[Իրականում՝ ոչ] Որքանո՞վ է կարևոր ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված ձայնագրության բովանդակությունը

September 13, 2018

Իշխող թիմը համարում է, որ բնավ էական չէ, թե ինչ են խոսել երկու գերատեսչությունների ղեկավարը, այլ կարևոր է այն, որ ԱԱԾ տնօրենի հեռախոսն են գաղտնալսել, և դա անթուլատրելի արարք է: Ըստ ընդդիմախոսների, գերատեսչությունների ղեկավարների զրույցից երևում է, որ գործադիր իշխանությունը միջամտում է դատական իշխանությանը, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը անդադար հայտարարում է, որ դատական համակարգն իշխանափոխությունից հետո ազատ է գործում:
Ձայնագրության բովանդակությունը կարևոր չէ, որովհետև այն ապօրինի է արված: Այսինքն` ապօրինի ձեռք բերված տեղեկությունը, տվյալները չեն կարող լինել քննարկման առարկա: Այսինքն` գաղտնի ձայնագրությունն ապօրինի «ապրանք» է, և դրանից օգտվելը նույնն է, ինչ գողոնը բանկ թալանողից վերցնելն ու սոցիալապես անապահովներին բաժանելը:
Ձայնագրության բովանդակությունը կարևոր չէ, որովհետև այդ հանցանքը գործած անձանց նպատակը եղել է հասարակության համար «ինֆորմացիոն ծամոն» սարքելը:  Գաղտնի ձայնագրության հրապարակումը խայծ է հասարակության համար, որպեսզի հասարակությունն ինքը կանխի «Մարտի 1-ի» գործի բացահայտումը:
Բայց` կարևո՞ր է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված ձայնագրության բովանդակությունը
Իրականում` այո, կարևոր է բովանդակությունը, որովհետև այդտեղից պարզ է դառնում, որ ԱԱԾ տնօրենին դատավորը «զեկուցում է»: Պարզ է դառնում, որ ոչ միայն զեկուցում է, այլև ցուցում է ստանում, թե ինչ խափանման միջոց ընտրել: ԱԱԾ տնօրենը ոչ միայն սրտապնդել է վախեցած դատավորին` այլև հանձնարարել է. «ուզի, թե չուզի», պետք է Ռոբերտ Քոչարյանին կալանելու որոշում կայացնի: Այս ձայնագրության մեջ հանցագործության ծանրակշիռ կասկած կա: Այսինքն` բովանդակությունը կարևոր է, որովհետև կարող է բացահայտել հանցագործությունը:



Կարդացեք նաև.



Մյուս կողմից բովանդակությունը կարևոր է, որովհետև դրանով հօդս է ցնդում վարչապետի այն պնդումը, թե դատական համակարգն իշխանափոխությունից հետո չի վերահսկվում: Ձայնագրության բովանդակությունից պարզ է դառնում, որ ՀԱՊԿ քարտուղարի խափանման միջոցի ընտրության հարցում սպասում են Նիկոլ Փաշինյանի ցուցումին: Նա նույնպես` խորհրդարանում հաստատեց, որ իրեն դիմել են ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները, և ինքը բանավոր միջնորդել է խափանման միջոցի հարցում: Եթե այդ միջնորդությունը գրավոր չէ ու հրապարակային չի եղել, նույն ապօրինի միջնորդությունն է: Եվ եթե չլիներ այս ձայնագրությունը,  ոչ ոք չէր էլ իմանա, որ դա եղել է:
Հիմա` կարևո՞ր է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված ձայնագրության բովանդակությունը
Իհարկե կարևոր է, քանի որ գաղտնալսում են ԱԱԾ տնօրենին: Կարևոր է, որովհետև ազգային անվտանգությունը կառավարողը մշտապես գործ ունի պետական գաղտնիքի հետ, և պետք է գոնե տեխնիկապես պաշտպանված լինի օտար ականջներից:
Մյուս կողմից, կարևոր է նաև ձայնագրության բովանդակությունը: Եթե հաստատվում է, որ ԱԱԾ պետը դատավորին ցուցումներ է տալիս, կամ վարչապետն անձամբ միջամտում է դատաքննությանը, կամ իրականացվում է քաղաքական վենդետա, ապա կարևոր է հասարակական շահը: Այսինքն` գաղտնալսումը քրեորեն պատժելի արարք է, սակայն ավելի ծանր հանցանք է դատարանի վրա ճնշում գործադրելը:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում