«Երևանյան բեսթսելեր». Աբգարյանի երեք գրքերը՝ առաջատարների թվում. թարգմանական. նոյեմբեր, 2021
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է նոյեմբերի վաճառքների հիմա
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է նոյեմբերի վաճառքների հիման վրա:
Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գիրքն առաջին տեղում է։ Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական Ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս ներաշխարհային ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունը էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ քանիցս մտորելու անհրաժեշտություն կա, ու առաջարկում դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։ Թարգմանիչ՝ Լիլիթ Հայրապետյան։
Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» երկրորդ տեղում է։ Վեպի գործողությունները տեղի են ունենում Ջորջիա նահանգի Քլեյթոն շրջանում և Ատլանտա քաղաքում։ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի եւ վերակառուցման դարաշրջանն է: Պլանտացիաների հարուստ սեփականատիրոջ երես առած դուստրը՝ Սքարլեթ Օ’Հարան, պատերազմի ժամանակ եւ դրանից հետո պետք է պայքարի սովի, աղքատության դեմ, պահպանի հորից ժառանգություն ստացած հողակտորը եւ փորձի գտնել իր երջանկությունը։ Սա Մոխրոտիկի պատմությունն է՝ հակառակ շարադրանքով. հարուստ և անհոգ գեղեցկուհին աղքատության ու սովի է մատնվում։ Վեպն անհոգ աղջկա դժվարին հասունացման մասին է։ Թարգմանիչ՝ Անուշ Սեդրակյան։
Երրորդ տեղում է Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը»: Ալիսիա Բերենսոնի կյանքը, թվում է, կատարյալ է: Հայտնի նկարչուհին ամուսնացած է նորաձևության ոլորտում հանրահայտ լուսանկարչի հետ, ապրում է Լոնդոնի հեղինակավոր թաղամասում: Մի օր, ուշ երեկոյան, ամուսինը՝ Գաբրիելը, վերադառնում է նկարահանումից, և Ալիսիան 5 անգամ կրակում է նրա դեմքին, ինչից հետո այլևս ոչ մի բառ չի արտասանում: Ալիսիան հրաժարվում է խոսել կամ որևէ կերպ բացատրել եղելությունը, ինչի պատճառով ընտանեկան ողբերգությունը վերածվում է մեծ առեղծվածի, որը բորբոքում է հանրության երևակայությունը։ Ալիսիան անմիջապես հայտնի է դառնում, իսկ նա՝ լռակյաց հիվանդը, գովազդային վահանակներից ու հանրության ուշադրությունից թաքնվում է հոգեբուժարանում: Թեո Ֆաբերը քրեական հոգեթերապևտ է. նա երկար է սպասել Ալիսիայի հետ աշխատելու հնարավորությանը: Որոշել է ստիպել, որ Ալիսիան խոսի և բացահայտի, թե ինչու է սպանել ամուսնուն: Թարգմանիչ` Աստղիկ Աթաբեկյան:
Չորրորդ հորիզոնականում է Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գիրքը, որի թարգմանությունն իրականացրել է Նարինե Գիժլարյանը: Այն լուսավոր, արևով ու հայկական բերքուբարիքի համուհոտով ներծծված արտասովոր պատմություն է մանկության, երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, ինչպես նաև շարունակ շիլաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Քնքուշ ու ծիծաղաշարժ դիպվածներով լի մանկություն, որ մարդուն երջանկացնում է ողջ կյանքում: Գիրքն արժանացել է Ռուսաստանի ազգային գրական՝ «Տարվա ձեռագիր» մրցանակին:
Հինգերորդը Նարինե Աբգարյանի «Զուլալի»-ն է: Այս գիրքը ժամանակի ընթացքը չնկատող, ճախրելուց չվախեցող և անգամ ողբերգականի մեջ զվարճալին գտնող մարդկանց դառն ու ուրախ աշխարհի մասին է: Տարեցների ու երեխաների, չափահասների ու հավատը կորցրած, բայց չհուսահատված մարդկանց աշխարհի՝ մեկընդմիշտ մխրճված այն չափման մեջ, որտեղ երազանքները երբևէ անպայման իրականություն են դառնում: Թարգմանիչ՝ Նարինե Գիժլարյան:
Վեցերորդ տեղում է Նարինե Աբգարյանի «Սիմոն»-ը։ Հայկական փոքրիկ գյուղաքաղաքում՝ Բերդում, մահանում է որմնադիր Սիմոնը: Նա երկար կյանք է ապրել, վայելել է շրջապատի հարգանքը և հայտնի եղել սիրային արկածներով: Սիմոնը շատ էր սիրում կանանց։ Յուրաքանչյուր նոր սիրավեպի տրվում էր անմնացորդ, հրապուրվում էր, աստվածացնում, խանդում, բայց կարողանում էր արժանապատվորեն հրաժեշտ տալ: Սա է պատճառը, որ թաղմանը հանդիպում են նրա սիրելի կանայք՝ պճնված Սև-Մուշեղանց Սոֆյան, Ամերիկայից որդիների ուղարկած հագուստով Թևոսանց Էլիզան, քիթը տնկած Բոչկանց Սուսաննան, դստերը Ռուսաստանում բարեհաջող ամուսնացրած Որբևայրի Սիլվան և, իհարկե, Սիմոնի օրինական կինը՝ Մելանյան, որը տարիներ շարունակ համբերատար դիմացել էր ամուսնու սիրառատ բնավորությանը: Թարգմանիչ՝ Նաիրա Խաչատրյան։
Յոթերորդ տեղում Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» վեպն է: Գլխավոր հերոսներն են տաքարյուն Լիլան և գրքի հեղինակ Էլենան։ Նրանք դառնում են կին, մայր, առաջնորդ և այդ ամբողջ ընթացքում պահպանում են իրենց բարդ, երբեմն նաև հակասական ընկերությունը: Վեպը հյուսում է Լիլայի և Էլենայի պատմությունը՝ սկսած 10 տարեկանում նրանց բախտորոշ հանդիպումից մինչև դպրոց և պատանեկություն: «Իմ հանճարեղ ընկերուհին» վեպն ընկերության էությունը քննող հուզիչ խորհրդածում է, նաև պատմություն մի ամբողջ ազգի մասին: Այս երկու կանանց կյանքի պատմության միջոցով Ֆերանտեն պատմում է թաղամասի, քաղաքի և երկրի մասին, որոնք, ժամանակի ընթացքում վերափոխվելով, փոխում են նաև երկու գլխավոր հերոսուհիների փոխհարաբերությունները: Թարգմանիչ` Ջեննի Ֆիլյան:
Ալեքս Մայքլիդիսի «Կույսերը» ութերորդ տեղում է։ Էդվարդ Ֆոսկան մարդասպան է. Մարիանան կասկած անգամ չունի: Բայց Ֆոսկան անհասանելի է, անշոշափելի: Քեմբրիջի համալսարանի հունական ողբերգության բարետես ու խարիզմատիկ պրոֆեսոր Ֆոսկային պաշտում են եւ՛ դասախոսները, եւ՛ ուսանողները, հատկապես «Կույսեր» գաղտնի խմբի անդամները: Մարիանա Անդրոսը փայլուն, բայց բարդ ու հակասական խմբային թերապեւտ է։ Նրա ուշադրությունը սեւեռվում է «Կույսերի» վրա, երբ Քեմբրիջում գտնում են նրանցից մեկի՝ Մարիանայի զարմուհի Զոուիի ընկերուհու մարմինը: Մի ժամանակ Մարիանան նույն համալսարանում էր սովորում։ Նա անմիջապես գլխի է ընկնում, որ սրածայր աշտարակների հովվերգական գեղեցկությունն ու հինավուրց ավանդույթները չարագուշակ մի բան են թաքցնում: Նա համոզված է, որ մարդասպանն Էդվարդ Ֆոսկան է, թեեւ վերջինս հիմնավոր ալիբի ունի։ Բայց պրոֆեսորն ինչո՞ւ պիտի թիրախավորեր ուսանողուհու: Թարգմանիչ՝ Աստղիկ Աթաբեկյան։
Իններորդ հորիզոնականում է թուրք ժամանակակից գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը»: «Ստամբուլի բիճը» վեպում հեղինակը վեր է հանում թուրք հասարակության բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց մեծ եղեռնը` որպես թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ: Ինչպես բնորոշ է Թուրքիային, գրքի հրապարակումից հետո երկրում դատավարություն է սկսվում հեղինակի դեմ` հայտնի 301 հոդվածի համաձայն` թրքությունը վիրավորելու համար: Ողջ դատավարության ընթացքում Թուրքիայում վեպն արգելված է եղել, իսկ երբ հեղինակը հաղթել է դատը, դրանից հետո միայն այն վաճառքի հնարավորություն է ստացել: Թարգմանիչ՝ Արփի Աթաբեկյան:
Տասներորդ տեղում է Ջոջո Մոյեսի «Ես մինչ քեզ» ստեղծագործությունը: Կյանքում լինում են շրջադարձային պահեր, վայրկյաններ, որոնք անկախ մեր կամքից փոխում են այն ամենը, ինչ հետո է լինելու, այն ամեն ինչը, որ մենք կզգանք ու կհասկանանք այդուհետ: Լուիզայի և Ուիլի հանդիպումը գուցե կենցաղային դիպված է, մեկի համար՝ ծանր ֆինանսական պայմաններից դուրս գալու հնարավորություն, մյուսի համար՝ պարտադրված կենսական անհրաժեշտություն, իսկ գուցե պատահականություններ չեն լինում. բոլոր պարագաներում նրանց հանդիպումը գլխիվայր է շրջում երկուսի կյանքն էլ, և ամենամթում երևում է ընտրության հնարավորություն՝ կողքինի կյանքը դարձնելու ավելին, քան նա կարող է պատկերացնել: Թարգմանությունը`Մերի Դալլաքյանի: