BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Մեդիալուսաբանում

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՇԱՏ ՎԱՃԱՌՎՈՂ ԺԱՆՐԵՐԻՑ ՄԵԿԸ`ԷՐՈՏԻԿԱՆ,

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՇԱՏ ՎԱՃԱՌՎՈՂ ԺԱՆՐԵՐԻՑ ՄԵԿԸ`ԷՐՈՏԻԿԱՆ, ՄԵՐՈՆՔ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ ԿԱՐԴԱԼ

newmag-y-n

Հարցազրույց «Newmag» հրատարակչության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանի հետ

Հարցազրույց «Newmag» հրատարակչության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանի հետ

- Արտակ, ի՞նչ սկզբունքով է «Newmag»-ն իր գրքերն ընտրում եւ թարգմանում։ Մի անգամ նշել եք, թե Ձեզ համար կարեւոր է, որ գիրքը լինի արդիական եւ գեղեցիկ փաթեթավորված։ Ո՞րն է դա։

- Գրքերն ընտրում ենք՝ հաշվի առնելով, թե որքանով դա կհետաքրքրի հայ ընթերցողին։ Մեզ համար ամենակարեւոր ցուցիչն ընթերցողների նախասիրություններն են ու երկրում տիրող տրամադրությունները՝ այն իմաստով, որ մարդիկ հատկապես ինչ կուզենային կարդալ կոնկրետ այդ ժամանակահատվածում։ Կարող են լինել գրքեր, որոնք շատ հետաքրքիր լինեն, բայց այլեւս ոչ ակտուալ։ Օրինակ, հիմա Ռուսաստանում, պատերազմի պատճառով, մարդիկ նախընտրում են ավելի «էյսքեպիստական» (escape) գրականություն, որը քեզ կտանի այս օրերից դեպի ուրիշ տեղ։ Այդ առումով շատ պոպուլյար են 18-19-րդ դարի անգլիական վեպերը, ֆենթըզի, ոչ պատերազմական վեպերը։ Մարդիկ ուզում են կտրվել իրականությունից եւ խորասուզվել մեկ այլ իրականության մեջ։ Մենք տպում ենք գրքեր, որոնք մարդիկ կուզենան հիմա կարդալ։ Օրինակ, «Newmag»-ը հրատարակեց «Օպերացիա «Զոդ»» գիտական աշխատությունը, թե ինչպես 1919-ին Հայաստանը պահեց Սոթքի տարածաշրջանը, որը դարձավ բեսթսելեր եւ ինչի՞ շնորհիվ, որովհետեւ հիմա ե՛ւ Զոդը, ե՛ւ Սոթքը, ե՛ւ Հայաստանի սահմանների պահպանությունն ակտուալ են։ Դրա հետ մեկտեղ, կան գրքեր, որոնք ցույց են տալիս ավելի շատ վերջին շրջանի համաշխարհային հետաքրքրությունները, օրինակ՝ Իլոն Մասկի մասին գիրքը։ Հիմնական բանաձեւը սա է՝ գրքեր, որոնք կհետաքրքրեն հայ ընթերցողին եւ մեզ։

- Ավելի շատ ո՞ր գրքերն են վաճառք ապահովում։ Ժանրային ի՞նչ նախընտրություններ ունի հայ ընթերցողը։

- Էրոտիկ գրականություն մեր ընթերցողը չի սիրում կարդալ։ Աշխարհի ամենաշատ վաճառվող գրականության ժանրերից մեկը մերոնք չեն սիրում կարդալ։

- Այդուհանդերձ, էրոտիկան, պոռնոն ամենաշատն են «գուգլվում» հայկական լսարանի կողմից։

- Ամենայն հավանականությամբ, մարդիկ սիրում են դիտել, ո՛չ կարդալ։ Անձնական աճի մասին գրքերն ընթերցում են միշտ, հատկապես՝ նոր սերունդը։ Մեզ թվում էր՝ հայկական գրաշուկայում դժվարությամբ կգնան դետեկտիվները եւ թրիլերները, մինչդեռ Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը» եւ «Կույսերը» բացարձակ բեսթսելերներ են։ Մենք մի քանի անգամ վերահրատարակել ենք «Լռակյաց հիվանդը»։ Գիտահանրամատչելի գրքերից մեր շուկայում աշխատում են այն գրքերը, որոնք համաշխարհային «թրենդսեթերներ» են, օրինակ՝ Յուվալ Նոյ Հարարի «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն», «Homo Deus. Ապագայի համառոտ պատմություն», «XXI դարի 21 դասերը» գրքերը, որոնք նույնպես բեսթսելերներ են։ Այդ իմաստով, այստեղ չկա անակնկալ։ Այսինքն՝ այն, ինչ հետաքրքիր է աշխարհին, հետաքրքիր է նաեւ Հայաստանին։ Կան ժանրեր, որոնք սպեցիֆիկ են կամ դեռ զարգացած չեն․ 3 ժանր կա, որտեղ մենք դեռ չենք մտել, դա մանկապատանեկան գրականությունն է, գիտաֆանտաստիկան եւ ֆենթըզին ու պոեզիան։ Թեպետ առաջին պոեզիայի գիրքը տպել ենք․ Շառլ Ազնավուրի երգերի ժողովածուն է, որը տպագրեցինք սահմանափակ տպաքանակով եւ անգամ մտածում էինք՝ այդ 500 օրինակի մի մասն առաջարկենք գրադարաններին, բայց մեզ համար զարմանալիորեն, այդ 500 օրինակը վաճառվեց 3 օրում։

- Այս դեպքում, թերեւս, Ազնավուրի անունն է աշխատել։

- Այո, ամենայն հավանականությամբ Ազնավուրի ֆենոմենն է, բայց, միեւնույն է, հատկապես եթե հաշվի առնենք, որ սա Ազնավուրի 7-րդ գիրքն է, եւ մտավախություն ունեինք, որ հոգնեցրել ենք Ազնավուրով, բայց պարզվեց՝ ոչ։

- Նշեցիք գրքերի անուններ, որոնք բեսթսելերներ են․ վաճառքի ի՞նչ ցուցանիշներ են ապահովում այդ գրքերը, որ դառնում են բեսթսելեր։

- Օրինակ՝ «Թքած ունենալու նուրբ արվեստը» վերահրատարակվել է 20-ից ավելի անգամ, եւ մենք նույնիսկ հոգնել ենք այդ գիրքը տպելուց։ Ընդհանրապես, մենք ունենք համեստ, շատ զուսպ եւ խիստ իրատեսական կանխատեսումներ գրքի վաճառքի մասին, այսինքն՝ երբ գիրքը տպվում է, մենք ելնում ենք նրանից, որ գոնե նվազագույն տպաքանակը կարողանանք իրացնել, որովհետեւ պետությունը, ԿԳՄՍ նախարարությունը երբեք մեզնից գիրք չի գնել, ի տարբերություն մյուս հրատարակչությունների։ «Newmag»-ի ստեղծման օրվանից մեր միակ սպառման շուկան գրախանութներն են ու մեր ընթերցողները, հետեւաբար, մեր միակ հույսը եւ եկամուտը մեր վաճառքն է։ Եթե գիրքը չվաճառվի, եւ տպաքանակը չսպառվի, դա պրոբլեմ է բիզնեսի եւ մնացած այլ առումներով։

- Ունեցե՞լ եք նման գրքեր։

- Այո, ինձ համար ամենամեծ ցավը պատվաստանյութերի մասին ամերիկացի գիտնական Փոլ Օֆիթի «Մահաբեր ընտրություն» գիրքն է, որը կոչում են գիտական դետեկտիվ, այն իմաստով, որ երկար տարիներ ուսումնասիրված աշխատություն է, թե որքանով են կարեւոր պատվաստանյութերը, ինչ միֆեր են տարածվել պատվաստանյութերի մասին, ու իրականում այդ միֆերի տակ ինչ կա։ Մարդը տարիներով ուսումնասիրել է ֆեյսբուքյան ֆեյք վիդեոները։ Մենք շատ երկար բանակցում էինք Փոլ Օֆիթի հետ, որպեսզի նա թույլատրի այդ գրքի տպագրությունը, որը ստացել է 10-ից ավելի մրցանակներ, եւ մենք ուղղակի վստահ էինք, որ այդ գիրքը մի քանի անգամ պետք է տպենք, որովհետեւ հավատում էինք, որ գիրքը կգնեն բժիշկները, բուժքույրերը, բայց դա դարձավ մեր ամենաչվաճառված գիրքը։

- Իսկ լինո՞ւմ է, երբ ի սկզբանե գիտեք՝ այդ գիրքը դժվար թե մեծ վաճառք ապահովի, բայց, միեւնույն է, թարգմանում եք եւ տպում։

- Այո, օրինակ՝ Փոլ Ռ. Իգնեշիուսի հուշերը՝ «Հիմա մասամբ գիտեմ» գիրքը, որը մենք թարգմանեցինք միայն այն պատճառով, որ Հայաստանում չգիտեին, որ Ամերիկայի ամենաբարձրաստիճան հայ պաշտոնյան եղել է նավատորմի նախարար, ով ընկերություն է արել Սարոյանի հետ, որ հաստատվել է Գլենդելում դեռ այն ժամանակ, երբ հայեր չկային, որի 3 զավակներն ամենահայտնի ամերիկահայերն են։ Մենք խնդրեցինք իր 4 զավակներին՝ գրել նախաբան, եւ այդ գիրքը թարգմանեցինք, որովհետեւ կարծում ենք, որ գիրքը պետք է լինի հայերեն։ Նույն սկզբունքով թարգմանեցինք Վարդան Գրիգորեանի հուշերը՝ «Տուն տանող ճանապարհը», եւ ուրախ եմ, որ գիրքը լույս ընծայեցինք այն ժամանակ, երբ նա դեռ կենդանի էր եւ նույնիսկ մասնակցեց գրքի թարգմանությանը։

- Թարգմանչական դպրոցի մասին ի՞նչ կասեք, կա՞ն գրքեր, որոնք կուզեիք թարգմանել, բայց այդ լեզուների լավ թարգմանիչներ չունեք։

- Դա ամենամեծ խնդիրն է, մենք ունենք մի ավանդույթ, երբ ընտրում ենք որեւէ թարգմանչի, խնդրում ենք 3 էջ թարգմանել, որից հետո ես դա ուղարկում եմ գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանին, որպեսզի ասի կարծիքը։ 99 տոկոսի դեպքում Գնելն ասում է՝ ավանդական սխալներ են եւ ավանդական անտեղյակություն հայերենից։ Կան լեզուներ, որտեղ շատ դժվարությամբ ես գտնում թարգմանիչ, օրինակ՝ «Newmag»-ն առաջիկայում հրապարակելու է բուլղարական վեպ, որը Բուլղարիայի վերջին 20 տարիների ամենագլխավոր վեպերից մեկն է։ Մենք շատ երկար ժամանակ բուլղարերենի մասնագետ էինք փնտրում եւ, ի վերջո, գտանք մի հայաստանցի թարգմանչի, որը տեղափոխվել է Բուլղարիա, այնտեղ է ապրում ու սիրով համաձայնեց։ Նույնը վերաբերում է սկանդինավյան երկրներին, ինքս սկանդինավյան դետեկտիվների սիրահար եմ, բայց ֆիններենից թարգմանիչ չկա, դանիերենից՝ եւս, շվեդերենից ողջ Հայաստանում մեկ հոգի է, որն ուղղակի չի հասցնում։ Այդ առումով դա խնդիր է, որովհետեւ չես ուզում միջնորդավորված լեզվից թարգմանել, բայց, մյուս կողմից էլ, լավ թարգմանիչ գտնելը գլխացավանք է, էլ չեմ խոսում արեւելյան լեզուների մասին՝ չինարեն, ճապոներեն լեզուներից թարգմանիչ գտնելը շատ բարդ է։ Խնդիրը հետեւյալն է՝ մարդիկ շատ լավ գիտեն օտար լեզուներ, բայց չգիտեն հայերեն։

- Ժամանակակից հայ գրողներն ու նրանց ստեղծագործությունները չե՞ն հետաքրքրում «Newmag»-ին։

- Մենք տպում ենք, բայց շատ քիչ եւ սահմանափակ քանակով, սովորաբար 10-ից 9-ի դեպքում մերժում ենք, նախ՝ որովհետեւ վեպերը վատն են, այն իմաստով, որ աշխատած չեն։ Այսօրվա ժամանակակից վեպերն այլեւս հույզերի ու հույսերի մասին չեն, դա խոր մասնագիտական հետազոտություն է՝ ինչ-որ ոլորտի մասին։ Երբ դու կարդում ես ռուս կամ ֆրանսիացի ժամանակակից հեղինակների, դրանք կա՛մ տեխնիկապես կատարյալ են, որպեսզի ընթերցողը միանգամից կպնի այդ գրքին, կարեւոր չէ՝ սիրավեպ է, թե թրիլեր, որովհետեւ գրելու տեխնիկան ամբողջությամբ հղկված է։ Կա՛մ գիրքը որեւէ ոլորտի վերաբերյալ խոր ուսումնասիրություն է, որի հիման վրա արդեն կառուցված է վեպը, կա՛մ էլ հստակ սյուժեով դասական վեպ է, որտեղ կան հերոսներ ու մնացածը։ Երբ այդ 3 տարբերակից որեւէ մեկին չի համապատասխանում գիրքը, մենք մերժում ենք, բայց սովորաբար չենք մերժում մերկապարանոց, մեծամտորեն, այլ ասում ենք՝ էս-էս բաներն են, գուցե փոխե՞ք, աշխատե՞ք վրան, այս ուղղությամբ տանեք վեպը, բայց մարդիկ չեն ուզում լրացուցիչ աշխատել, հղկել իրենց խոսքը։ Հետեւաբար, ոչ թե մենք ենք մերժում, այլ մեզ են մերժում։

- Փորձե՞լ եք այս կամ այն խնդրի շուրջ ինքներդ պատվեր իջեցնել որեւէ գրողի։

- Փորձել ենք՝ մերժում են, ասում են՝ դա ինձ հետաքրքիր չէ։ Օրինակ, մենք շատ քիչ բան գիտենք 1965թ․՝ ցեղասպանության 50-ամյակի ցույցերի մասին, շատ քիչ են հիշատակումներն այն մասին, թե Երեւանում ինչ տրամադրություն է եղել, ինչպես եղան այդ ցույցերը, ոնց եղավ, որ Մոսկվան չառարկեց դրան, արդյունքում ով ձերբակալվեց։ Դա մեզ հետաքրքիր է թե՛ որպես ոչ գեղարվեստական գրականություն եւ թե՛ որպես գեղարվեստական գրականություն։ Հայաստանում շատ տարածված է գրաֆոմանիան՝ գրելու անհագուրդ ցանկություն՝ առանց իմաստի։ Հետո՝ շատ քիչ գրողներ կան, որոնց մասնագիտությունը հենց գրելն է, գրում են հոդվածներ, վերլուծականներ, գրախոսականներ, այդ իմաստով դաշտը բավականաչափ աղքատիկ է, մեզ թվում է, թե կան շատ գրողներ, բայց իրականում նրանց քանակը սահմանափակ է։ Դրա համար «Newmag»-ի նպատակը բովանդակություն ստեղծելն է՝ անկախ նրանից, թե այդ բովանդակությունն ինչ լեզվով է գրված, դրա համար նայում ենք ոչ թե նրան, որ սա հայ գրող է, թե ոչ, այլ՝ թե այդ գրականությունը հետաքրքի՞ր է, թե՞ ոչ, արժեքավո՞ր է, օգտակա՞ր է, թե՞ ոչ։ Սա ավելի կարեւոր է։

Տարածել