Բացահայտելով մեզ անծանոթ նոր Ֆրանսիան
«Հեղափոխություն» գրքում Ֆրանսիայի պատմության ամենաերիտասարդ նախագահ Էմանուել Մակրոնը պատմում է իր կյանքի պատմությունը եւ այն մասին, թե ինչն է իրեն ոգեշնչում՝ ներկայացնելով փոփոխվող աշխարհում Ֆրանսիայի ապագայի վերաբերյալ իր պատկերացումները։ 2016 թվականի նոյեմբերին հրատարակված գիրքը նույն տարում Ֆրանսիայում դարձավ բեսթսելլեր՝ վաճառվելով ավելի քան 2 մլն օրինակով։ «Հեղափոխություն» գիրքը թարգմանվել է եվրոպական գրեթե բոլոր լեզուներով։
Ֆրանկոֆոնիայի 17—րդ միջազգային գագաթնաժողովի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան առաջին այցի առիթով գիրքը թարգմանվել է հայերեն։ Երեկ ՀՀ—ում Ֆրանսիայի դեսպանությունում տեղի ունեցավ «Հեղափոխություն» գրքի շնորհանդեսը, որը ներկայացնում է նախագահ Մակրոնի ընտրարշավը։
ՀՀ—ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի խոսքով, շատ խորհրդանշական է, որ գիրքը հայերեն է հրատարակվում մի ժամանակ, երբ Հայաստանում նույնպես տեղի են ունենում հեղափոխական գործընթացներ։ Առհասարակ Ֆրանսիայում ընդունված է, որ ընտրություններին լուրջ հայտ ներկայացրած քաղաքական գործիչը պետք է հեղինակած գիրք ունենա։ Որպես կանոն՝ նման աշխատությունները ներքին լսարանի օգտագործման համար են, սակայն այդ գրքի հայերեն հրատարակումը շատ բան է ասում երկու երկրների միջեւ եղած հարաբերությունների մասին։ «Սա գիրք է Ֆրանսիայի մասին, որը լավագույնս ներկայացնում է այն բոլոր իրողություններն ու անցուդարձերը, որոնք այսօր տեղի են ունենում Ֆրանսիայում, այսինքն՝ այն, որ Ֆրանսիան նույնպես առնչվել է հեղափոխությանը։ Սա մեր երկու երկրների միջեւ եւս մեկ ընդհանուր կետ է այն տարբերությամբ, որ Ֆրանսիայում հեղափոխությունը սկսվեց ընտրություններով։ Պետք է նշեմ, որ իրական հեղափոխությունը Ֆրանսիայում տեղի ունեցավ 2017 թվականին, երբ Ֆրանսիան ընտրեց 39 տարեկան նախագահի, որ մինչ այդ պահը օժտված չի եղել որեւէ լիազորությամբ, մի նախագահ, ով մեկնարկեց իր ընտրարշավը առանց քաղաքական կուսակցության, թեկնածու, որն ընտրել էր հրաշալի «Առաջ» կարգախոսը, եւ դարձավ քաղաքական դաշտում աննախադեպ փոփոխությունների սկզբնաղբյուր՝ փոխվեց պատգամավորների 85 տոկոսը, երիտասարդացավ քաղաքական խավը, ավելի մեծ թվով կանայք ներգրավվեցին քաղաքական գործընթացներում»,–ասաց Ժ. Լաքոտը։
Գիրքը նաեւ ներկայացնում է ժամանակակից Ֆրանսիան, որը, դեսպանի ձեւակերպմամբ, ցանկանում է գործուն մասնակիցը լինել միջազգային քաղաքական թատերաբեմում եւ դառնալ եվրոպական շինարարության շարժիչ ուժը, Ֆրանսիա, որը ցանկանում է վերափոխվել, որպեսզի կարողանա հարմարվել գլոբալիզացվող աշխարհին։ Գրքում Մակրոնն անդրադառնում է ֆրանսիական կյանքի բոլոր ոլորտներին՝ ազգային անվտանգությունից մինչեւ ներգաղթյալներ, կրթության որակից մինչեւ ներքաղաքական պայքար։ Խոսելով այդ ոլորտների մասին, Մակրոնն առաջարկում է հեղափոխության՝ արմատական փոփոխությունների իր բանաձեւը։
Գրքի հայերեն հրատարակությունն իրականացրել է «Newmag» ընկերությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ եւ «Ագբա կրեդիտ ագրիկոլ» բանկի ֆինանսավորմամբ։ «Newmag»—ի ղեկավար Արտակ Ալեքսանյանը նշեց, որ գրքի հայերեն թարգմանությունը եւ հրատարակումը կազմակերպվել են անհավատալի սեղմ ժամկետներում։ Գիրքն այսուհետ հասանելի է բոլոր գրախանութներում։ Նրա խոսքով, երբ նախագահ Մակրոնը որոշի շրջել Երեւանի փողոցներում, հրաշալի հնարավորություն կլինի ոչ միայն սելֆի անել նրա հետ, այլեւ խնդրել, որ մակագրի գիրքը։
Գիրքը հայերեն է թարգմանել հեռուստալրագրող, հեռուստամեկնաբան Արտակ Հերիքյանը։ Նախքան բուն գրքին անդրադառնալը, նա դիմեց ներկաներին մեկ րոպե լռությամբ հարգելու Շառլ Ազնավուրի հիշատակը։ Ա. Հերիքյանը խոստովանեց, որ իր մեծ ցանկությունն է եղել իր մակագրությամբ գիրքը նվիրել շանսոնյեին՝ ի պատասխան բոլոր այն գրքերի եւ սկավառակների, որոնք ժամանակին ստացել է աշխարհահռչակ հայից։
«Ֆրանկոֆոնիայից առաջ այս գրքի լույս տեսնելը շատ կարեւոր նախաձեռնություն էր։ Թեեւ մեզ համարում ենք ֆրանկոֆոն աշխարհի մի մասնիկը, բայց կարծում եմ, որ չենք զգում այն իր ամբողջ խորությամբ։ Այս գիրքը նախեւառաջ օգնում է ավելի լավ հասկանալ ֆրանկոֆոն աշխարհի, մասնավորապես Ֆրանսիայի ձգտումները, նպատակները, խնդիրները։ Սա գիրք չէ հրապարակում արվող հեղափոխության մասին, ուղեցույց չէ, որքան էլ որ համընկնում է մեր հեղափոխական օրերին։ Սա գիրք է պետական ապարատը, քաղաքական համակարգը ներսից փոխելու, կարծրատիպերը կոտրելու մասին»,–շեշտեց գրքի թարգմանիչը։
Ա. Հերիքյանն իր շնորհակալությունը հայտնեց Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի ֆրանսերենի մասնագետներ, պրոֆեսորներ Ժակլին Մինասյանին եւ Հասմիկ Գրիգորյանին աջակցության համար, քանի որ առանց նրանց աջակցության անհնարին կլիներ երեք շաբաթվա ընթացքում իրականացնել գրքի թարգմանությունը։
Գրքի խմբագիր Գնել Նալբանդյանի դիտարկմամբ, Մակրոնն իր տեքստը կազմելիս նկատի է ունեցել ոչ թե իշխանության պալատական միջանցքներում շրջող պաշտոնյաներին, այլ հասարակ մարդկանց՝ ֆրանսիացիներին։ Ընդ որում, Մակրոնն ասելիքը շարադրել է պարզ եւ հասարակ լեզվով, ինչը թույլ կտա յուրաքանչյուր ընթերցողի հասկանալ ամենաբարդ քաղաքական, տնտեսական, սոցիալական երեւույթները։ Հայերեն թարգմանության ժամանակ նույնպես որդեգրել են բնագրի մոտեցումը, որպեսզի ասելիքը լինի նույնքան պարզ եւ մատչելի։ «Այս գիրքը պետք է կարդան եւ Հայաստանի իշխանությունները, եւ առավել եւս նրանք, ովքեր ընտրում են իշխանությանը։ Ֆրանսիական քաղաքագիտական, մշակութաբանական, քաղաքական միտքն այսուհետեւ պետք է ավելի հաճախ թարգմանաբար ներկայացվի հայ հասարակությանը»,–ցանկություն հայտնեց գրքի խմբագիրը: