Վեպը ստացված էր և հետաքրքիր, իսկ «Լռակյաց հիվանդ»-ին կապող օղակը` գրավիչ։

«Կույսերը» հեղինակի երկրորդ գիրքն է, երկրորդ հոգեբանական թրիլերը, որը իրեն շատ սպասեցնել չտվեց։ Վեպի գործողությունները ընթանում են Քեմբրիջում։ Մարիանան վստահ է, որ մարդասպանը համալսարանի հունական ողբերգության պրոֆեսոր, բոլորի կողմից շատ սիրված, Էդվարդ Ֆոսկան է։ Առաջին զոհը Զոուիի` Մարիանայի զարմուհու ընկերուհին է։ Զոհերի թիվը սկսում է աճել։ Մարդասպանը յուրաքանչյուր զոհի հետ թողնում է հունական ողբերգությունից հատվածներ, որոնք բնորոշում են տվյալ սպանությունը. սրանք հենց այն տողերն են, որոնք Ֆոսկան առանձնացրել է իր սիրելի գրքում... Ի վերջո, ո՞վ է այսչափ պաշտելի դասախոսը. մարդասպա՞ն, խաբեբա՞, թե՞ արժանի է սիրված լինելու... Ովքե՞ր են «Կույսերը», ի՞նչ է ներկայացնում իրենից այս գեղեցիկ աղջիկների խումբը... Ո՞վ է հաջորդ զոհը, ի՞նչ տրամաբանությամբ փնտրել նրան և պաշտպանել... Գիրքը հոգեբանական ճնշում է գործադրում ընթերցողի վրա, ստիպելով հերոսների հետ հավասար տանջվել ու փնտրել, անցնել հունական ողբերգության էջերով, լինել բերքատվության և կյանքի աստվածուհի Դեմետրայի և նրա դստեր` մահվան աստվածուհի Պերսեփոնեին նվիրված տաճարում, որտեղ էլ էջերից մեկում բացահայտվում է ճշմարտությունը... Մարդասպանին «գտել էի» հենց սկզբից (իհարկե ընթացքում կասկածում էի)։ Երկրորդ զոհից սկսած գլխի ընկա, թե հաջորդիվ ովքեր էին լինելու զոհերը։ Այն, թե ինչպես էին ընտրվում նրանք, մի փոքր հիշեցնում էր Ահմեդ Ումիթի «Ստամբուլի հուշը» վեպը (բնականաբար զիջելով վերջինիս)։ Երևում էր, որ հեղինակը շատ ուսումնասիրություններ էր արել հունական ողբերգության հետ կապված, բայց գրքում քիչ էր հրամցրել իր բացահայտումները, կարծում եմ, եթե մի փոքր ավելի աշխատեր գրքի վրա, և տար մեզ ամենը, ինչ «քաղել էր» իր ուսումնասիրություններից, բնականաբար կապելով սպանությունների հետ, գիրքը կլիներ չզիջող... Ինչևէ, վեպը ստացված էր և հետաքրքիր, իսկ «Լռակյաց հիվանդ» _ին կապող օղակը` գրավիչ։

Տարածել

Կույսերը
Կույսերը

Ալեքս Մայքլիդիս

5800 ֏

Նկարագրություն

Էդվարդ Ֆոսկան մարդասպան է. Մարիանան կասկած անգամ չունի: Բայց Ֆոսկան անհասանելի է, անշոշափելի: Քեմբրիջի համալսարանի հունական ողբերգության բարետես ու խարիզմատիկ պրոֆեսոր Ֆոսկային պաշտում են եւ՛ դասախոսները, եւ՛ ուսանողները, հատկապես «Կույսեր» գաղտնի խմբի անդամները:

Մարիանա Անդրոսը փայլուն, բայց բարդ ու հակասական խմբային թերապեւտ է։ Նրա ուշադրությունը սեւեռվում է «Կույսերի» վրա, երբ Քեմբրիջում գտնում են նրանցից մեկի՝ Մարիանայի զարմուհի Զոուիի ընկերուհու մարմինը:

Մի ժամանակ Մարիանան նույն համալսարանում էր սովորում։ Նա անմիջապես գլխի է ընկնում, որ սրածայր աշտարակների հովվերգական գեղեցկությունն ու հինավուրց ավանդույթները չարագուշակ մի բան են թաքցնում: Նա համոզված է, որ մարդասպանն Էդվարդ Ֆոսկան է, թեեւ վերջինս հիմնավոր ալիբի ունի։ Բայց պրոֆեսորն ինչո՞ւ պիտի թիրախավորեր ուսանողուհու: Եվ ինչո՞ւ է շարունակ վերադառնում կույս Պերսեփոնեի ծեսերին ու Անդրաշխարհի ուղեւորությունների թեմային:

Հերթական դին հայտնաբերելուց հետո Ֆոսկայի մեղքն ապացուցելու գործում Մարիանայի սեւեռուն գաղափարն ուղղակի անկառավարելի է դառնում՝ սպառնալով հողին հավասարեցնել նրա հեղինակությունն էլ, մտերմագույն հարաբերություններն էլ: Մարիանան վճռում է մարդասպանին խանգարել ամեն կերպ, նույնիսկ սեփական կյանքի գնով:

Այլ կարծիքներ