«Ադրբեջանն այսօր ևս միլիոններ է ծախսում հայատյացության քարոզչության վրա». Աննա Թերքոթ-Աստվածատուրյան
«Ադրբեջանն այսօր ևս միլիոններ է ծախսում հայատյացության քարոզչության վրա». Աննա Թերքոթ-Աստվածատուրյան
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն ամերիկացի գրող, իրավաբան և հասարակական գործիչ, մեր հայրենակից Աննա Թերքոթ-Աստվածատուրյանն է: Նրա «Արտաքսում. Դեպի անհայտություն» (անգլ.՝ Nowhere, a Story of Exile) ինքնակենսագրական գիրքը փախստական աղջկա հայացքն է Բաքվի հայ բնակչության դեմ ադրբեջանցիների վայրագություններին, որոնք տարբեր կերպ դրսևորվել են 1988-1992թթ. Ադրբեջանում հայկական ջարդերի ժամանակ:
Գիրքը թարգմանել և հայ ընթերցողին ներկայացրել է Newmag գրահրատարակչական ընկերությունը: «Որպես վկայաբանություն՝ գիրքը հայերի հանդեպ խտրական քաղաքականությունը հիմնավորող արժեքավոր ապացույց է»,- գրքի մասին գրել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:
Բաքվի դեպքերից հետո Աննա Թերքոթ-Աստվածատուրյանն ընտանիքի հետ ստիպված է եղել բնակություն հաստատել ԱՄՆ-ում՝ փախստականի կարգավիճակով։ 2015թ. նա ընտրվել է Մեյն նահանգի Վեսթբրուք քաղաքի քաղաքային խորհրդի անդամ և վճռորոշ ներդրում է ունեցել Մեյն նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձևի ընդունման գործում։
Մարդու իրավունքների և միջազգային իրավունքի համատեքստում նա ակտիվորեն գրում և հանդես է գալիս հայերի ջարդերի և Ադրբեջանում հայատյացության քաղաքականության վերաբերյալ զեկույցներով և դասախոսություններով ամբողջ Միացյալ Նահանգներում, ներառյալ՝ ԱՄՆ Կոնգրեսում, և Եվրախորհրդարանում: Թերքոթ-Աստվածատուրյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մխիթար Գոշ» պատվո մեդալով և Արցախի երախտագիտություն մեդալով։
«Սկզբում մենք չէինք նախատեսում գիրքը թարգմանել հայերեն, քանի որ կարծում էինք, որ Հայաստանում բոլորը գիտեն մեր պատմությունը։ Բայց շատ երիտասարդների հետ շփվելու արդյունքում հասկացա, որ երիտասարդներից քչերը գիտեն այս իրադարձությունների մասին։ Այդ պատճառով էլ որոշվել է գիրքը թարգմանել հայերեն։ Ինձ համար դա շատ կարևոր դարձավ հատկապես պատերազմից հետո։ Չէ՞ որ պատերազմից հետո Արցախում ապրող երեխաները նույն կերպ են տառապել, ինչպես ես տառապել եմ շատ տարիներ առաջ Բաքվում»,- ասաց Աննա Թերքոթը։
Գրողի պապը 1915 թ. Օսմանյան կայսրությունում տեղի իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ փրկվել է թուրքական յաթաղանից։ 75 տարի անց նրա ընտանիքը կրկին փորձում էր փրկվել այդ յաթաղանից արդեն Բաքվում։
Հարցին, թե դա գենետիկ ատելությո՞ւն է հայերի նկատմամբ, թե՞ ավելի քան 100 տարվա չդադարող քարոզչության արդյունք, ստուդիայի հյուրը պատասխանեց. «Ադրբեջանում հակահայկական տրամադրություններն ու հայատյացությունը նոր երևույթներ չեն։ Բաքվի հայերը միշտ են «իմացել իրենց տեղը: Հայատյացությունը հատկապես զգացվում էր մարզերում, գյուղերում: Այնտեղ գնացքով ճամփորդելիս հայերն իրենց երեխաներին նստեցնում էին պատուհանի մոտ, իսկ իրենք նստում էին եզրին, քանի որ եղել են դեպքեր, երբ ինչ-որ ադրբեջանցի կողքով անցնելիս կարող էր դանակով խփել հայ երեխային: Չգիտեմ՝ սա նրանց գեներո՞ւմ է դրված, թե՞ ոչ, բայց այսօր էլ Ադրբեջանի կառավարությունն աննկարագրելի փողեր է ծախսում հայի կերպարը ապամարդկայնացնելու և հայատյացություն քարոզելու վրա»։
Աննա Թերքոթ-Աստվածատուրյանը պատմել է նաև Վաշինգտոնում իր գիրքն անգլերեն հրատարակելուց հետո ստացած բազմաթիվ սպառնալիքների մասին։ «Ինձ հունից հանեց, որ լինելով ամերիկացի՝ ինչ-որ պահի զգացի այդ նախկին վախը: Մանկությունս կործանած հակամարտությունը շարունակվում է։ Ես ինձ նվիրել եմ այս գործին, բոլորին պատմում եմ Բաքվի հայերի ճակատագրի մասին, անում եմ դա և տեսնում եմ, որ դա օգնում է»,- նշել է նա։
Զրույցի առանցքում էր նաև Սփյուռքի թեման։ «Հարցը միայն այն չէ, որ պատերազմից հետո Սփյուռքը հիասթափված և շփոթված է, ես դա զգում եմ իմ սեփական գործունեության համատեքստում, գլխավորն այն է, որ այն ուղղությունը, այն վեկտորը, որով պետք է աշխատի Հայաստան-Սփյուռք կապը, ամեն դեպքում պետք է. Հայաստանից ստանալ, իսկ այսօր դա տեղի չի ունենում»,- ասել է Աննա Թերքոթը։
Նա խոսել է նաև իր ստեղծած «Սեր, Արցախ» հիմնադրամի մասին, որի գործունեությունն ուղղված է մասնավորապես օգնելու այսօր Արցախում ծնվող երեխաներին և նրանց մայրերին։ «Այս հերոսական մարդիկ մնացին իրենց հողում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ նրանք մնան անտեղ, սկսեն տեսնել ապագան: Իսկ ապագան երեխաներն են: Մեր հիմնադրամն արցախցի յուրաքանչյուր ծննդաբերող կնոջն ուղարկում է նվերների այնպիսի փաթեթ, որն անհրաժեշտ է երեխային առաջին ամիսներին: Եվ այն ամենը, ինչ ներառված է փաթեթում, արտադրված է Հայաստանում կամ Արցախում: Սա նաև տեղական արտադրողին աջակցելու միջոց է: Տառացիորեն ամեն օր ինձ ուղարկում են Արցախի նորածինների նկարները: Եթե դեռևս մի երկու ամիս առաջ այնտեղ ամսական մոտ 110 երեխա էր ծնվում, այժմ այդ թիվը հասնում է 160-ի: Ինձ համար դա պարզապես երջանկություն է»:
Գրքի հեղինակի մասին
Աննա Աստվածատուրյան-Թերքոթը (ծնվ. 1978) ամերիկահայ գրող և բարերար է։ Ծնվել է Բաքվում, 1990 թվականին Բաքվի ջարդերի ժամանակ տեղափոխվել է Հայաստան։ Կարճ ժամանակ անց ընտանիքով մեկնել և հաստատվել է Միացյալ Նահանգներում։ Աննա Աստվածատուրյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է։ 2021 թվականին դարձել է առաջին փախստական կինը, որն ընտրվել է Ուեստբրուկի քաղաքային խորհրդի նախագահի պաշտոնում։ Աստվածատուրյանը միջազգային իրավունքի և ադրբեջանական հայատյացության թեմաներով դասախոսել է ԱՄՆ տարբեր նահանգներում։ Տարիներ շարունակ Աննա Աստվածատուրյան-Թերքոթը Հայաստանի և Արցախի բնակչների համար մի շարք մարդասիրական ծրագրեր է նախաձեռնել։ 2013 թվականին արժանացել է Մխիթար Գոշ մեդալի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի երախտագիտության մեդալի։ 2020 թվականին հիմնել է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամը, որի շրջանակում ընդլայնել է բարեգործական գործունեությունը հետպատերազմյան Արցախում։
Սոնա Մելոյան