Անակնկալ երեխաների համար․ Newmag-ը հրատարակել է մանկական նոր՝ «Երազ» մատենաշարը
Մանկական նոր՝ «Երազ» մատենաշարը, Newmag հրատարակչությունը նախաձեռնել է «Երազ Փրոջեքթս»-ի հետ, որի առաջին երեք գրքերն են՝ «Վտվտիկի օրագիրը», «Մուշի տարօրինակ ճամփորդությունը» և «Կարգապահություն առանց դրամայի» ձեռնարկը՝ ծնողների համար:
Մանկական նոր՝ «Երազ» մատենաշարը, Newmag հրատարակչությունը նախաձեռնել է «Երազ Փրոջեքթս»-ի հետ, որի առաջին երեք գրքերն են՝ «Վտվտիկի օրագիրը», «Մուշի տարօրինակ ճամփորդությունը» և «Կարգապահություն առանց դրամայի» ձեռնարկը՝ ծնողների համար:
Մանկական մատենաշարի խորհրդանիշը Միաեղջյուրն է: «Երազ» մատենաշարի համար հաշվի են առնվել յուրաքանչյուր դետալը, միջազգային չափանիշներն ու տեղական պահանջարկը։ Յուրաքանչյուր տարիքային խմբի համար նախատեսված գիրքը կունենա համապատասխան տառատեսակ: «Երազ» մատենաշարի գրքերը կունենան չորս դասակարգում՝ ԱՅԲ, ԲԵՆ, ԳԻՄ, ԴԱ՝ համապատասխանաբար նախատեսված 0-ից 6, 7-ից 9, 10-ից 12, 12 և բարձր տարիքային խմբերի համար։
Առաջին գիրքն ամերիկացի մանկագիր, մուլտիպլիկատոր, դիզայներ և The New York Times-ի բեսթսելլեր գրող Ջեֆ Քիննի «Վտվտիկի օրագիրն» է:
Պատկերազարդ վիպակի գրքի հերոսը Գրեգ Հեֆլին է: Միջին դպրոցում նրա ու իր մտերիմ ընկերոջ՝ Ռաուլի արկածներն անտարբեր չեն թողնի ոչ մի երեխայի։ Նրանք հայտնվում են ամենատարբեր զվարճալի, զավեշտալի ու տարօրինակ իրավիճակներում։
«Վտվտիկի օրագիրը» հրատարակվելուց հետո դարձել է համաշխարհային բեսթսելլեր, վաճառվել է ավելի քան 280.000.000 օրինակ։ 2010, 2011, 2012, 2014, 2015 և 2016 թվականներին գիրքն արժանացել է Nickelodeon Kids Choice մրցանակին։
հատված «ՎՏՎՏԻԿԻ ՕՐԱԳՐԻՑ»
«...Նախ ասեմ, որ սա ՀՈՒՇԱԳԻՐՔ է ու ոչ թե օրագիր: Չէ՛, գիտեմ՝ շապիկի վրա ինչ է գրված, բայց մայրիկիս ՀԱՏՈՒԿ խնդրել էի, որ խանութում ուշադիր լինի և ընտրի առանց «օրագիր» բառի: Դե՛ հիմա: Ընդամենն ուզում էի, որ սա ձեռքիս տեսնողները չհասկանային, որ օրագիր է: Մի բան էլ ասեմ, ու անցնենք առաջ, ֆիքսենք, որ այս ամենը ՄԱՅՐԻԿԻՍ գաղափարն էր, ոչ թե իմը:
Երևի հույս ունի, որ այստեղ գրելու եմ իմ բոլոր հույզերը կամ նման մի բան: Չէ մի չէ: Ոչ մի «Բարև՛, սիրելի օրագիր» կամ «Բարև՛, իմ օրագիր»: Մի բանի համար եմ գրում, որ հետո, երբ շատ հարուստ ու հայտնի դառնամ, ստիպված չլինեմ պատասխանել հիմար հարցերի: Թող նստեն ու կարդան սա»:
Երկրորդ գիրքն ավստրալաբնակ հայ նկարիչ և գեղարվեստական գրականության թարգմանիչ Սոնա Բաբաջանյանի հեքիաթն է՝ «Մուշի տարօրինակ ճամփորդությունը»:
Սարսափելի վթարից հետո փոքրիկ Մուշի մեջ վախ է մտել. նա վախենում է մթությունից, վախենում է, որ այլևս չի կարողանա քայլել, վախենում է կորցնել հայրիկին և այլևս երբեք չվերադառնալ իր նախկին կյանքին։ Բայց մի բարի օր, ավելի շուտ՝ մի բարիգիշեր, երբ նա, վերմակի տակ ծածկված, փորձում է թաքնվել իր այդ վախերից, մի զարմանալի հյուր է այցելում նրան: Տղայի սեփական երազի միջից պատահաբար Արտաշխարհվայր ընկած փոքրիկ տարօրինակ արարածը՝ Փսփսիկը, աղերսում է փրկել իրեն և վերադարձնել իր հայրենի ներաշխարհ։
հատված «ՄՈՒՇԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԻՑ»
«...Մշուշոտ անտառը նոսրացավ: Ճամփորդները շուտով հայտնվեցին բարձր, կապտամանուշակագույն խոտով ծածկված ընդարձակ դաշտում: Քամի չկար, բայց սլացիկ խոտը մեղմօրոր ճոճվում էր ու մեղմաձայն խշխշում: Թերթեմոնի ծառին նստելուց հետո նոր ուժ առած Լուսունիկը կայտառորեն սլանում էր առաջ՝ ոլորապտույտներ գործելով օդում: Մեկ վեր, մեկ վար անելով՝ քսվում էր ցողուններին, կարծես խաղար դրանց հետ:
Մուշն ահագին հանգստացել և ուժ էր հավաքել: Փսփսիկը նույնպես ահագին կազդուրվել էր, թեպետ երկար ականջները դեռևս թեթևակի դժգույն էին:
-Օ˜, տե՛ս, տե՛ս,-անսպասելի ծղրտաց Փսփսիկը՝ վեր-վեր թռչելով: -Տեսնո՞ւմ ես էն ծուխը: Ես գիտեմ, թե որտեղ ենք, մոտենում ենք երազավանին»:
Երրորդ գրքի հեղինակները երկու ամերիկացի մանկական հոգեթերապևտներ են՝ Դենիել Ջ. Սիգելը և Թինա Փեյն Բրայսոնը: «Կարգապահություն առանց դրամայի» ձեռնարկը ճանապարհային քարտեզ է ծնողների համար, թե ինչպես մեղմել զայրույթը, լարվածությունն ու առանց տեսարան ստեղծելու լուծել հուզական հարցերը: Գիրքը համալրված է ծնողների անկեղծ պատմություններով և զվարճալի նկարազարդումներով: Այն կսովորեցնի խաղաղ ճանապարհով հարթել բախումները և ամրապնդել ընտանեկան կապերը:
հատված «ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԴՐԱՄԱՅԻ» ՁԵՌՆԱՐԿԻՑ
«...Այսպիսով, երբ ձեր երեխան հեկեկում է, կատաղում է, հարձակվում է քրոջ կամ եղբոր վրա, զայրացած շպրտում է թավշե շնիկը, որովհետև այն չափազանց փափուկ է ու չի նստում, ինչպես պետք է, կամ որևէ այլ եղանակով ցուցադրում է տվյալ պահին ճիշտ որոշումներ կայացնելու անկարողությունը, ճանաչե՛ք ապրումները, որ նրան մղում են այդպիսի գործողություններին: Հիշեցնում ենք, որ հաճախ անհրաժեշտ է լինում նախ երեխային ֆիզիկապես հանել կոնֆլիկտային իրադրությունից: Ընդունել հույզերը, չի նշանակում թույլ տալ խփել ուրիշներին կամ կոտրել նրանց իրերը: Դուք չեք ամրապնդում նրա վատ պահվածքը, երբ ցույց եք տալիս, որ հասկանում եք նրա դրությունը: Պարզապես հուզականորեն հարմարվում եք նրան, համահունչ եք դառնում, իսկ «համահունչ նվագելով» դուք կարող եք միասին ներդաշնակություն ստեղծել: Ընդառաջ գնացե՛ք երեխային և փնտրե՛ք նրա վարքի իմաստն ու բացատրությունը, այդ վարքի հետևում կանգնած ապրումները: Օրինական ճանաչելով նրա զգացմունքները՝ դուք ճանաչում եք նաև նրա կենսափորձը»:
«Երազի» նոր գրքերը պատրաստ կլինեն օգոստոսին՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ:
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը