Վարդան Մինասյանը նշանակվել է ՀՖՖ տեխնիկական տնօրեն. Բացատրում ենք` ինչ լիազորություններ ունի և ինչով է զբաղվելու

February 28, 2017

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը նշանակվել է ՀՖՖ տեխնիկական տնօրեն։ Մինչև այս պահը տեխնիկական տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը բելգիացի Մարկ Լելևրն էր:


  • Վարդան Մինասյանն իր մարզչական կարիերան սկսել է Փյունիկում, որպես մարզչի օգնական։

  • 2008 թվականին Վարդան Մինասյանը դարձավ Փյունիկի մարզիչ:

  • 2009-ից 2013 թվականներին եղել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ:

  • 2014 թ-ից աշխատել է Ղազախական Տոպոլ Ֆուտբոլային Ակումբում, որպես գլխավոր մարզիչ։



  • 2017 թվականի փետրվարի 28-ից Վարդան Մինասյանը նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնում:



Ի՞նչ է նշանակում տեխնիկական տնօրեն


Վարդան Մինասյանն իրականացնելու է Հայաստանի մինչև14 տարեկանների և մինչև19 տարեկանների հավաքականների հետ կապված աշխատանքների համակարգումը: Նա համակարգելու է մարզչական կրթության B, A, Pro մակարդակներով մարզումները և վերահսկելու է տեխնիկական բովանդակության պատշաճ ապահովումը:
Ըստ էության, Վարդան Մինասյանը պատասխանատու է երիտասարդական հավաքականների համար: Նա կարող է նշանակել մարզիչներ, որոշել ուսումնական պլանը:Տեխնիկական տնօրենը, ՀՖՖ նախագահից հետո, երկրորդ ամենաազդեցիկ պաշտոնյան է ֆեդերացիայում:Այդ պատճառով հնարավոր է նաև պաշտոնի լիազորությունների ընդլայնում:
Նախատեսվում է, որ Վարդան Մինասյանը կզբաղվի նաև ֆուտբոլի ակադեմիայի համակարգմամբ: Պատահական չէ, որ հենց առաջին օրը Վարդան Մինասյանը արդեն կայացրել է կարևոր որոշումներ:

Որոշում 1.


Վարդան Մինասյանի որոշմամբ՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Տիգրան Առաքելյանը, որին կօգնի Տիգրան Պետրոսյանցը: Այս մարզիչները կշարունակեն աշխատել այս հավաքականի հետ նաև հաջորդ շրջափուլում, երբ թիմը կմասնակցի Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2017-2018 թ. առաջնության որակավորման փուլի հանդիպումներին:

Որոշում 2


Էլիտ-ռաունդի ուղեգիր նվաճած Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արտակ Օսեյանը: Հայաստանի մինչև19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչը կնշանակվի մոտ օրերս: