«Այս գիրքն ապացուցում է, որ Հայոց ցեղասպանությունը սկսել է ժխտվել կատարման առաջին իսկ վայրկյաններից». Թաներ Աքչամի նոր գիրքը՝ հայերեն
«Այս գիրքն ապացուցում է, որ Հայոց ցեղասպանությունը սկսել է ժխտվել կատարման առաջին իսկ վայրկյաններից»,- թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին հայտարարեց հայերեն գրքի խմբագիր Արմեն Սարգսյանը:
Թուրք պատմաբանի բացահայտածը փրկված ապացույցներ են. սպանելու հրամաններ եղել են Թալեաթի հեռագրերում:
Թալեաթի հեռագրերը հասել են Թաներ Աքչամին, որովհետև դրանք հարբեցող և խաղամոլ մի թուրք պաշտոնյայի՝ Նայիմ բեյին կաշառելով՝ ձեռք է բերել Ցեղասպանությունից փրկված Արամ Անտոնյանը: Հեռագրերի մի մասն Անտոնյանն ինքն է հրապարակել: Բայց նրա գրքի լույս տեսնելուց անմիջապես հետո Թուրքիայում հասկացան, թե որքան վտանգավոր կարող են լինել այս հեռագրերը: Գործի դրեցին դիվանագիտական ու գիտական բոլոր լծակները՝ դրանց իսկությունը կասկածի տակ առնելու համար և հաջողության հասան: Թալեաթի հեռագրերը հայտնվեցին գիտական դեբատների լուսանցքում:
Գրքի խմբագիրն անկեղծացավ, երբ կարդում էր գիրքը խմբագրելու համար, իրեն «բռնացրել է», որ դարձել է ընթերցող. «Այս գիրքն ապացուցում է, որ սպանության հրամանները տրվել են գաղափարի հետ միասին և ժխտող փաստաթղթերն էլ սկսվել են դասավորվել, դարակներում շարվել են մի քանի օրինակով հենց սպանության հետ միասին: Սա յուրահատուկ գիրք է, որ կարողանում է բացել այս ճշմարտությունը: Այս գիրքը ցեղասպանագիտության մեջ լուրջ աշխատություն է»:
ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանն ասաց, որ ծանոթ է Թաների Աքչամին և նրա նախկին գրքերին, որոնք մեծ ավանդ են բերել ցեղասպանության ճանաչման գործում և Թուրքիայի իրական դեմքը բացահայտելու գործի մեջ: Դառնալով այս գրքին՝ ասաց. «Արդեն վերնագրից դատելով և բովանդակությանը թռուցիկ կերպով ծանոթանալով՝ հասկանում եմ, որ գիրքն իսկապես դառնալու է ցեղասպանության կանխարգելման, ճանաչման հարցով զբաղվող մասնագետների համար սեղանի գիրք»:
Թարգմանիչ Անդրանիկ Իսրայելյանը նկատեց՝ գրքի թարգմանության հարցում տեխնիկականից առավել դժվար էմոցիոնալ կողմն էր. «Երբ թարգմանում ես մարդկանց, երեխաների տառապանքները, բավականին բարդ է: Ամեն էջ թարգմանելիս ստիպված էի լինում գիրքը փակել, հետո նորից վերադառնալ, քանի որ մի քանի էջ միանգամից թարգմանելը մեծ էմոցիոնալ ծանրաբեռնվածություն է»:
Թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը պատմեց, թե ինչպես անցյալ տարի, երբ հունիսի 13-21-ը Թաներ Աքչամը Հայաստանում էր, Արտակ Ալեքսանյանն առաջարկեց «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» գիրքը թարգմանել հայերեն. «Մեր կամքից անկախ ամեն ինչ ընթացավ այնպես, ինչպես կցանկանայինք: Այս գիրքը լավ ընդունելություն կարժանանա ՀՀ-ում, քանի որ անգլերենի նկատմամբ մեծ հետաքրքրություն կար»:
Նշենք, որ Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» գիրքը հայերեն թարգմանությամբ վաճառքում կհայտնվի ապրիլի 22-ից՝ բոլոր գրախանութներում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է