Բաքվի վայրագությունները՝ փախստական աղջնակի աչքերով. հրատարակվել է Աննա Աստվածատուրյան Թերքոթի «Արտաքսում. դեպի անհայտություն» գիրքը
Բաքվի վայրագությունները՝ փախստական աղջնակի աչքերով. հրատարակվել է Աննա Աստվածատուրյան Թերքոթի «Արտաքսում. դեպի անհայտություն» գիրքը
Ամերիկահայ գրող և իրավաբան Աննա Աստվածատուրյան Թերքոթը հրատարակել է Բաքվի ջարդերի, բնաջնջման և ազգային բռնության մասին «Արտաքսում. դեպի անհայտություն» հայերեն թարգմանությամբ գիրքը, որն արտացոլում է ադրբեջանական վայրագությունները՝ փախստական աղջնակի աչքերով: Այն ընթերցողներին կներկայացվի հոկտեմբերի 1-ին:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Աննա Աստվածատուրյան Թերքոթն ընդգծեց, որ գրքում ներկայացնում է իր սեփական ապրումները, թե ինչպես 8 տարեկան աղջնակը դարձավ վայրագության ամենադաժան դրսևորումների ականատեսը։
«1988-ին Բաքվում հայատյացության ահագնացող ալիքը սրբեց տարավ համակեցության և մարդկային կարեկցանքի մասին բոլոր միֆերը։ Խեղված ճակատագրերի, հայրենիքում օտար լինելու և օտարության մեջ տուն փնտրելու մասին պատմող այս գիրքը տարիներ առաջ դեռահասի օրագիր էր։ Ես այն գրել եմ, երբ դեռ մոտավոր 14 տարեկան էի: Այն նախ գրվեց ընտանիքում եղած լուռ ցավը հաղթահարելու համար, հետո՝ դարձավ գիրք, ադրբեջանական վայրագությունները ներկայացվեցին փախստական աղջնակի աչքերով: Ես շատ էի վախենում, որ իմ երեխաները, թոռները չեն իմանա, թե մենք որտեղից ենք եկել, և ես այս գիրքը գրել եմ, առաջին հերթին, իրենց համար: Բայց հետագայում ինձ առաջարկեցին այն հանրայնացնել»,- ասաց հեղինակը:
Նա նշեց, որ իր համար շատ կարևոր էր նաև այն հանգամանքը, որ գիրքը պետք է հրատարակվեր և՛ անգլերենով, և; ռուսերենով, որպեսզի շատերին հասանելի լիներ:
«Դա շատ կարևոր էր ինձ համար, հատկապես պատերազմից հետո, որովհետև Արցախում տեղի ունեցած պատերազմի հետևանքով այնտեղ ապրող երեխաները տառապում էին այնպես՝ ինչպես ես Բաքվում՝ տարիներ առաջ: Ի սկզբանե չէինք նախատեսում թարգմանել հայերեն, քանի որ կարծում էի՝ Հայաստանում բոլորը գիտեն մեր պատմությունը: Սակայն, պատերազմից հետո շատ երիտասարդների հետ շփվելու արդյունքում հասկացա, որ երիտասարդներից շատ քչերը գիտեն այդ դեպքերի մասին: Դա եղավ պատճառ և որոշվեց գիրքը թարգմանել նաև հայերեն»,- ասաց նա։
Գրքի թարգմանիչ Անուշ Մուրադյանն ասաց, որ գիրքը բավականին հեշտ է թարգմանվել, քանի որ այն գրված է սովորական առօրյա լեզվով՝ գրողի հիշողությունները, նրա օրագրից՝ մանրամասներ:
«Հետաքրքրությամբ թարգմանեցի: Տպավորիչ էին այն հատվածները, թե ինչպես է նկարագրում իրենց այգին, որտեղ սիրել է իր ժամանակն անցկացնել, նկարագրում է թթենու տակ ընկերներով իրենց հավաքների և իր մանկական առաջին սիրո մասին: Այս և էլի շատ հետաքրքիր դրվագներ է սպասվում ընթերցողներին»,- ասաց Անուշ Մուրադյանը:
Աննա Աստվածատուրյան-Թերքոթն այս գրքում Բաքվի հայերի ջարդերի, բնաջնջման և ազգային հողի վրա բռնության մասին պատմում է առաջին դեմքից։
Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի
Աննա Աստվածատուրյան Թերքոթը ամերիկահայ գրող է և իրավաբան։ Ծնվել է Բաքվում, 1990-ին Բաքվի ջարդերի ժամանակ տեղափոխվել է Հայաստան, ապա՝ ԱՄՆ։ 2021-ին դարձել է առաջին ներգաղթյալ կինը, որն ընտրվել է Ուեստբրուկի քաղաքային խորհրդի նախագահ։ Ադրբեջանական հայատյացության թեմաներով դասախոսել է ԱՄՆ տարբեր նահանգներում։ 2020-ին հիմնել է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամը և ընդլայնել բարեգործական գործունեությունը հետպատերազմյան Արցախում։
Ամերիկահայ գրող, դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու և բարերար Աննա Աստվածատուրյան Թերքոթն արմատներով սյունեցի է՝ Խնձորեսկ գյուղից։ Սովորել է Հյուսիսային Դակոտայի համալսարանում և ստացել որակավորում Անգլերեն և գրականություն, Փիլիսոփայություն և կրոն, Ռուսերեն և գրականություն բնագավառներում: Իրավագետի որակավորում ստացել է 2003 թվականին Մենի իրավաբանական դպրոցում։ Աննա Աստվածատուրյան֊-Թերքոթը դարձել է Հաագայի միջազգային քրեական դատարանում ամերիկյան առաջին քարտուղարներից մեկը։ Կարևոր դեր է խաղացել Մեն նահանգում 2013 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման գործում։ 2013 թվականին արժանացել է Մխիթար Գոշ մեդալի, Լեռնային Ղարաբաղի երախտագիտության մեդալի։ Աննա Աստվածատուրյան Թերքոթը միջազգային իրավունքի և ադրբեջանական հայատյացության թեմաներով դասախոսել է ԱՄՆ տարբեր նահանգներում, նաև Կապիտոլիումում։ 2020 թվականին հիմնել է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամը, որի շրջանակում ընդլայնել է բարեգործական գործունեությունը հետպատերազմյան Արցախում։ 2021 թվականին դարձել է առաջին կինը և առաջին փախստականը, որն ընտրվել է Ուեստբրուկի քաղաքային խորհրդի նախագահի պաշտոնում: Ամուսնացած է, ունի 2 երեխա։
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը