Ազնավուրն ուրախանում էր, երբ իր գրքերը թարգմանվում էին մայրենի լեզվով
Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան առթիվ այսօր Փարիզի Օդեոն խաչմերուկում Փարիզի քաղաքապետարանի ու «Ազնավուր» հիմնադրամի նախաձեռնեւթյամբ պաշտոնապես բացվել է մեծն վարպետի արձանը։ Երեւանում օրն այլ կերպ է նշանավորվել․ ներկայացվել է Ազնավուրի «Հայրս
Սև կոստյումով փոքրամարմին արտիստը ոտքի էր հանում բոլորին՝ ստիպելով իր հետ երգել, պարել, ծափահարել, հուզվելու արտասվել: Շատերը նրա ձայնը սիրո ձայն էին անվանում։ Սակայն Շառլը կարող էր նաև լավ գրող դառնալ կամ հրաշալի լուսանկարիչ։ Գրականագետ Հենրիկ Էդոյանը մի առիթով ասել է․«Այն, ինչին կպնում էր Շառլը, ոսկի էր դառնում»։
Մեծն շանսոնյեի ծննդյան օրվան ընդառաջ հրատարակվել է նրա «Հայրս՝այդ հսկան» նովելների ժողովածուի հայերեն տարբերակը։ 16 նովել՝ նուրբ հումորով, վառ երևակայությամբ ու երջանիկ լինելու խոհափիլիսոփայությամբ։ Նովելները հայերեն են թարգմանվել առաջին անգամ: Թարգմանել է ՍամվելԳասպարյանը. «Սա լուրջ հայտ է, եթե ինքը երգիչ չդառնար , դառնար գրող, ես վստահ եմ Մոպասանից ավելի լավ նովելիստ կլիներ»։
Ինչպես նկատեց «Newmag» հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը, Սամվել Գասպարյանն այնքան է թարգմանել ու ապրելԱզնավուրով, որ նմանվել է նրան։ Գասպարյանն էլ լրացրեց՝ մի գրքույկ էլ ինքն է պատրաստվում հրատարակել՝ «Ազնավուրի դասերը» վերնագրով
«Ո՞նց պիտի ապրել, ի՞նչ պիտի անել, ո՞նց պիտի անել, որ ուղեղդ անընդհատ աշխատի , եթե դու ծեր ես։ Բայց ամենամեծ գաղտնիքն իր մարդկային արժանիքների մեջ է»։
Երգահան ու գրող Ազնավուրն այս պատմվածքները գրել է տարբեր տարիներին, և միայն 2007-ին է այն հրատարակել մեծ գրքով: Նույնիսկ ամենատխուր պատմվածքն ունի լավատեսական երանգ, ինչպես նրա երգերը, որոնք ունկնդրելուց հետո հոգիդ հանդարտվում է։ Նովելները գրված են առաջին դեմքով, բայց ինքնակենսագրական չեն:
Հայերեն թարգմանության խմբագիր Համլետ Գասպարյան. «Այս նովելների ժողովածուն, կարող ենք ասել մեծ, վարպետի մուտքն էր դեպի գեղարվեստական գրականություն։ Նա խոսքի ու տեքստի վարպետ էր։ Ամեն օր պետք է գրեր, գրամոլ էր։ Եվ միայն այս անգամ մտավ գեղարվեստական գրականության ժանր»։
«Հայրս՝ այդ հսկան» նովելների ժողովածուում տեղ են գտել Ազնավուրի «Պապ լինելու արվեստը», «Հայրս՝ այդ հսկան», «Լուսանկարների ալբոմը», «Ամանորի արտասովոր ընթրիք», «Մեկ տեղ դրախտում» գործերը: Շանսոնյեի 1300 –ից ավելի երգերից շատ քչերն են թարգմանվել հայերեն։ Շնորհանդեսին «Reste»՝ «Մնա» երգը նոր գործիքավորմամբ ու նոր տեսահոլովակով ներկայացվեց հանդիսատեսին։ Կատարումը վստահվել էր երգիչ Էրիկ Կարապետյանին: Երգիչը Ազնավուրին առաջին անգամ հանդիպել էր 7 տարեկանում՝ Թիֆլիսում։
«Սայաթ–Նովայի վարդատոնն էր, ու այդ օրը պետք է նրա աստղի բացումը տեղի ունենար։ Հենց այդ պահից նա դարձավ հայի այն տեսակը, որին ես ուզում եմ նմանվել: Լինելով հայ` անգամ չապրելով Հայաստանում, նա այնքան բան է արել իր հայրենիքի համար, այնքան շատ է սիրել մեր երկիրը, ու ես կարծում եմ` յուրաքանչյուր հայ, եթե մի փոքր Շառլ Ազնավուր լինի, մենք, իսկապես, կապրենք խաղաղ երկրում, կլինենք երջանիկ ու շատ ուժեղ: Նա մինչ օրս ապրում է ու դեռ շատ երիտասարդների է մոտիվացնելու, նաեւ որպես երաժիշտ: Ինչ վերաբերում է այս երգին, այն շատ պարտավորեցնող է, որովհետեւ Ազնավուր երգելը հեշտ չէ, երկրորդ Շառլ Ազնավուր չես կարող լինել, բայց ես փորձել եմ այս երգը մաքսիմալ յուրովի զգալ ու երգել այնպես, ինչպես կցանկանար լսել հենց ինքը` Շառլ Ազնավուրը»։
Ազնավուրի երգերի հայերեն թարգմանությունը շարունակական կլինի՝ խոստացավ Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսյանյանը։
«Ազնավուրը բազմիցս ասել է՝ սիրում է, երբ իր երգերը կատարում են, բայց չի սիրում, երբ կապկում են։ Փիլիսոփայությունը նոր գործիքավորման հետևյալն էր՝ ներշնչվել Ազնավուրով, փոխանցել ոգին, բայց չկապկել»։
Իսկ Փարիզի Օվերտոն անկյունում այսօր տեղադրվել է Շառլ Ազնավուրի կիսանդրին, որը պատրաստվել էր Հայաստանում 1964 –ին, երբ շանսոնյեն առաջին անգամ այցելել էր հայրենիք։