույց է բոլորի համար: Առկա, թե հեռակա, ցանկացած աշխատանքում գրքի տված լուծումները կարող են փրկել ձեր աշխատանքը ու կարիերան, օգնել հաղթահարել գործընկերների հետ տարաձայնությունները, որոնց պատճառը հաճախ թաքնված է մշակույթում ու թվում է անտեսանելի: Ձեզ ենք ներկայացնում մի ռուս ռելոկանտի պատմություն, ով կարողացավ մշակույթների հայկական քարտեզում գտնել իր տեղն ու հաղթահարել խոչընդոտները։

Common Ground-ը ամենահայտնի սրճարան-գրախանութներից մեկն է։ Բացվել է ընդամենը մի քանի ամիս առաջ ՝գարնանը։ Անունը միանգամից կհուշի․ փորձում են պարարտ հող գտնել արդյունավետ շփման համար։ Հիմնադիրը Գրիգորի Կորելսկին է։ Մշակութային առանձնահատկությունների խնդրին չի բախվել, հասցրել էր ուսումնասիրել ու դրանք գործադրել հօգուտ սրճարանի։ Ըստ նրա, սրճարանը բացելուց առաջ՝ մեկ տարի ուսումնասիրել է գրքերի, սրճարանների բիզնեսն ու շուկան, հետո նաև հայ գործարարներին ու բիզնեսմեններին.

«Հայ գործընկերներիս հետ աշխատելու փորձում մի մեծ, կարևոր առանձնահատկություն առանձնացնեմ, որը շատ կօգնի. անձնական կապը։ Այն նման չէ ռուսական իջավայրին, որը չոր, զուտ գործնական է։ Հայկական գործնական միջավայրում միշտ պետք է լինի սուրճը, ընկերությունը, միասին ժամանակ անցկացնելը։ Միայն այդպես կարող ես կապեր հաստատել, գործ անել հայերի հետ»։ 

Գրիգորին մշակութային առանձնահատկությունների իսկական գիտակ է դարձել ու կամուրջ՝ հայ ու ռուս գործընկերների համար։ Բիզնեսում հիմնական գործընկերները հայերն են, սրճարանի այցելուներն ու գրքասերներն էլ շատ տարբեր են.

«Հայաստանում գրավաճառների գլխավոր խնդիրը, անկախ՝ մշակութային ու ազգային առանձնահատկություններից, անկախ նրանից՝ հա՞յ ես, ռո՞ւս, անգլիացի՞, թե՞ ամերիկացի, նույն խնդիրն է ՝ քսան տոկոս ավելացված արժեքի հարկ։ Գրքերի հարկերը Հայաստանում շատ բարձր են»։  

Արդեն որպես փորձառու ռելոկանտ ու գրեթե հնաբնակ ուշադրությամբ հետևում է նոր տեղափոխվածներին։ Արցախից բռնի տեղահանվածներին, Իսրայելից Հայաստան եկածներին ու նրանց ընդունողներին խորհուրդ է տալիս արագ ադապտացվելու համար կիրառել նոր եկածների փորձը. «Մենք ադապտացվեցինք, չէ՞, մեզ սովորեցիք չէ՞։ Այս հարցում գլխավորն այն է, որ գտնես այն լավ կողմերը, որոնք ունի ամեն մի համայնք, ամեն մի մարդ։ Հայաստան տեղափոխվածներին պետք է թույլ տալ ինքնարտահայտվել, ոչ թե դառնալ բեռ հասարակության համար։ Մարդիկ եկել են իրենց փորձով, որը գուցե այստեղ չկա, եթե կարողանան բացահայտել իրենց, ճիշտ ադապտացվել, անգնահատելի կլինեի բոլորի համար»։ 

Մշակութային առանձնահատկությունների հաղթահարման բանալին համարում է անկեղծ հետաքրքրությունն ու բաց հաղորդակցությունը։ Խորհուրդ է տալիս Երևանում գործ սկսելուց առաջ կիրառել իր բանաձևը․ ոչ թե կանեմ այնպես, ինչպես պետք է, այլ կսովորեմ անել այնպես, ինչպես պետք է։  

Կարդացեք նաև