Զարուհի Բաթոյան. Նախ ինքս եմ հավատացել ինձ, հետո ստիպել եմ, որ ուրիշները հավատան

December 1, 2015

բարեկեցություն
Մենք բարեկեցությունը հաճախ շփոթում ենք հարստության կամ փողի հետ, այնինչ դա ավելի շատ կապված է ունեցածը ճիշտ տնօրինելու հետ: Ամբողջ խնդիրը կարիքներին առաջնահերթություն տալու կարողությունն է: Նույնիսկ ամենածանր տարիներին մեր ընտանիքն ավելի լավ էր ապրում, քան շատերը, որովհետև մայրս կարողանում էր մեր ունեցած փոքրիկ գումարն այնպես տնօրինել, որ կարողանար ապահովել երեք անչափահաս երեխաների բարեկեցությունը:
Գուցե տարօրինակ թվա, բայց ես սովորաբար փողի պակաս չեմ ունենում: Ոչ այն պատճառով, որ հարուստ եմ կամ երևակայություն չունեմ, պարզապես ես կարողանում եմ ինձ լավ զգալ իմ ունեցածով: Չգիտեմ, գուցե դաստիարակության արդյունք է, որ ես միշտ բավարարվում եմ եղածով, և դա ինձ երբեք չի ճնշում կամ նեղում: Ես հավատում եմ, որ մարդը միշտ կարող է ունենալ ամենը, ինչ ցանկանա: Եթե ոչ, կարող է փոխել պահանջմունքները: Ի վերջո, արտաքին հնարավորությունները պետք է նպաստեն մեր ներաշխարհի հարստացմանն ու ներդաշնակությանը, այլապես դրանք անիմաստ են և աննպատակ:
իմ քաղաքը
Դժվար է ապրել մի քաղաքում, որտեղ դու «անտեսանելի» ես: Դժվար է ամեն քայլափոխի զգալ, որ քո մասին չեն մտածել, ասես դու չկաս: Բայց դա չի կարող ինձ ստիպել, որ ես քիչ սիրեմ իմ քաղաքը:
Մեկ տարի առաջ մոտորասայլակ նվեր ստացա, որով կարճ տարածություն անցնելու համար անպայման որևէ մեկը պետք էր, որպեսզի օգներ ինձ անցնել նույնիսկ այն թեքահարաթակներով, որոնք կառուցված են իբր միջավայրը մատչելի դարձնելու համար: Բայց այս բոլոր խնդիրներով հանդերձ՝ ես ինձ համար մի շատ կարևոր բացահայտում արեցի. նորովի ճանաչեցի երևանցիներին:
Հենց դրսում մի խոչընդոտի էի հանդիպում, չէի էլ հասցնում նկատել, թե ինչպես է օգնողների բանակը հայտնվում՝ կանայք, երիտասարդներ, տղամարդիկ, մեծահասակներ… Մի անգամ, երբ ուզում էի խանութ մտնել գնումների, մի զույգ օգնեց հաղթահարել մուտքի առջևի աստիճանները: Գնումներս կատարելուց հետո դուրս եկա, տեսնեմ՝ զույգը դեռ կանգնած սպասում է, որ դուրս գամ` օգնեն իջնել: Մարդկային ուշադրությունն ամենակարևոր բանն է, որ մեզ միշտ շոյում ու ջերմացնում է՝ անկախ նրանից, թե ով է այն մեզ նվիրում: Ես նմանատիպ վերաբերմունքի արժանացել եմ և՛ ԱՄՆ-ում, և՛ Բրիտանիայում, և՛Թուրքիայում, բայց բոլորովին այլ է, երբ քո հանդեպ հոգատար են քո տանը՝ Երևանում: Հիմա միայնակ՝ առանց ուղեկցության, դուրս եմ գալիս Երևանում զբոսնելու, գնումներ անելու, որովհետև վստահ եմ՝ եթե օգնության կարիք ունենամ, երևանցիները կողքիս են…



ՄՈՆՈԼԳՆԵՐ