Ֆրանսիայի նախագահի Հայաստան գալուն ընդառաջ՝ լույս է տեսել նրա «Հեղափոխություն» գրքի հայերեն թարգմանությունը
Այսօր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայերեն թարգմանությամբ «Հեղափոխություն» գրքի շնորհանդեսը: Գրքի թարգմանությունը ֆրանսերենից կատարել է լրագրող Արտակ Հերիքյանը:
ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը նկատեց, որ շատ խորհրդանշական է, որ գիրքը հենց այս շաբաթ է հրատարակվել, քանի որ այն համընկնում է հոկտեմբերի 11-ին եւ 12-ին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան այցի հետ:
Ժոնաթան Լաքոտի բնորոշմամբ՝ Մակրոնի Հայաստան այցը կգա ապացուցելու երեք հիմանական թեզ, այն է՝ երկու երկրների միջեւ հիշողության ամուր կապի պահպանումը, հայ–ֆրանսիական հարաբերությունների առավել ընդգծված լինելն ու հեղափոխական գործընթացներում վերջինիս ուղեկցությունն՝ ի շահ Հայաստանի ու հայ ժողովրդի:
«Մակրոնի առաջին այցի շրջանակներում հրաշալի առիթ էր նրա գրքի թարգամանությունը: Սա գիրք է Ֆրանսիայի մասին, որը նախ եւ առաջ հնարավորություն կստեղծի ավելի լավ ծանոթանալու այն նախագահին, որը հաշված օրեր անց կլինի Հայաստանում: Նրա այցը ողողված կլինի երկկողմ հարաբերությունների տարաբնույթ ամրապնդմամբ»,- նկատեց արտակարգ եւ լիազոր դեսպանը:
Վերջինսի բնորոշմամբ՝ «Հեղափոխություն» գիրքը լավագույնս ներկայացնում է այն անցուդարձերը, որոնք տեղի են ունենում Ֆրանսիայում: «Այս գիրքը երկու երկրներին ընդհանրացնող մի միջոց է, միակ տարբերությամբ, որ Ֆրանսիայում հեղափոխությունը ընտրություններից հետո էր: Այնտեղ էլ ստացվեց այնպես, որ քաղաքական խավը երիտասարդացավ ավելի շատ կանայք ներգրավվեցին այնտեղ»,- ասաց Ժոնաթան Լաքոտը:
Նա նշեց, որ եկող շաբաթ ողջ աշխարհը կհանդիպի Երեւանի հետ, եւ որ սա, Հայաստանի համար պատմական իրադարձություն է, եզակի հնարավորություն՝ շփվելու եւ կապ հաստատելու՝ ֆրանկոֆոն մնացյալ աշխարհի հետ:
«Հեղափոխություն» գրքի թարգմանության հեղինակ Արտակ Հերիքյանը մեծ ափսոսանք հայտնեց ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան առիթով, ասաց, որ անհամբեր սպասում էր Ֆրանկոֆոնիայի շրջանակներում իրականացվող միջոցառմանը նրա հետ հանդիպմանն ու գրքի ընծայմանը:
«Սա գիրք չէ Հրապարակում արվող հեղափոխության մասին, ոչ էլ ուղեցույց է, որքան էլ որ այն համընկնում է մեր հեղափոխական օրերին. սա գիրք է՝ պետական ապարատը, քաղաքական համակարգը ներսից փոխելու եւ կարծրատիպերը ջարդելու մասին: Ես մեծ հաճույքով եմ կարդացել այս գիրքը, թեեւ խոստովանեմ, որ երբեմն դժվար էր հասկանալ, թե նախագահ Մակրոնը ինչ նկատի ունի, որովհետեւ հաշվի առնենք, որ սա գիրք է, նախ եւ առաջ ֆրանսիական լսարանի համար»,- ասաց Արտակ Հերիքյանը:
Նա եւս փաստեց, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովից առաջ այս գրքի ձեռքբերումը կարեւոր նախաձեռնություն է, որը մեզ թույլ կտա ավելի լավ ճանաչել Ֆրանսիան. «Որքան էլ մենք Ֆրանսիան շատ ենք սիրում, միեւնույն է՝ այն լավ չենք ճանաչում»: Արտակ Հերիքյանը հայտնեց, որ մոտ 300 էջանոց գրքի թարգմանությունը իրականացրել է գրեթե երեք շաբաթում:
Գրքի հայերեն հրատարակությունն իրականացրել է Newmag ընկերությունը՝ ՀՀ կառավարության աջակցությամբ։ Newmag-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը խորհուրդ տվեց գիրքը կարդալ հատկապես ՀՀ քաղաքական գործիչներին:
«Գրքի հեղինակ Մակրոնն իր տեքստը կազմել է ոչ միայն իշխանության պալատական միջանցքներում շրջող պաշտոնյաների, այլեւ հասարակ մարդկանց համար, լեզուն պարզ է, հասարակ: Բարդագույն քաղաքական, տնտեսական եւ սոցիալական հարցերը այստեղ ներկայացված են պարզագույն լեզվով, պարզ, բայց ոչ պարզունակ»,- ասաց Գնել Նալբանդյանը:
Վերջինիս խոսքով՝ ձգտել են, որ թարգմանությունն էլ համարժեք լինի: «Այս գիրքը պետք է կարդան եւ Հայաստանի իշխանավորները առավելեւս նրանք, ովքեր ընտրում են այդ իշխանավորներին»,- ասաց Գնել Նալբանդյանը: