Աննա Աստվածատուրյանը ԵՊՀ-ում ներկայացրել է իր «Արտաքսում դեպի անհայտություն» գիրքը
Աննա Աստվածատուրյանը ԵՊՀ-ում ներկայացրել է իր «Արտաքսում դեպի անհայտություն» գիրքը
Նոյեմբերի 4-ին Երևանի պետական համալսարանի Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն նախաձեռնությամբ տեղի է ունեցել ամերիկահայ գրող, իրավաբան, բարերար Աննա Աստվածատուրյան Թերքոթի «Արտաքսում. դեպի անհայտություն» գրքի ներկայացումը։
Գիրքն Աննա Աստվածատուրյանի ‘’Nowhere, a Story of Exile’’ ինքնակենսագրականի հայերեն թարգմանությունն է, որն իրականացրել է Newmag հրատարակչությունը։
ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում հանդիպման ընթացքում Աննա Աստվածատուրյանը պատմել է Բաքվում ապրած տարիների, իր հուշերի, անցած ճանապարհի և գիրքը գրելու գաղափարի մասին։
«Արտաքսում. դեպի անհայտություն» գիրքը պատմում է Բաքվի ջարդերից փախչող ընտանիքի պատմությունը՝ տասնմեկամյա հեղինակի աչքերով: Աննա Աստվածատուրյանն իր ապրածն ու տեսածը օրագրի տեսքով գրել սկսել է 14 տարեկանում, և քսան տարի անց միայն հուշերը դարձել են փաստարկված գիրք։
ԵՊՀ-ում տեղի ունեցած հանդիպման ընթացքում հեղինակը ներկայացրել է գրքի էջերում տեղ գտած իր անձնական պատմությունը և պատասխանել ներկաների հարցերին։
«Ամբողջ աշխարհին, բայց առաջին հերթին հենց մեր ժողովրդին ու երիտասարդ սերնդին պետք է պատմել ու տեղ հասցնել այն ամբողջ ճշմարտությունը, որի մասին այսօր գրեթե չեն հիշում ու խոսում։ Բաքվում և Սումգայիթում բնակվող տասնյակ հազարավոր հայերին բաժին հասած ողբերգությունը ոչ մի դեպքում չպետք է մոռացության մատնվի, հատկապես՝ այսօրվա իրականությունում։ Գիրքը հայերեն հրատարակելու համար վճռորոշ է եղել 44-օրյա պատերազամը։ Պատերազմից հետո հասկացա, որ մեր պատմությունը շարունակվում է, չի ավարտվում։ Շարունակվում է ցեղասպանությունը Բաքվում, որն իմ պապն է վերապրել դեռ 1918 թվականին, և այն շարունակվում է նաև հիմա», - նշել է Աննա Աստվածատուրյանը։
Աննա Աստվածատուրյանը ծնունդով Բաքվից է, որտեղից նրա ընտանիքը 90-ականներին մազապուրծ փրկվել է ջարդարարներից՝ փախչելով Հայաստան, հետո էլ բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում։ ԱՄՆ-ում Աննան իրավաբանական կրթություն է ստացել, ամուսնացել։ Ներկայումս նա հայտնի իրավաբան է, նաև Վեստբրուկի քաղխորհրդի ընտրված նախագահը: Գրքի թարգամանությունն Արցախյան 44-օրյա պատերազմից հետո միակ նախաձեռնությունը չէ Աննա Աստվածատուրյանի կողմից. նա 2020թ.-ին հիմնել է«Աննա Աստվածատուրյան» բարեգործական հիմնադրամը, իրականացրել է մի շարք ծրագրեր՝ «Արցախյան պատերազմ 2020. կորուստներ, մարտահրավերներ և դիմակայության զարգացման հնարավորություններ» հետազոտությունը, ինչպես նաև մեկնարկել է «Սեր Արցախ» ծրագիրը՝ ի աջակցություն Արցախում նորածին երեխաներ ունեցող ընտանիքների:
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է