Թրամփը խառնում է խաղաթղթերը ռեգիոնում. Նոր խառնաշփոթ Հարավային Կովկասում

February 8, 2017

Երբ Թեհրանում Միջուկային ծրագրի համաձայնությունից օրեր անց երկրի արտգործնախարարին դիմավորում էին հերոսի նման, բանակցությունների արդյունքն էլ իրանական դիվանագիտության հաղթանակ կոչում, քչերը կմտածեին, որ երկու տարի անց, նույն կերպ կմտածի ԱՄՆ նախագահը: Եվ դա պատուհաս կդառնա հենց գործարքի համար:
Դոնալդ Թրամփը Օբամայի վարչակազմի այս գործարքը որակել է «ամոթալի և վատագույն»: Այդ պատճառով է, որ ըստ Թրամփի, Իրանը չի հարգում ԱՄՆ-ին: Նա պնդում է, որ Իրանը 1 ահաբեկչական երկիրն է, որը զենք ու փող է տալիս բոլորին: Իրանում բալիստիկ հրթիռների փորձարկմանն էլ նա պատասխանել է նոր պատժամիջոցներով, թեև ԱՄՆ-ն պարտավորվել էր չեղարկել հները: 
Ճիշտ նույն օրերին Թեհրանը ցուցադրել է սեփական արտադրության նոր զինատեսակները: Թրամփը սպառնացել է անուղղակի ու անակնկալ ռազմական ներխուժմամբ: Թեհրանը նրա երդմնակալությունից օրեր առաջ միջուկային գործարքի տապալումն անհավանական էր համարում:
Թրամփը միշտ է խոսել Իրանի հետ ավելի պահանջկոտ դիվանագիտություն վարելու մասին: Թեհրանը հրթիռային զորքի զորավարժություն է սկսել: Թրամփը խոստացել է ի տարբերություն Օբամայի` չհայտնել հնարավոր ռազմական գործողությունների օրն ու ժամը: Թեհրանը սպառնացել է հրթիռային կրակ բացել թշնամիների գլխին: Սա Թրամփի հաճախ չափազանց ուղիղ և իրանական ավանդական դիվանագիտության բախումն է, որի հետևանքները կարող են լինել նույնքան տարբեր և նույնքան հակասական:



[Արևելյան խոհանոց]



Այս ամենի ֆոնին ամերիկյան մամուլը գրում է, թե Թրամփի ադմինիստրացիան պատրաստվում է վերջ դնել Իրանի և Ռուսաստանի ռազմական, դիվանագիտական դաշինքին: Տարածաշրջանում ԱՄՆ-ն դաշնակից է կորցրել: Թուրքիան քրդական հարցում ԱՄՆ հետ ձեռք բերած տարաձայնություններից հետո թեքվել է Ռուսաստանի կողմ: Հիմա էլ Վաշինգտոնը փորձում է բացառել տարածաշրջանի միանգամից երկու գլխավոր կենտրոններում Մոսկվայի ազդեցության աճը: Եվ դա անում է չբացառելով Մոսկվայի հետ եզրեր գտնելու հնարավորությունը:
Այժմ վերլուծական կենտրոնները քննարկում են, թե Պուտինը ի՞նչ կարող է պահանջել Թրամփից՝ պատժամիջոցների մեղմացումից մինչև զիջումներ Ուկրաինայի հարցում: Մոսկվան պաշտպանում է իր հարավային դաշնակցին, որի տարածքով կարող է ելք ունենալ դեպի «տաք ջրեր»:
Իրանա-ամերիկյան դիվանագիտական սկանդալները, պատժամիջոցները, հաջողված ու տապալված գործարքները հայկական ուղղությամբ ևս անդրադարձներ են ունենում: Եթե նույնիսկ դիվանագիտական հրդեհ բռնկվի, այն հազիվ թե վնասի Հայաստանի շահերին: Այլ հարց է, որ ԱՄՆ-ԻԻՀ հարաբերությունների նորմալացումն ավելի շահավետ է ՀՀ-ին:
Երբ Իրան-Նահանգներ հարաբերությունները ճգնաժամում էին, Երևանը Թեհրանի՝ դեպի արտաքին աշխարհ պատուհաններից մեկն էր: Երբ այդ հարաբերությունները կարգավորման փուլում էին, Թեհրանը հիշեց Երևանի գործընկերությունը և նոր ծրագրերով ու նոր ծավալներով աշխատանքի պատրաստակամություն հայտնեց: Եվ այս ամենն այն պայմաններում, երբ Բաքուն ու Անկարան օգտվում էին առիթից՝ Իրանի տնտեսության ծանր օրերին ստանալով հնարավոր առավելագույն շահը: