Գլխավոր Մեդիալուսաբանում

«Նայեք հայելուս մեջ ու տեսեք ձեզ». լույս է տեսել Ա

«Նայեք հայելուս մեջ ու տեսեք ձեզ». լույս է տեսել Ավետ Բարսեղյանի առաջին գիրքը

02/18/2025

newmag-y-n

Նրան շնորհավորելուց ասում էին՝ «Վերջապե՜ս, Ավետ»։ Խոսքը Բարսեղյանի առաջնեկի մասին է՝ գրքի տեսքով։ «Նյումեգ» հրատարակչությունը դեռ մեկ տարի առաջ հայտարարել էր, որ 2025-ին ընթերցողի սեղանին կհայտնվի Ավետ Բարսեղյանի բանաստեղծությունների ժողովածուն։

Ինչպես ասում են՝ ասաց եւ իր խոստումը կատարեց։ Բայց հեշտ գործ չէր տպագրել նրա գրվածքները. պետք էր ամեն ինչ ի մի բերել, հավաքել տարատեսակ թղթերից, երբեմն՝ անընթեռնելի ձեռագրերից։ Նուռն էլ իր յուրահատուկ ձեռագրով ձեւավորեց գրքի շապիկն այնպես, որ ամեն կողմից կարդացվում էր «ԱՎԵՏ»։

Պատմում է «Նյումեգ» հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը. «Երբ սկսեցինք աշխատել, առաջին պարզ հարցն առաջացավ՝ ինչի՞ց սկսել։ Ու պարզվեց՝ պետք է սկսել ձեռագրերից, քանի որ Ավետը գրում է թղթերի վրա։ Ձմեռային մի օր եկավ Ավետի պատվիրակությունը։ Սկզբից ճամպրուկով մտավ երիտասարդ գրող Արամ Ավետիսը, հետո եկավ Սամվել Մելոյանը՝ տրցակներով, հետո եկավ Լիլիթ Գրիգորյանը՝ մեկ պայուսակով, հետո եկավ Ավետն ու ասաց՝ «Էս ա»»։

Ժողովածուն կազմելու գործը ստանձնեց Արամ Ավետիսը. «Գիրքը որոշեցի բաժանել 3 մասի։ Առաջին գլուխը կոչեցի «Անհանգիստը». իմ շրջապատում ես չեմ տեսել հանճարեղ, ֆանտաստիկ անհանգիստ մարդ: Գրականագետներից մեկը մի անգամ ասել է, որ գրողը պետք է միշտ անհասանելի լինի։ Ու այստեղ առաջ է գալիս Ավետի ֆենոմենը՝ ձեզ թվում է, թե Ավետը միշտ հասանելի է ու ամեն կողմից երեւում է, բայց իրականում նա միշտ անհասանելի է»: Արամ Ավետիսը ընթերցում է նաեւ «Փախուստ» բանաստեղծությունը։

Գրողի հետ հանդիպումն անցնում էր հարց ու պատասխանի ձեւաչափով։ Նրա ստեղծագործություններն ուսումնասիրողի ու վերլուծողի դերը ստանձնել էր Արտակ Ալեքսանյանը։ Հաճախ է Ավետը թիրախավորվում, բայց երբեք չի տրվում հանրային կարծիքին, փոխարենը պատասխանում է գրչով. «Ինձ անիծեք, որ օրհնելով հասնեմ ավելի վեր, ատեք ուժգին, որ ես դառնամ ավելի սեր։ Ես հակառակն եմ լինելու հոսանք կյանքին»։ Մեկ այլ ստեղծագործությունում էլ այսպիսի տողեր են. «Պարտվել դեռ չի նշանակում հաղթանակին ասել հաջող: Կա մարդ, որի ստեղծողը Տեր Աստված չէ, ամեն ստորագրություն էլ դեռ ինքնագիր չէ»։

Ի վերջո, զրուցավարը հարց է տալիս․ «Ավետ, այնտեղ, որտեղ հիմա ենք, ու որտեղ մեր երկիրն է, դրանից ե՞լք կա, լո՞ւյս կա»։«Ես երկար ժամանակ չեմ տեսել այդ լույսը: Երկար ժամանակ ապրել եմ առանց այդ լույսի զգացողության: Որ մենք հասել ենք հատակին, որ որեւէ երեւույթ, որեւէ ուժ էլ չի կարող մեզ ոտքի կանգնացնել։ Բայց այսօր դահլիճում տեսնում եմ 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի, Շանթ Նավոյանի ծնողներին։ Երբ նայում եմ այս մարդկանց, եթե իրենք քայլում են՝ իրենց լույսին հանձնած հողին, այն մարդիկ՝ որպես հայ որ մեռել են, բայց անձնական չունեն տված հողին, ապա ամոթ է չապրելն ու լույսը չտեսնելը։ Ես լույս տեսնում եմ որդեկորույս մարդկանց աչքերում: Ինչպես Նժդեհն էր ասում. «Ազգերի ճակատագիրը պետք է տեսնել ափերի մեջ, ու հիմա հասել է պահը, որ հայոց լույսն ու ճակատագիրը տեսնենք որդեկորույս ծնողների աչքերում»,- ասաց Բարսեղյանը:

Հանդիսատեսն Ավետի ստեղծագործություններն ունկնդրեց Նազենի Հովհաննիսյանի, Վարշամ Գեւորգյանի եւ Հրաչուհի Ութմազյանի կատարմամբ:

BRAVO.am-ի հետ զրույցում Ավետ Բարսեղյանը պատմեց՝ բոլոր ընկերների ներդրման շնորհիվ է ստեղծվել «Հայելիս» գիրքը. «Վերնագիրը միասին ենք որոշել։ Ու այն տպագրվեց իրենց ճնշման ներքո: Գիտե՞ք՝ ես չեմ սիրում տպված գիրք. ինձ համար ձեռագիրն ավելի կարեւոր է։ Իսկ այս ծնունդն իսկապես շատ կարեւոր էր, հավատս մինչ օրս չի գալիս, որ տպված վիճակում կա: Նայեք հայելուս մեջ ու տեսք ձեզ։ Այս գրքում կան մարդկային բոլոր հույզերը՝ վախից ատելություն, ատելությունից սեր։ Ու մարդիկ իրենց համար հաստատ մի բան կգտնեն»։

Արդեն ուշ երեկոյան ինստագրամյան իր էջում գրեց․««Հայելիս», իմ սեղանի քաոսում վերջապես ծնվեցիր՝ համակարգված ու հավաքված... Շնորհակալ եմ...»: Տեքստը՝ Արմինե ԳեւորգյանիԼուսանկարները՝ Ագապե ԳրիգորյանիBRAVO.am

Տարածել

Հայելիս
Հայելիս

Ավետ Բարսեղյան

8800 ֏

Նկարագրություն

«Հայելիս» բանաստեղծությունների ժողովածուն Ավետ Բարսեղյանի անդրանիկ գիրքն է: Գրքում յուրաքանչյուր տող ինքնաբացահայտման փորձ է, որը ընթերցողին հնարավորություն է տալիս նայել մարդուն, կյանքին և սիրուն Ավետի հայացքով։ Գիրքը բացահայտում է հեղինակի հոգու ամենանուրբ անկյունները՝ անկեղծությամբ և առանց զարդարանքի։ «Ազնիվ»` այդպես է բնորոշում Ավետի պոեզիան Ընթերցողը։