Հայ ուսանողները կգնահատեն «Գոնկուր»-ի մրցութային գրքերը․ 121-ամյա մրցույթը Հայաստանում է
10/14/2024
Առաջին անգամ անցկացվելու է ֆրանսիական ամենահեղինակավոր գրական մրցույթի՝ Գոնկուրի հայաստանյան ընտրությունը։
Գոնկուրն ամենամյա մրցույթ է, որն անցկացվում է արդեն 121 տարի։ 1998-ից այն ընդլայնել է աշխարհագրությունը և անցկացվում է նաև օտար երկրներում։ Յուրաքանչյուր երկրում տեղի ուսանողներից բաղկացած ժյուրին փարիզյան Գոնկուրի ստեղծագործությունների ցանկից ընտրում է իր հաղթողին։ Հայաստանը դարձրել է հեղինակավոր մրցույթի ընտրությունները կատարող 39-րդ երկիրը։ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին ասում է՝ այսպես Հայաստանը կամրապնդի իր դիրքերը ֆրանկոֆոն երկրների քարտեզում:
«Սա ևս մեկ անգամ վերահաստատում և կարևորում է Հայաստանի դերը որպես ֆրանկոֆոն երկիր։ Հայաստանյան ժյուրին անկախ ընտրություն կկատարի։ Դա որևէ կերպ չէ առնչվի փարիզյան Գոնկուրի ընտրությանը։ Սա շատ կարևոր է, քանի որ ինչպես գրական, այնպես էլ քաղաքական և ռազմական դաշտում մենք պաշտպանում ենք Հայաստանի ինքնիշխանությունը»։
Ընտրությունը կատարելու են Հայաստանի ֆրանսիական համալսարանի, ԵՊՀ-ի և Բրյուսովի անցան պետական համալսարանի 30 ֆրանկոֆոն ուսանողներ։ Նրանք կկարողանան կարդալ-վերլուծել մրցույթի մասնակից 8 գրքերը մինչև 2025-ի մարտ։ Այնուհետ կամփոփվի ընտրությունը, իսկ Նյումեգ հրատարակչությունը կթարգմանի հաղթող գիրքը հայերեն և կհրատարակի այն։ Հրատարակչության հիմնադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը սա Հայաստանում վերջին 10 տարիների ամենամեծ մշակութային իրադարձությունն է համարում։
«Վաղը մեզ համար շատ հուզիչ օր է։ Մենք ոչ միայն հիմնելու ենք Գոնկուր Հայաստանը, այլև ծանոթանալու ենք առաջին ժյուրիի կազմի հետ։ Առաջին անգամ է, որ ես նախանձում եմ, որ ուսանող չեմ և այնքան լավ ֆրանսերեն չգիտեմ, որ կարդամ»։
Այս օրերին Հայաստանում է նաև Գոնկուր մրցանակի ժյուրիի անդամ Պասկալ Բրուկները։ Մրցույթը Հայաստանում անցկացնելը կարևոր քայլ է համարում գրական բազմազանությունն ու մրցութային ստեղծագործությունների շուրջ քննարկումները զարգացնելու տեսանկյունից։
«Կարծում եմ, որ արտասահմանյան գոնկուրների հիմնական նպատակն այն է, որ համեմատենք, հասկանանք նաև ուրիշ երկրների գրական ճաշակը և տեսնենք՝ այն համընկնո՞ւմ է փարիզյան Գոնկուրի ճաշակին, թե՞ տարբեր է։ Այսպիսով, Գոնկուրը ընդլայնում է իր աշխարհագրությունը և գալիս է նաև Հայաստան։ Դա շատ կարևոր և խորհրդանշական իրադարձություն է»։
2018-ին Հայաստանը հյուրընկալել է ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովը, Հայաստանի դպրոցներում մոտ 50 000 աշակերտ սովորում է ֆրանսերեն, կա ֆրանսիական համալսարան, այլ համալսարաններում գործում են ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոններ․ այս ամենն ապահովում են Հայաստանի դիրքը ֆրանկոֆոն երկրների շարքում՝ շեշտում է Պասկալ Բրուկները։
Գրական մտքի փոխանակումը ևս բարձր դիրքում է՝ հավաստիացնում է Արտակ Ալեքսանյանը։ Գոնկուրի միջոցով հնարավոր է ծանոթանալ ֆրանսիական գրական կյանքում հենց այս շրջանում զարգացող իրադարձություններին։ Ֆրանսիացիներին ևս կտրվի հայկական ժամանակակից մշակույթին ծանոթանալու հնարավորություն․
«Հաջորդ տարի Նյումեգը պլանավորում է հայ հեղինակների իր կատալոգով մասնակցել Փարիզի գրքի միջազգային փառատոնին ու դա կլինի մեր առաջին փորձը նաև ֆրանսիացի հրատարակիչներին ներկայացնելու ժամանակակից հայ գրականությունը․ ինչո՞ւ ենք որոշել, որովհետև կար էդ հետաքրքրությունը։ Կմասնակցենք ու հնարավորին չափով հայ հեղինակներ կներկայացնենք ֆրանսիական շուկային»։
Չի բացառվում, որ առաջիկայում հայ գրական և հրատարակչայան դաշտում կներառվի նոր մրցանակ՝ նվիրված ժամանակակից ֆրանսալեզու գրականությանը և հաղթող ստեղծագործության հայերեն թարգմանության հրատարակությանը։