«Դեպի դպրոց» ամենամյա մանկական փառատոնը վերադառնում է նոր ու հետաքրքիր գրքերով, հագեցած ծրագրով և նոր համագործակցություններով
08/22/2024

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթամշակութային ծրագրեր, մանկական մուլտֆիլմերի հայտնի երգեր և, իհարկե, շատ գրքեր. մանկական նոր հրատարակություններով օգոստոսի 24-ին փոքրիկներին գրքի տոն կնվիրի «Դեպի դպրոց» ամենամյա մանկական փառատոնը:
Արդեն ավանդական դարձած փառատոնը կազմակերպել են newmag հրատարակչության «Երազ» մատենաշարը՝ «Երազ Փրոջեքթսի» հետ համատեղ:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Երազ» մատենաշարի ղեկավար Գոհար Մանուկյանը նշեց, որ արդեն 2-րդ տարին անցկացվող փառատոնն այս անգամ առանձնանալու է հագեցած ծրագրերով և նոր համագործակցություններով:
«Այս մեկ տարվա ընթացքում newmag հրատարակչության «Երազ» մատենաշարը հրատարակել է 10 գիրք, իսկ փառատոնի օրը դրանց կմիանա ես երեքը: Այդ օրը ունենալու ենք մշակութային հագեցած երեկո, որի ընթացքում հանդես են գալու տարբեր խմբեր: Այս տարի ունենք նաև նորություն՝ մեզ է միացել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ իր հետաքրքիր ծրագրերով: Ունենալու ենք զարգացնող խաղեր, կլինեն նաև անակնկալներ: Փառատոնի հատուկ հյուրերը լինելու են «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության սաները, որոնք հանդես կգան նաև երաժշտական կատարումներով։ Նրանց համար հրատարակչությունը պատրաստել է անակնկալ»,- ասաց Գոհար Մանուկյանը:
Նա նշեց, որ երաժշտական կատարումներով հանդես կգան նաև Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի Երգի թատրոնի սաները։
Մանուկյանն ընդգծեց, որ փառատոնի շրջանակներում նաև Newmag հրատարակչությունը գրքեր է նվիրել մանկատան սաների, որին միացել են նաև մյուս գործընկերները:
Newmag-ը «Երազ» մատենաշարով ներկայացնելու է երեք նոր գիրք, որոնք նախատեսված են տարբեր տարիքի երեխաների համար։ «Երազ» մատենաշարի գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը հավելեց, որ շատ հետաքրքիր և գեղեցիկ գրքեր են պատրաստել, որպեսզի երեխաները դրանցով զինվեն և պատրաստվեն նոր ուսումնական տարվան:
«Առաջինը 3-ից մինչև 9 տարեկան երեխաների համար նախատեսված «Վերջին ամրակետը» շվեդական պատկերագիրքն է, երկրորդը՝ ամերիկյան բեսթսելլեր Ջեֆ Քինի «Վտվտիկի օրագիր» գրքի երկրորդ հատորն է՝ նախատեսված առաջինից չորրորդ դասարանների երեխաների համար: Երրորդը, որի համար մենք արդեն մեկ տարի է՝ աշխատում ենք, «Էլեկտրոնիկի արկածները» գիրքն է, այն առաջին անգամ է տպագրվելու հայերեն և նախատեսված է 12 տարեկանից բարձր երեխաների համար: Բացի այս գրքերից, մենք ևս մեկ անակնկալ ունենք․ փառատոնի օրը տեղի կունենա երգի պրեմիերա: «Երազը» հայաֆիկացրել է «Էլեկտրոնիկի արկածները» երաժշտաֆիլմի հայտնի երգը՝ «Թևավոր ճոճանակը»: Երգը կատարելու են Mihran Arpi Studio-ի սաները»,- ասաց «Երազ» մատենաշարի գրական ծրագրերի ղեկավարը:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ղեկավար Լիլիթ Հարությունյանը նշեց, որ շատ ուրախ է նման համագործակցության մեկնարկի համար՝ ընդգծելով, որ այս համագործակցության շնորհիվ միանում են արվեստի երկու ճյուղեր՝ գրականությունը և երաժշտությունը:
«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մասնակցելու է փառատոնին և երեխաներին, պատանիներին, դպրոցահասակներին ներկայացնելու է լավագույն և սիրված մուլտֆիլմերի երաժշտությունների դասական կատարումները: Բացմանը հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Գրքատոնի շրջանակում նվագախումբը կներկայացնի նաև «Սիմֆոնիկ Դաս A» կրթամշակութային ծրագիրը»,-նշեց Հարությունյանը:
Փառատոնի կազմակերպիչները ընդգծեցին՝ նախագծի նպատակն է դպրոցականների շրջանում արթնացնել հետաքրքրություն և համակրանք դասական երաժշտության հանդեպ` նրանց հնարավորինս մերձեցնելով դասական բարձրարժեք երաժշտարվեստին։ Ավելի ակտիվ մասնակիցներին սպասվում են անակնկալներ:
Նշենք նաև, որ փառատոնի օրը Newmag-ի ոչ միայն մանկական մատենաշարի ամբողջ տեսականին, այլ նաև մեծերի համար նախատեսված որոշ գրքեր ներկայացված են լինելու բացառիկ 40 տոկոս զեղչով:
Միջոցառումը կսկսվի 17:00-ին ու կշարունակվի մինչև 21:00-ն: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:
Կարդա նաև

«Ներկայիս Թուրքիայի հիմքում ռասսայական խտրականությունն է». Թաներ Աքչամ

Ինչո՞ւ Թուրքիան գեթ մեկ քրիստոնյա, հրեա, քուրդ բարձրաստիճան պաշտոնյա չի ունեցել. Երեւանում կայացավ Թաներ Աքչամի նոր գրքի շնորհանդեսը

«Ահռելի, բծախնդիր աշխատանք է կատարված». «Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով

«Հրազդան» մարզադաշտը՝ ազգային արժեք եւ թիմային աշխատանքի արգասիք
