Ինչպե՞ս էժան ճամփորդել. գիշերակաց՝ ոչ հյուրանոցում

October 26, 2018

Տուն՝ փոխանակումով
Հատատ, դիտել եք «Արձակուրդ՝ փոխանակումով» ֆիլմը: Հաստատ, մտածել եք՝ իսկ ինչո՞ւ ոչ: Հաստատ, երկմտում եք, իսկ գուցե փորձե՞ք: Սա ևս ճամփորդելու լավագույն առիթ է ու տարբերակ: Մեթոդը հետևյալն է. դուք ներկայացնում եք ձեր տունն իր նկարագրով և ճամփորդելու համար նախընտրելի վայրերով և սպասում, որ ինչ-որ մեկն էլ կցանկանա ձեր երկիր այցելել և հենց ձեր տանը մնալ: Կամ էլ գործի անցեք: Գտեք ձեզ հետաքրքրող երկիրն ու տունը և գրեք տանտերերին: Գուցե ձեր առաջարկը հետաքրքրի նրանց:
Ահա կայքերը, որտեղ կարելի է տուն գտնել փոխանակումով.


Իհարկե, լավ ու էժան տարբերակ է այլ երկրում արձակուրդ անցկացնելու համար, բայց պետք է հաշվի առնել նաև հնարավոր խոչընդոտները կամ սահմանափակումները: Հաշվի առեք, որ այս տարբերակն ավելի հարմար է զբոսաշրջային քաղաքների համար: Եթե դուք զբոսաշրջային հետաքրքրություն չներկայացնող քաղաքում եք ապրում, դժվար թե գտնեք մեկին, որը կհետաքրքրվի ձեր առաջարկով:
Ձեր բնակարանը, բնականաբար, պետք է բարվոք վիճակում լինի, որ ինչ-որ մեկը ցանկանա հյուրընկալվել այնտեղ, օրինակ՝ եվրոպացի զբոսաշրջիկը: Պետք է հաղթահարել նաև հոգեբանական խոչընդոտը: Այո, դուք պետք է պատրաստ լինեք մի որոշ ժամանակով ձեր տունը հանձնել միանգամայն օտար մարդու:
Որոշ կայքեր գրանցվելու համար անդամավճար են պահանջում, սա ևս նկատի ունեցեք: Այդուհանդերձ, արժե փորձել: Մտածեք այդ մասին:


Կարդացեք նաև.



Հոսթելներ
Երբ ճամփորդում ենք, միշտ աշխատում ենք քաղաքի կենտրոնում տուն վարձել, հյուրանոց գտնել, որպեսզի ամեն ինչ ձեռքի տակ լինի ու շատ մոտ: Բայց Կենտրոնում հյուրանոց վարձելը կարող է ձեր բյուջեի զգալի մասը կազմել: Խնայելու տարբերակներից մեկն էլ հոսթելում գիշերելն է: Մի քանի աստղանի հյուրանոցի փոխարեն, հաստատ, նույն վայրում կգտեք ոչ շատ թանկ հոսթելներ: Հաճախ դրանք մեծ տներ են, որտեղ առանձին սենյակներ են վարձով տալիս: Լինում են ինչպես ընդհանուր սենյակներ՝ 6-12 հոգու համար նախատեսված, այնպես էլ՝ առանձին՝ 1, 2 կամ 3 մարդու համար: Եթե լավ փնտրեք, լավ հոսթել, հաստատ, կգտնեք: Որոշները նույնիսկ նախաճաշն են ներառում: Գտնվելու վայրն էլ հաճախ չի զիջում ոչ թանկ հյուրանոցներին:
Փնտրեք հոսթելներ այստեղ և ոչ միայն.

Մնալու տեղ Ասիայում
Ասիան յուրահատուկ է նաև այս տեսանկյունից: Ավելի էժան կնստի ձեզ վրա, եթե տեղում տուն կամ հյուրանոց փնտրեք: Էժան հյուրանոցներն ու հյուրատները հիմնականում չեն լինում ինտերնետում: Եթե կան էլ, իրենց ծառայություններն ավելի թանկ են ներկայացնում, քան տեղում կվարձեք: Բացի այդ, տեղում կարող եք նաև սակարկել ու հայտարարած գնից 20-40 տոկոսով էժան վարձակալել: Առաջին անգամվա համար սա կարող է վախեցնող թվալ. անհայտ տեղ, անհայտ մարդիկ, ու ոչինչ չեք ամրագրել: Գուցե անհանգստանաք սկզբում, բայց եթե գինը կարևոր է ձեզ համար, ուրեմն՝ տեղում գտնելն ամենահարմարն է: Սա, իհարկե, արդարացված է, եթե երկար ժամանակով եք այդ վայրում: Եթե մի քանի օր կամ մեկ-երկու շաբաթ եք մնալու, չարժե փնտրտուքի վրա ժամանակ ծախսել: Ավելի լավ է հյուրանոց ամրագրել, խնայել նյարդերն ու վայելել քաղաքը:
Բնակարանի վարձույթ
Սա կարծես թե տարածված չէ հայ զբոսաշրջիկների մոտ և իզուր: Ի տարբերություն տներով փոխանակվելուն՝ այստեղ ոչ մի բարդություն չկա: Ավելին, երբեմն այնքան հարմար տարբերակներ կգտնեք՝ հյուրանոցներից զգալի էժան: Բացի այդ, սա հնարավորություն է հյուրանոցի տիպային համարից դուրս ապրել, տվյալ երկրի քաղաքացու պես, ինչու ոչ, նաև շփվել տանտերերի հետ: Չէ՞ որ մարդիկ էլ տվյալ երկրի մշակույթի մասն են կազմում:
Բնակարան փնտրելու ամենահայտնի կայքը airbnb.com-ն է: Բացի որոնումից, ծառայությունը նաև երաշխիք է տալիս, որ կանխավճարը փոխանցվում է տանտիրոջը, երբ դուք արդեն բարեհաջող ապրել եք այդ տանը: Խնդիրների դեպքում միջոցները վերադարձվում են:


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում