«Ամենակարեւոր ձեռքբերումն այն է, որ Հայաստանն անկախ պետություն է. դա պետք է պահել, զարգացնել». Հենրիկ Մեյնանդեր
Aravot.am-ի զրուցակիցն է Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Հենրիկ Մեյնանդերը Հենրիկ Մեյնանդերը եղել է Ստոկհոլմի Ֆիննական ինստիտուտի ղեկավարը, նրա հետազոտությունների շրջանակը ներառում են Ֆինլանդիայի և Սկանդինավիայի պատմությունը: 2002 թ.-ից Գիտությու
Aravot.am-ի զրուցակիցն է Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Հենրիկ Մեյնանդերը Հենրիկ Մեյնանդերը եղել է Ստոկհոլմի Ֆիննական ինստիտուտի ղեկավարը, նրա հետազոտությունների շրջանակը ներառում են Ֆինլանդիայի և Սկանդինավիայի պատմությունը: 2002 թ.-ից Գիտությունների շվեդական թագավորական ակադեմիայի անդամ է: Մեյնանդերի «Ֆինլանդիայի պատմություն»-ը գիրքը թարգմանվել է 18 լեզվով: Newmag հրատարակչությունը գիրքը թարգմանել է նաեւ հայերեն:
Հենրիկ Մեյնանդերի գիրքը պատմում է երկրորդ աշխարհամարտից հետո Ֆինլանդիայի առջեւ ծառացած աղետների մասին եւ այն մասին, թե ինչպե՞ս է Ֆինլանդիան հաղթահարել դրանք: Համանման աղետները, սակայն, Հայաստանը հաղթահարել չի կարողացել և կրել է ծանր կորուստներ:
– Ձեր գրքի` «Ֆինլանդիայի պատմության» նախաբանում Դուք անդրադարձել եք Հայաստանի ու Ֆինլանդիայի նմանություններին, կխնդրեի մեր ընթերցողների համար, ովքեր դեռ չեն կարդացել գիրքը, հիմնական զուգահեռները` 3-4 կետով ներկայացնեք եւ ընդգծեք այն ուղղությունները, որոնցով Հայաստանը կարող է առաջ շարժվել։ -Սկսեմ նմանություններից. երկու երկրներն էլ Ռուսական կայսրության մաս են եղել: Ֆինլանդիան Ռուսական կայսրության մաս է եղել 1809-1917 թվականներին: Հայաստանն էլ հենց այդ ժամանակ եղել է Ռուսական կայսրության մաս: Հետաքրքիր է, որ հենց այդ ժամանակ Ֆինլանդիայում ձեւավորվեց ազգային մտածողությունը եւ հավակնությունը՝ ունենալ Ֆինլանդիան, որպես պետություն: Որքանով ես եմ տեղյակ, 1800-ականներին Հայաստանում նույնպես ձեւավորվեց պետություն ունենալու ազգայնական շարժումը: Երկրորդ նմանությունն այն է, որ եթե Ռուսաստանում կան զարգացումներ, կա ճգնաժամ, դա ազդում է մեր երկրների վրա. եւ լավ, եւ վատ: Եվ երրորդը՝ ունենալով այդպիսի գերտերություն հարեւան, հենց այդ հարեւանությամբ պայմանավորված նաեւ ձեւավորվեց մեր երկրներում ազգային արժեհամակարգը, մտածողությունը:
Բայց կան նաեւ տարբերություններ. Հայաստանն ունի վտանգավոր եւ խնդրահարույց հարեւան՝ Թուրքիան: Անցյալում էլ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները հարթ չեն եղել, պատմական առումով թշնամանք է եղել: Մինչդեռ Ֆինլանդիայի հարեւանը Շվեդիան է, երկար ժամանակ Ֆինլանդիան եղել է Շվեդիայի թագավորության մաս եւ Ֆինլանդիան երկար դեռ ժամանակ կմնար այդ թագավորության մաս, եթե իրեն չպոկեին Շվեդիայից:
Իմ գիրքը բաղադրատոմս չէ: Այնտեղ ներկայացված չեն բանաձեւեր, թե ինչպե՞ս հաջողել: Օրինակ, իմ գիրքը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաեւ ուկրաիներեն եւ Ուկրաինայում էլ էին նույն հարցն ինձ տալիս: Բայց եթե վերադառնանք հարցին, թե ի՞նչ փորձ պետք է դուրս բերել Ֆինլանդիայի պատմությունից, որը ես գրել եմ, դա այն է, որ հասարակությունը պետք է ունենա ստամինա. այսինքն, առանցք, որը պետք է կառուցել իրատես, ռացիոնալ նպատակների ու մտածողության հիման վրա: Օրինակ, ռացիոնալ մտածողության արդյունք է, այն, որ երբ 1809 թվականին Ֆինլանդիան մտավ Ռուսական կայսրության մեջ, ֆինները, մեծ հաշվով, ագրեսիվ չդիմադրեցին, փոխարենն օգտագործեցին այդ հնարավորությունները, որպեսզի 1800-ականներին շատ արագ տեմպերով ինդուստրիալիզացվեն եւ զարգանան: Տեսեք, ֆիննական մտածողության եւ ռացիոնալ մտածողության հետեւանքը հետեւյալն է. չնայած երկրորդ աշխարհամարտին Ֆինլանդիան պարտվեց Ռուսաստանին եւ ոչ միայն կորցրեց տարածքներ, այլեւ տուգանքներ վճարեց Խորհրդային միությանը, բայց, այդքանով հանդերձ, Ֆինլանդիան չզավթվեց եւ չդարձավ ԽՍՀՄ մաս՝ ի տարբերություն Արեւելյան Եվրոպայի երկրների, որոնք բռնազավթվեցին ԽՍՀՄ-ի կողմից եւ մտան Վարշավյան պակտի մեջ: Այդ իմաստով, երեւի ամենակարեւոր ձեռքբերումն այն է, որ Հայաստանն անկախ պետություն է. դա պետք է պահել, զարգացնել:
-Ձեր կարծիքով որո՞նք են առաջնային մի քանի քայլերը, որոնք հնարավորություն կտան վերականգնել մեր երկրում 44-օրյա պատերազմից հետո քայքայված պետական ինստիտուտները, ակտիվացնել տնտեսական համակարգը։ Հնարավո՞ր է, արդյոք, դուրս գալ ստեղծված իրավիճակից՝ աշխարհակարգի այժմ ընթացող փոփոխությունների պայմաններում:
-Երկրորդ աշխարհամարտից հետո իրավիճակը մի քիչ տարբեր էր, որովհետեւ, այն ժամանակ Ռուսաստանը գրավել էր Եվրոպայի 2/3-ը՝ Արեւելյան Եվրոպան: Այդ երկրները, իհարկե, Ֆինլանդիայից Արեւմուտք են գտնվում, բայց մենք քաղաքական տերմինաբանությամբ այդ հատվածն անվանում ենք Արեւելյան Եվրոպա ու երբ նայում ես, թե ԽՍՀՄ-ը որքան տարածք էր գրավել, Ֆինլանդիան, պատկերավոր ասած, հայտնվել էր ԽՍՀՄ գրպանում, ծայրամասում, բայց, այդքանով հանդերձ, ԽՍՀՄ-ի հետ մենք բարի դրացիական հարաբերություններ էինք կառուցում, մեր առեւտրային կապերն էին շատ զարգացած. Ֆինլանդիայի արտաքին առեւտրի 20 տոկոսը բաժին էր ընկնում ԽՍՀՄ-ին: Պատճառներից մեկը՝ ինչո՞ւ Ֆինլանդիան չբռնազավթվեց ԽՍՀՄ-ի կողմից, այն էր, որ Ֆինլանդիան իրեն խելամիտ էր պահում, հաշվի էր նստում նաեւ ԽՍՀՄ անվտանգային շահերի հետ, դրա դեմ ոչինչ չէր ձեռնարկում: Մյուս կողմից ԽՍՀՄ-ի հետ ունենալով բարի դրացիական հարաբերություններ, մենք նաեւ օգտվում էինք ԽՍՀՄ ինդուստրիալիզացիայից ու տեխնոլոգիական առաջընթացից: Դրա շնորհիվ, մենք կարողացանք զարգացնել մեր անտառային տնտեսությունները՝ թղթի արտադրությունը, թղթի որակը: Այդ ոլորտի արտադրանքի 80 տոկոսը մենք արտահանում էինք Արեւմտյան Եվրոպա, ինչի շնորհիվ կարողացանք սոցիալական ծրագրեր իրականացնել, հասարակությանը ոտքի կանգնեցնել: Հետաքրքիր մի բան էլ պետք է նկատել. սառը պատերազմի ժամանակ, ֆինները կարողացան կառուցել սոցիալական առումով մի հասարակություն, որտեղ աղքատներ համարյա չկային, հասարակությունը շատ հավասար էր: Որքան էլ տարօրինակ է, Ֆինլանդիայում սոցիալական բեւեռացումը մեծացավ սառը պատերազմից հետո՝ կապիտալի ազատ տեղաշարժման պատճառով:
-Ասացիք, որ բանաձեւեր չեք առաջարկում, բայց, այնուհանդերձ, Ֆինլանդիայի օրինակը կարո՞ղ է ուղենիշ լինել Հայաստանի համար` նկատի ունենալով հայ և ֆինն ժողովուրդների մենթալիտետային եւ մտածողության տարբերությունները։
-ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին արդեն խոսեցի. դուք պետք է ընդունեք, որ ժամանակ առ ժամանակ պետք է լինեք ճկուն: Եվ երկրորդ՝ դուք պետք է հասկանաք՝ ե՞րբ եւ որտեղի՞ց կարող եք ակնկալել ու ստանալ օգնություն՝ ձեր անկախությունը պաշտպանելու համար, ինչպես դա արեց Ֆինլանդիան՝ երկրորդ աշխարհամարտում, եւ ինչպես դա տեղի ունեցավ 2022-ին, երբ Ֆինլանդիան միացավ ՆԱՏՕ-ին՝ երաշխավորություն ստանալով, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Ֆինլանդիային: Եվ ամենակարեւորը՝այդպիսի բարդ որոշումներ կայացնելու, երկրի համար փոխզիջումների գնալու համար, շատ կարեւոր է, որպեսզի դատաիրավական համակարգը եւ քաղաքացիական հասարակությունը լինեն եւ գործեն: Եվ երբ ես ասում եմ քաղաքացիական հասարակություն՝ նկատի ունեմ ամենաներքեւներից ամենավերեւ. այսինքն, հասարակություն, որը համախմբված է: Խնդիրն այն չէ, որ բոլորը պետք է համաձայն լինեն, այլ այն, որ բոլորը պետք է փոխզիջման ճանապարհով գտնեն ընդունելի որոշում:
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ