Շառլ Ազնավուր․ «Ես ծեր չեմ, պարզապես տարեց եմ»

May 28, 2020

Ազնավուրը խոստովանում է, որ երբ նստում է գրասեղանի առաջ, ու գրում երգի բառեր, չի զգում, թե ինչպես է ժամանակը թռնում: Ոչ՛ քաղցի, ո՛չ ծարավի զգացում չի ունենում, մոռանում է արտաքին աշխարհի մասին ու կենտրոնանում, քանի որ  բառի հետ խաղ չես անի, հենց այնպես օդ չես կրակի՝ կամ հանգավորումը լավն է, կամ՝ ոչ, երրորդ տարբերակ չկա․ պնդում է իր «Վերջին դուռը» գրքում:

«Սիրել ու հրաշալի բառերը կողք կողքի չեն հնչում: Պետք է այնքան փնտրես մինչև գտնես ճիշտ բառը: Հաճախ այդ ընթացքը երկար է տևում, քանի որ ուզում եմ՝ երգս Ֆեռարիի շարժիչի հզորությամբ կառուցվի», - ասում է Շառլ Ազնավուրը։ 

Անկեղծանում է՝ սրտնեղում է, երբ հեռուստացույցից հնչած երաժշտության տեքստերը ֆեռարիի անտեսանելի շարժիչ չեն ունենում: Կատակում է՝ այդ ընթացքում Բոդլերը, Ապոլիները, Հյուգոն, ֆերրեն և այլ մեծ պոետներ գերեզմանում շուռ են գալիս:

87 տարեկանում գրած գրքում շանսոնյեն խոսում է իր առաջ բացված ու դեմքին փակված դռներից, նաև ա՛յն դռներից, որոնք ինքն է հրելով բացել կամ հարվածելով փակել: Տարիներից իմաստնացած Ազնավուրը համոզված է՝ երբ հեռանալու ժամանակը գալիս է՝ պիտի գնաս, բաց թողնես, որքան էլ, որ լքել բայը չես սիրում,- «Վերջին դուռը» կիսաբաց պահելով՝թույլ է տվել, որ ընթերցողը տեսնի, թե ինչ է փոթորիկներ են իրեն հասցրել մինչև 2011 թվական. Գիրքը հենց այդ ժամանակ է լույս տեսել:

«Ես ծեր չեմ, պարզապես տարեց եմ: Չնայած 87 տարեկան եմ, բայց ինձ որբ եմ զգում: Ասում են, թե տղամարդիկ չեն արտասվում : Պատահում է, որ արցունքներս գլորվում են գիշերվա կեսին, երբ ծնողներիս եմ հիշում, նույն կերպ ցավում եմ կյանքից հեռացած ընկերներիս համար», - ասում է Ազնավուրը։ 

«Ես անկազմակերպ եմ ու կարիք ունեմ մտքերս ի մի բերելու»,- «Վերջին դռան» առաջին տողերում իր երկրպագուների մոտ սիրտն է բացում՝ իր ինքնակեսնագրական գրքերը շարադրելիս միտքը մի թեմայից մյուսն է անցնում. ախր իր կյանքը նույնպես երբեք մի գծով չի ընթացել մինչդեռ «Ստվերից լույս մեկ քայլ էր, միայն հետո հասկացավ՝ հենց այդ քայլն էլ իր ամբողջ գոյության առաքելությունն էր»։