Հայաստանի բրենդային համայնքը՝ օրիգինալ և էքսկլյուզիվ. Ենոքավանը դառնում է զբոսաշրջության կենտրոն

July 5, 2017


Ինչպե՞ս անել, որ Տավուշի մարզի Ենոքավան համայնքը դառնա ռեգիոնալ նշանակության արկածային, նաև էկոզբոսաշրջության կենտրոն։ Ավելին, Ենոքավան համայնքային զարգացման ծրագրով նախատեսվում է մինչև 2025 թվականը Ենոքավան այցելող զբոսաշրջիկների ցուցանիշը հնգապատկել՝ հյուրընկալելով ավելի քան 250 հազար զբոսաշրջիկ։ Կարելի է ասել, ծրագրի հեղինակներն անելու են ամեն ինչ համայնքի զարգացման հեռանկարն մոտ ապագայում ավելի տեսանելի և իրականանալի դարձնելու համար։
Եվ այսպես՝ նոր բիզնես նախագծերի շրջանակում հյուրանոցային նոր մասնաշենք կկառուցվի։ Մինչև 2020 թվականը  մոտ 3 մլրդ. դրամի չափով ներդրում կիրականացվի։ Ենոքավանում և հարակից համայնքների բնակիչների համար 60 աշխատատեղ կստեղծվի։
Կընդլայնվի նաև արկածային զբոսաշրջային ծառայությունների շրջանակը։ Այս ծրագրի իրականացման համար առաջիկա երեք տարիների համար նախատեսվում է 1.5 մլրդ. դրամի ներդրում կատարել։ 30-50 աշխատատեղ էլ բիզնեսի այս հատվածում կստեղծվի։
Այս ծրագրերի կյանքի կոչման արդյունքում տարեց տարի կավելանա եկամուտների չափը։ Օրինակ, եթե այն 2017-ին 1մլն. դոլար է, 2025-ին կհասցվի 12.7 մլն. դոլարի։
Հյուրանոցների տեղերի քանակի ավելացում ևս նախատեսվում է՝ 105-ից հասցնել 715-ի, սա 2025-ին արդեն։
Ենոքավան համայնքային ծրագրի արդյունքում բնակչության աճ է արձանագրվելու։ Համեմատության համար' 1992-ին համայնքում 480 մարդ էր բնակվում, հիմա այն 612-ի է հասել։
Ենոքավանն ունենալու է սեփական բրենդը՝ կներկայացնի արկածային և էկոտուրիզմի մասը։ Բրենդը կօգտագորժվի էկոլոգիապես մաքուր գյուղմթերքների և համայնքներում այլ ապրանքների մակնշման համար։
Ենոքավանի զարգացման ծրագրի իրականացման համար հարկավոր է կառուցել նոր ջրագիծ՝ 10 կմ երկարությամբ՝ 50 մլն դրամ գումար կպահանջվի։

*Ենոքավան. Փոքրիկ գյուղի մեծ թռիչքը (ՖՈՏՈՇԱՐՔ)


Մինչև այսօր ոչ բարվոք վիճակում է մայրուղուց համայնք բերող ճանապարհահատվածը։ Սրա համար էլ մոտ 330 մլն դրամ կհատկացվի։
Անհրաժեշտ է ասֆալտապատել Ենոքավան համայնքից դեպի զբոսաշրջային կենտրոն տանող 3 կմ ճանապարհը, բարեկարգել դաշտամիջյան մոտ 30 կմ երկարությամբ ճանապարհը։ Զբոսաշրջիկների հոսքի մեծացմանը զուգահեռ մեծանալու է նաև աղբի ծավալը։ Պետք է կազմակերպվի կանոնավոր աղբահանություն համայնքի տարածքից, ինչն այսօր այսօր խնդիր է։
Ենոքավանը չեմպիոն համայնքների ցուցակում է։ Չեմպիոնի ապագա ծրագրերի իրականացմանն աջակցում է ԱՄՆ ՄԶԳ-ն հայաստանյան գրասենյակը, ՓՄԶ զարգացման հիմնադրամ կենտրոնը։ Վերջին աջակցության շնորհիվ Ենոքավանը ունեցավ նոր զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն։ Այն համայնք եկող յուրաքանչյուր զբոսաշրջիկի կտեղեկացնի թե ինչպես էֆֆեկտիվ կարելի է հանգիստն անցկացնել համայնքում և թե որն է համայնքի ամենալավ հյուրանոցային ճաշացանկի մենյուն։