Ամառային փառատոնին Newmag-ը ներկայացնելու է 1 օրում 7 գիրք (թրեյլեր)

July 15, 2022

Ամառային նախորդ գրքատոնին Newmag-ը ներկայացրել էր 3 նոր գիրք, 2022-ի փառատոնին՝ միանգամից 7 նոր գիրք: Բեսթսելլերներ, որոնք կկազմեն ամռան պարտադիր ընթերցանության ձեր գրքացանկը: Ամենատարբեր նախընտրության ընթերցողների համար Newmag-ն առաջարկում է նոր գիրք: Շնորհանդեսները կսկսվեն 12.20-ից և կշարունակվեն մինչև 20:00՝ նույն սրահում՝ Ground Hall-ում: Հենց հուլիսի 16-ին այդ գրքերը կվաճառվեն հրատարակչության տաղավարում ու միայն այդ օրը հատուկ զեղչերով:

Առաջին գրքի շնորհանդեսը տեղի է ունենալու 12:20: Ռուբեն Մելքոնյանի և Նաիրա Պողոսյանի «Փախուստ Էրգրից» գիրքը Newmag-ը հրատարակել է Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի նախաձեռնությամբ: Հետազոտությունը ներառում է 1920-1980-ականներին Թուրքիայից հայերի ներգաղթը Խորհրդային Հայաստան։ Հեղինակներին հաջողվել է գտնել բացառիկ նյութեր, փաստաթղթեր, որոնց մի մասը գաղտնազերծվել են վերջին 10 տարիներին: Գրքում տեղ է գտել Խորհրդային Հայաստանում ներգաղթի կազմակերպման ամբողջ գործընթացը՝ արխիվային բացառիկ փաստաթղթերով և Վանից ու Պոլսից Խորհրդային Հայաստան տեղափոխված հայերի ժառանգների հետ հարցազրույցներով:

                                                     

13:00 Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի «Փոթորիկ Կովկասում» գրքի շնորհանդեսն է: Այն նվիրված է 44-օրյա պատերազմին: Գրքում տեղ գտած նյութերը վերաբերում են 2020-ի սեպտեմբերից նոյեմբեր տեղի ունեցած իրադարձություններին: Աշխատության առանցքում են հայտնվել հայ-ադրբեջանական զինված հակամարտության հիմնական պատճառները, դրանց ընթացքը և ներգրավված բոլոր կողմերի համար դրանց հետևանքները: Սա հետազոտական խմբի համատեղ աշխատանք է, որտեղ հեղինակները վերլուծում են ռազմական և ռազմատեխնիկական այն ասպեկտները, որոնք ազդել են պատերազմի ելքի վրա։

                                                     

14:00 «Люди и машины» գրքի շնորհանդեսն է: Հեղինակները Սանկտ-Պետերբուգից են, երեքն են՝ Ալեքսեյ Պոմիգալովը, Ալեքսանդր Անդրեևը, Իլյա Կորոբովը: «Մարդիկ և մեքենաները» գրքի նախատիպը ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող DataArt-ի «Հայաստանի մաթեմատիկական մեքենաներ» վիրտուալ ցուցահանդեսն է, որը պատմում է 1956 թ. բացված Մաթեմատիկական մեքենաների երևանյան գիտահետազոտական ինստիտուտի, հայ ինժեներների ու նրանց ստեղծած հաշվիչ տեխնիկայի մասին: Ձմռանը այս գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսն էր, ամռանն էլ Newmag-ը ներկայացնում է ռուսերենը՝ հեղինակների մասնակցությամբ:

                                                   

16:00 յուրօրինակ գրքի շնորհանդես է՝ Newmag-ը ներկայացնում է Անջալի Մահտոյի «Մաշկի խնամք» գիրքը: Այս դոկտորի  առաջարկած թեզերը նրա հետևորդներն անվանում են պատվիրաններ։ Մահտոյի ծնողները բժիշկներ են։ Բայց մաշկաբանի մասնագիտությունն ընտրելուն նպաստել է ոչ թե այդ հանգամանքը, այլ անձնական խնդիրը՝ դեմքի խորը բշտիկներն ու մասնագետների պակասը: Անջալին ինքն իրեն խոստանում է դառնալ այդ ոլորտի լավագույն մասնագետը։ Գրքի գաղափարը բրիտանական հայտնի հրատարակչությանն էր: Այդպես էլ ստեղծվում է  կանոնագիրքը, որի բաժիններից յուրաքանչյուրը կատարյալ մաշկ ունենալու ուղեցույց է:

                                                     

17:00 տեղի կունենա հայ ժամանակակից երիտասարդ գրող Սյունե Սևադայի առաջին վեպի շնորհանդեսը։ «Աղի թեյը» պատմություն է ճակատագրական թուլությունների, ներանձնային խնդիրների, բայց և դրանց լուծման, ուժի ու ամրության մասին: Առանցքում մարդն է, որ փորձում է գտնել իրեն ուփրկվել ի հեճուկս դժվարությունների: Երիտասարդ հանրահայտ դաշնակահարի մահից հետո հայաստանյան ամենամեծ հրատարակչության տնօրենը որոշում  է նրա մասին կենսագրական գիրք հրատարակել: Գրքի ամեն էջի հետ բացահայտվում են մանրամասներ, որոնք ստիպում  են բացել անցյալի մռայլ էջերը, նորովի ճանաչել մարդկանց ու առերեսվել սարսափելի իրականությանը:

                                                   

18:00 Եվրամիության «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի աջակցությամբ Newmag-ը կներկայացնի Նոբելյան մրցանակի հավակնորդ ու բուլղարացի ժամանակակից ամենահայտնի գրող Գեորգի Գոսպոդինովի վեպը: Բուլղարիայի հնարավոր բոլոր գրական մրցանակներին արժանացած վեպը լույս է տեսել 2011-ին: «Տրտմության ֆիզիկան» կայծակնային արագությամբ դարձավ բեսթսելլեր, իսկ ընթերցողների ու լրագրողների ուշադրությունից և հետապնդումներից խուսափելու համար հեղինակը սկսեց ճամփորդել։ Խորհրդային Միության փլուզումից հետո Գոսպոդինովը մեկն է բուլղարացի այն հեղինակներից, որոնց ստեղծագործությունները թարգմանել են եվրոպական լեզուներով։

                                                     

19:00 էլ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի աջակցությամբ հրատարակված մյուս՝  Ֆերնանդո Արամբուրուի «Հայրենիք» վեպի շնորհանդեսն է: «Հայրենիք»  պատմում է երկու բասկ ընտանիքի մասին, որոնց ընկերությունը խաթարում է մեկ կրակոց։ Անկախության շարժմանն ուղեկցած ահաբեկչության հետևանքները շատ ավելի սարսափելի են եղել։ Հեղինակը պատմական ու քաղաքական կարևոր իրադարձությունները դիտարկում է մարդու ճակատագրի համատեքստում: Ֆերնանդո Արամբուրուն անդրադարձել է հետպատերազմյան դեպրեսիային. ժողովուրդը տասնամյակներ լռել է՝ կրելով անցած դարավերջի ահաբեկչություններից մնացած խորը սպին:

                                                     

Newmag Summer Fest-ին սպասվող նոր գրքերը 

Փառատոնի մասին կարդացեք նաև