Քառօրյա պատերազմը համաշխարհային ռազմական պատմության էջերում

August 16, 2016

Պատերազմ հասկացությունը առաջին հայացքից բոլորի համար կարող է չափազանց պարզ թվալ: Պատերազմը երկրների միջև տարածքային հարցեր լուծելու ամենածայրահեղ եղանակն է, որի ժամանակ կիրառվում է զենք: Սակայն իրականում մարդկությունն իր ամբողջ գոյության ընթացքում ոչ միայն վարել է պատերազմներ, այլև խորապես ուսումնասիրել է պատերազմի էությունը, դրա պատճառներն ու տեսակները: Իզուր չէ,  որ պատերազմների մասին նույնիսկ հանրագիտարաններ են գրվել:
Մինչև 21-րդ դարը պատերազմի բոլոր տեսակներն արդեն դասակարգված էին: Պատերազմի ամենատարածված ու դասական տարատեսակը միջպետական պատերազմն էր: Տարածված տեսակ է նաև կոալիցիոն պատերազմը, երբ մի քանի երկրներ ռազմական դաշինքներ են կազմում ու պատերազմում ընդհանուր գաղափարների ու շահերի համար: Եղել են համաշարհային պատերազմներ, որոնք ընդգրկում էին երկրագնդի պետությունների և ժողովուրդների մեծ մասին: Մարդկությանը դեռևս 2 անգամ է վիճակվել նման պատերազմ տեսնել:
Կան նաև պատերազմի ենթատեսակներ՝ հեղափոխական, կրոնական, ահաբեկչական, խաղաղարար, հումանիտար: Սրանք բոլորը «արտաքին» պատերազմի տարբերակներ են: Սակայն կա նաև «ներքին» պատերազմների դասակարգում՝ քաղաքացիական, ազգային ազատագրական պատերազմներ, գյուղացիական կամ քաղաքացիական ապստամբություններ, ռազմական հեղաշրջումներ:
Եթե ապրիլյան քառօրյա պատերազմը փորձենք դասակարգել 20-րդ դարի տրամաբանությամբ, այն կարելի է համարել «միջպետական»: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչված չէ, սակայն փաստացի պետություն է:
«Լոկալ պատերազմներ» եզրույթը նույնպես բնորոշում է Քառօրյա պատերազմը, քանի որ ռազմական գործողություններն ընթանում էին փոքր տարածքի վրա և սահմանափակ ուժերով:
Պատերազմները դասակարգվում են նաև ժամանակի առումով: Այս տեսանկյունից Քառօրյա պատերազմը «սրընթաց» պատերազմ էր, քանի որ Ադրբեջանը հույս ուներ կարճ ժամանակում մեծ արդյունքի հասնել, մինչդեռ ԼՂՀ բանակն Ադրբեջանին կանգնեցրեց ընդամենը ոչ ամբողջ 4 օրում:
Յուրի Կիրշին, ՌԴ պահեստազորի գնդապետ
-19-20-րդ դարերում պատերազմ ասելով հասկանում էին քաղաքականության շարունակությունը բռնի, ռազմական միջոցներով: Այս մոտեցումը բավարարում էր քաղաքական գործիչներին, զինվորականներին, սակայն այն հնարավորություն չի տալիս համարժեք արձագանքել ժամանակակից գլոբալ մարտահրավերներին ու սպառնալիքներին: 19-20-րդ դարերի մոտեցումը լիարժեք չէ, սահմանափակված է միայն ժամանակի և տարածության մեջ քաղաքականության և զինված պայքարի համադրությամբ: Այս հասկացությունից դուրս են մնում սոցիալական, ժողովրդագրական, գիտատեխնիկական, բարոյական, մշակութաբանական, էթնիկ ու կրոնական գործոնները:
Ռազմական ոլորտի ամերիկյան և ռուսական «դպրոցներում» ընդունված է պատերազմները բաժանել 6 սերնդի: Առաջին չորս փուլերն ընդգրկում են մարդկության պատմությունը մինչև 1945 թվականը, երբ ստեղծվեց միջուկային զենքը: Այս պատճառով չորրորդ սերնդի պատերազմները կոչում են նախամիջուկային շրջանի պատերազմներ, իսկ հինգերորդ սերնդինը՝ միջուկային: Ռուսաստանում վեցերորդ սերնդի պատերազմի առաջին օրինակ համարում են 1999 թվականին ՆԱՏՕ-ի գործողությունը Հարավսլավիայում: Այն ժամանակ Հյուսիսատլանտյան դաշինքի և ոչ մի զինվոր ոտք չդրեց հարավսլավական հողի վրա: Ոչ շփումային պատերազմը տևեց 80 օր, որի ընթացքում իրականացվում էր միայն օդատիեզերական օպերացիա և տեղեկատվական դիմակայություն: Պատերազմի առաջին օրերին ավելի քան 1500 գերճշգրիտ թևավոր հրթիռներ ոչնչացրին ռազմական և պետական 900 օբյեկտ: Հարավսլավական հակաօդային պաշտպանության համակարգը պետք է պաշտպաներ այդ օբյեկտները: Սակայն ռազմական գործողություններից առաջ 8-12 արբանյակներ տեղափոխվել էին և անընդհատ դիտարկում էին բալկանյան պետության տարածքը: Ամեն անգամ, երբ ՀՕՊ-ի որևէ համակարգի տեղորոշիչը միանում էր, արբանյակը որսում էր այն և ուղարկում էլեկտրոնային ազդակը: Արբանյակի ֆիքսած կետին ԱՄՆ-ը հարվածում էր կառավարվող հրթիռներով՝ Հարավսլավիայից մինչև 800 կմ հեռավորությունից: Գործողության առաջին օրերին Հարավսլավիայի ՀՈՊ-ի 75 տոկոսը ոչնչացված էր:
Ռուսաստանը նմանատիպ գործողություն իրականացրեց միայն 2015-ին, Սիրիայում: Ռուսական արբանյակներն ու անօդաչու թռչող սարքերն անցած տարի որսում էին թիրախները, որոշում դրանց կոորդինատները, իսկ ռազմանավերը Միջերկրական և Կասպից ծովերից հրթիռներ էին ուղարկում Սիրիայի տարածք: Հրթիռները ևս ուղղորդվում էին արբանյակների միջոցով: Ռուս զինվորները մասնակցում էին միայն ցամաքային գաղտնի, հատուկ գործողություններին:
Մնացական Խաչատրյան, ՀՀ պահեստազորի գնդապետ
-Չորրորդ սերնդի պատերազմը 20-ր դարի երկրորդ կեսին հարիր ավտոմատ զենքերով դիմակայությունն է: Ցավոք սրտի, մենք այդ պատերազմի մակարդակի ենք: Մեր ամբողջ տակտիկան, օպերատիվ արվեստը դեռ այդտեղ է: Հինգերորդ սերնդինը ոչ շփումային պատերազմն է՝ միջուկային զենքով, միջուկային մարտագլխիկներ կրող հեռահար հրթիռներով: Հիմա արդեն վեցերորդ սերնդի պատերազմ է ընթանում՝ գերճշգրիտ զենքերով, որոնց մի մասը՝ անօդաչու թռչող սարքերը, Ադրբեջանը կիրառեց մեր դեմ: Վեցերորդ սերնդի պատերազմի դեպքում հսկայական բանակների ու մեծաքանակ զինտեխնիկայի կարիք այլևս չկա, քանի որ դրանց հարվածում են հեռվից: Իհարկե մենք կռվում ենք մեր ոգով և այդ հին զենքերով, և դա շատ լավ է: Հայ զինվորն ապացուցեց, որ լավագույնն է ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի մասշտաբով: Բայց մենք հետ ենք, ու եղածը քիչ է: Չնայած չորրորդ սերնդի պատերազմում անգերազանցելի ենք, բայց պետք է սպառազինվենք, գերճշգրիտ սարքեր մենք էլ պետք է ստեղծենք:
Արբանյակներից, կառավարվող գերճշգրիտ հրթիռներից, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերից ու անօդաչու թռչող սարքերից բացի, վեցերորդ սերնդի պատերազմներում մեծ դերակատարում է ստանում տեղեկատվական բաղադրիչը: Այն մի քանի անգամ մեծացնում է պատերազմի մասնակիցների թիվը, որոնք իրական ռազմական գործողություններին չեն մասնակցում: Դրա «զոհը» կամ «մարտիկը» կարող է դառնալ ցանկացած մարդ, որը գտնվում է ռազմական գործողություններից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա: Ապրիլի սկզբին ականատես եղանք պայքարի նաև այս տեսակին. սոցիալական ցանցերի ցանկացած օգտատեր կամա, թե ակամա տեղեկատվական պատերազմի մասնակից էր: Ադրբեջանը բացահայտ ապատեղեկատվություն էր տարածում իբր իր գրաված տարածքների մասին, որոնք իրականում վերահսկում էր հայկական բանակը: Միայն հետո պարզ դարձավ, որ կար ապագա ռազմական գործողություններին զուգակցված հստակ տեղեկատվական ծրագիր: Ադրբեջանական մեդիան պետք է հստակ ժամին հայտներ գրավված տարածքի մասին, սակայն պատերազմի երկրորդ օրը բացահայտվեց Բաքվի գործողությունների ոչ սինխրոն լինելը: Ինֆորմացիոն պատերազմի դրսևորումներ էին նաև հայերի և որոշ ադրբեջանցիների հրապարակումները` ադրբեջանական բանակի իրական կորուստների մասին, համացանցում մի քանի տարվա վաղեմության տեսանյութերի տեղադրումը, ադրբեջանական կեղծ օգտատերերի գործողությունները` սոցցանցերում երկու հակամարտող բանակների տեղաշարժի վերաբերյալ տեղեկություն կորզելու համար:
Ջեյմս Տուրիտո, միջազգայնագետ, ԱՄՆ
- Տեխնոլոգիական առաջընթացը պատերազմ հասկացությունը վերջին 2 տասնամյակում փոխել է մի քանի ուղղությամբ: Առաջին. շատ խաղացողներ ռազմական գործողություններում սկսել են օգտագործել առաջատար տեխնոլոգիաներ: Օրինակ` ԱՄՆ զինուժը մեծապես ապավինում է դրոններին՝ Ալ Կաիդայի և Թալիբանի դեմ պայքարում: Ժամանակակից ահաբեկչական կազմակերպությունները սկսել են օգտագործել համացանցը՝ նոր անդամներ հավաքագրելու, ֆինանսներ ձեռք բերելու և տեղեկություններ փոխանակելու համար: Երկրորդ. պատերազմները սկսել են ցուցադրվել ուղիղ եթերով: Հեռուստաալիքների նորությունները արդեն մեծապես ազդում են պատերազմի հանրային ընկալման վրա: Երրորդ. համացանցային տեղեկատվության հոսքը մեծացրել է պատերազմների մասնակիցների թիվը: Հազարավոր կիլոմետրեր այն կողմ ապրող մարդը, նույնիսկ համակարգչի դիմաց գտնվելով, կարող է մասնակցել այդ պատերազմին: Օրինակ` Ջորջիայում կոնֆլիկտաբանություն ուսումնասիրող ուսանողը կարող է կապ հաստատել Սուդանի ազատագրության շարժման զինյալների հետ: Յուրաքանչյուրը կարող է այսպես դառնալ պատերազմի մասնակից՝ ուղարկելով տեղեկություն, փող կամ տեխնոլոգիա:  

newmag #69 ապրիլ / մայիս